Հայերեն   English   Русский  

​Անհրաժեշտությունից ծնված «բնատուր» հոբբի, որ հաջող բիզնես է դարձել


  
դիտումներ: 3368

Մաշկի խնամքի միջոցներ պատրաստող Արփինեն մաշկային խնդիր ուներ, ու դրա դեմ արդյունավետ միջոցը ոչ թե քիմիական, այլ բնական նյութերն էին: Սկզբում նա այդ թանկ պատրաստուկները գնում էր, հետո նրան խորհուրդ տվեցին ինքնուրույն պատրաստել օրգանիկ օճառներ ու մաշկի խնամքի միջոցներ: Հետո իր պատրաստած միջոցներից սկսեց տալ ընկերուհիներին, ծանոթ-բարեկամներին, և մաշկի խնամքի օրգանիկ միջոցներ պատրաստելը դարձավ նրա հոբբին: Հետո էլ, տարիների ընթացքում փորձ, նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելով՝ սկսեց ստեղծագործել ու ստեղծել սեփական բաղադրատոմսերը: Մի օր էլ որդու և ազգականուհու՝ Հռիփսիմե Բարսեղյանի մոտ առաջացավ Արփինեի այդ օգտակար ու հետաքրքիր հոբբին բիզնես դարձնելու միտքը: Այդպես էլ 2014 թ. ծնվեց «Բնատուր» մաշկի խնամքի միջոցներ արտադրող ընկերությունը՝ որպես ընտանեկան բիզնես:

«Երբ պարբերաբար տալիս էինք բարեկամներին, ծանոթներին ու տեսնում, թե ինչ արդյունքներ, ինչ արձագանքներ կան, ոգևորվում էինք ու մտածեցինք այդ հոբբին դնել կազմակերպված բիզնեսի ուղու վրա: Դրանից հետո հաճախեցի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած բիզնես դասընթացների, որտեղ ինձ մասնագիտական հմտություններ տվեցին, օգնեցին կազմել բիզնես-պլան. արդեն հստակ էր, թե ինչ պետք է անենք: 2015 թվականին մեզ փոքրիկ վարկ տվեցին՝ 1 միլիոն դրամ, ու մենք սկսեցինք մեր բիզնեսը,- «Անկախին» պատմեց «Բնատուրի» տնօրեն Հռիփսիմե Բարսեղյանը:- Սկզբում շատ զգույշ քայլերով էինք առաջ շարժվում ու փորձում էինք հասկանալ, թե ինչ կստացվի կամ կստացվի՞, արդյոք: Որովհետև մարդկանց մեջ այդ վախը կա, քեզ էլ են փորձում վախեցնել, թե հնարավոր չէ Հայաստանում բիզնես սկսել, այդ փորձը չունեք, կձախողվեք, մեծ ֆինանսական հնարավորություններ չունեք, խանութ չեք կարող բացել ու պահել և այլն: Բայց մենք ռիսկի դիմեցինք ու այս բիզնեսը քիչ-քիչ իր ճանապարհը գտավ: Հետաքրքիր է, որ ռիսկի դիմեցինք, խանութ բացեցինք, ու պարզվեց, որ ոչ միայն հնարավոր է այդ խանութը պահել, այլև հիմա պահանջվող ծավալներն ապահովելու խնդիր ունենք: Առաջին խանութից հետո հիմնեցինք նաև երկրորդ խանութը, բայց էլի չենք հասցնում: Ու հիմա մեր ամբողջ շահույթը, որ ստանում ենք՝ նորից ուղղվում է ներդրման»:

Ներկայումս ընտանեկան այս բիզնեսում աշխատում է ընտանիքի 5-6 անդամ:

Այդ բիզնեսը սկսվել է զրոյից, սկզբում մի քանի հատ սեփական կարիքների համար օճառներ պատրաստելուց ու շարունակվել՝ օճառների տեսակներ, խնամքի այլ միջոցներ ստեղծելով: «Բնատուրն» իր առաջին քայլերն էլ արել է բավականին համեստ մեկնարկով՝ ամսական 25-30 հազար դրամի վաճառքով, ընդամենը: Իսկ այսօր ծավալների առումով համեմատելու եզրեր անգամ չկան. բազմակի աճել են թե՛ վաճառքի ծավալները, թե՛ տեսականին: Եթե սկզբում «Բնատուրն» ուներ ընդամենը 4-5 տեսակ օճառ, ապա այժմ 14-15 տեսակ օճառ է արտադրվում, խնամքի միջոցների շարքը համալրվել է տարբեր տեսակի դիմակներով, քսուքներով, բալզամներով, լոսյոններով, և տեսականին անընդհատ մեծանում է:

բնատուր

«Հայաստանում բիզնես սկսել ու հաջողության հասնել հնարավոր է: Չպետք է վախենաս,այլ պետք է վստահ սկսես ու առաջ շարժվես: Քանի որ մենք սկզբնական շրջանում հիմնականում ցուցահանդես-վաճառքների միջոցով էինք մեր արտադրանքը վաճառում, իսկ այդ ցուցահանդեսները տարեկան 3-4 անգամ էին լինում, շատ քիչ էինք վաճառում: Հետո անցանք անվճար առաքումով վաճառելուն: Անգամ եղել են դեպքեր, երբ 500 դրամանոց ապրանք ենք առաքել, որի առաքման համար ծախսել ենք 1000 դրամ, բայց մենք ուզում էինք, որ մարդիկ ծանոթանան մեր արտադրանքին»,- պատմում է Հռիփսիմե Բարսեղյանը:

