Հայերեն   English   Русский  

​Աբովյան 8. առանձնատուն, իսկ 130 տարի անց` գրատուն. Երևանի ամենաարժեքավոր պատմական շենքերից մեկը


  
դիտումներ: 5181

«Եղիազարյանի տան շինարարությունն առաջ է գնում. շուտով առաջին հարկը պատրաստ կլինի։ Հիանալի տուն է ստացվում»,- 1904 թ. իր նամակներից մեկում այս հոյակերտ առանձնատան կառուցման մասին գրել է դրա ճարտարապետ Վասիլի Միրզոյանը։

Բարսեղ Եղիազարյանի տուն

Ներկայիս Աբովյան 8 հասցեում գտնվող 130-ամյա պատմություն ունեցող այս շենքը մինչ օրս էլ կանգուն է ու հիացնում է իր գեղեցկությամբ: Շենքի կառուցման պաշտոնական տարեթիվ է նշվում 1884-ը, թեև պարզ է, որ այն ավարտին է հասել շատ ավելի ուշ: Շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում իբրև հանրապետական նշանակության հուշարձան:

Այստեղ վերջերս տեղավորվեց «Նոյյան տապան» հայտնի գրատունը:

Բայց մինչ այդ իրադարձությանն անդրադառնալը ներկայացնենք շենքի պատմությունը:

Ո՞վ է Բարսեղ Եղիազարյանը

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանը, որ ուսումնասիրել է XIX դարավերջին և XX դարասկզբին Երևանում կառուցված ճարտարապետական բոլոր հուշարձան շենքերը, այս շենքը համարում է մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու նրբաճաշակ կառույցներից մեկը: Տունը կառուցվել է հարուստ վաճառական Բարսեղ Եղիազարյանի համար։ Նա ոչ միայն վաճառական էր, այլև Քաղաքային դումայի պատգամավոր և