Որպես իրենց հաջողության գաղտնիք՝ Հռիփսիմեն նշում է երկու հանգամանք՝ համառությունն ու սեփական գործը չափազանց շատ սիրելը: Նրա խոսքով՝ իրենք այս բիզնես-նախաձեռնությանն առնչվող ցանկացած գործ մեծ սիրով ու նվիրումով են անում և վստահ են, որ այդ էներգիան փոխանցվում է, ու նախաձեռնությունը հաջողություններ է գրանցում: Յուրաքանչյուր դժվարություն կամ խոչընդոտ իրենք կարողանում են այդ սիրո և նվիրումի շնորհիվ հաղթահարել: Եվ շեշտում է, որ բիզնեսում մի շատ կարևոր նրբություն կա՝ միշտ պետք է ազնիվ լինել:

«Շատերը, երբ արդեն շահույթ են ունենում, այսպես ասած՝ համը բերաններն է ընկնում, հաճախ սկսում են իրենց արտադրանքի հումքի, որակի հաշվին խնայել, շահույթը դրա հաշվին մեծացնել: Մենք երբեք այդպես չենք անում: Ընդհակառակը՝ միշտ փնտրում ենք ավելի լավ հումք, ավելի լավ տուփեր, ավելի գեղեցիկ փաթեթավորում: Այսինքն՝ եթե ուրիշներն ասում են՝ թող շահույթս ավելանա, մենք ասում ենք՝ ավելի լավը դարձնենք մեր արտադրանքը, ավելի ընդլայնենք ծավալները ու չխաբենք մեր հաճախորդներին»,- ասում է Հռիփսիմե Բարսեղյանը:

Մի կարևոր սկզբունք էլ, որ «Բնատուրի» հաջողության գրավականներից է. այս ապրանքանիշի արտադրանքը, անկախ վաճառքի հարթակից, ամենուր նույն գինն ունի:

«Մենք, օրինակ, ինտերնետ հարթակների դեպքում, որտեղ որոշակի տոկոս պետք է վճարենք, գալիս ենք կոմպրոմիսի, հաճախ ինքներս ենք գնի մեջ տուժում, բայց գինը բոլոր տեղերում նույնն ենք պահում, որ հավելյալ ծախսերը հաճախորդը չհատուցի. գնային այս կայուն քաղաքականությունը կարևոր է բիզնեսի համար հաճախորդներին հարգելու, հետևաբար նաև նրա կողմից հարգվելու, նրա վստահությունը ստանալու տեսանկյունից»,- ասում է Հռիփսիմեն:

Բիզնեսում հաջողելու համար էլ, նշում են «Բնատուրը» ստեղծողները, պետք են նպատակասլացություն, դրված նպատակին հասնելու մեծ ցանկություն և ջանասիրություն: Բացի այդ, պետք է գնահատել հաճախորդին, նրա կարծիքը, խորհուրդներն ու առաջարկությունները միշտ հաշվի առնել: Շատ կարևոր է նաև պլանավորումը և դրանից հնարավորինս չշեղվելը: Հռիփսիմե Բարսեղյանը շեշտում է. «Ոտքը վերմակի չափով մեկնելու սկզբունքը բիզնեսմենը միշտ պետք է պահի, հակառակ պարագայում կարող ես հայտնվել այնպիսի վիճակում, որ ամենաբարի ցանկությունները, ազնվությունը, նպատակասլացությունն ու մյուս կարևոր արժանիքներն էլ չօգնեն»:

բնատուր

Երիտասարդ գործարարը հատկապես կարևորում է համառությունը և չհանձնվելը: Այս առումով պատմում է՝ հաճախ է պատահել, որ շատ բաներ չեն ստացվել այնպես, ինչպես ինչպես մտածել են, հաճախ դժվարություններ են առաջացել, բազմաթիվ խնդիրներ, ինչից և ոչ մի բիզնես զերծ չէ, բայց իրենք չեն նահանջել: Եղել են դեպքեր, երբ սխալներ էլ են արել, դրանցից խուսափել ևս հնարավոր չէ, բայց չեն վհատվել, այլ իրենց սխալներից դասեր առած՝ ավելի մտածված, ավելի ճիշտ որոշումներ են ընդունել:

«Բիզնեսմենը պետք է պատրաստ լինի նաև ռիսկի դիմել,- ասում է մեր զրուցակիցը:- Ռիսկի դիմելը բիզնեսմենի կարևորագույն հատկանիշներից մեկն է: Եթե ռիսկի չդիմեինք, մեր երկրորդ խանութը չէինք բացի: Ու հիմա, երբ արդեն բացել ու արդյունքները տեսել ենք, հասկացել ենք, որ իրոք արժեր ռիսկի դիմել: Այս նախաձեռնությունը սկսելիս բոլորն ասում էին՝ ռիսկի եք դիմում, բայց մենք առաջ ենք շարժվել՝ հաղթահարելով առաջին հերթին մեր ներքին վախերը»: «Բնատուրի» թիմի ևս մի մոտեցում. մտածել են՝ անեն, եթե չստացվի՝ կիմանան, որ գոնե փորձել են, իսկ եթե չփորձեն՝ երբեք չեն իմանա՝ կստացվի՞, թե՞ ոչ:

Եվ ահա «Բնատուրի» փորձը ցույց է տալիս, որ եթե ռիսկը հաշվարկված ու կշռադատված է, ամեն ինչ էլ ստացվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: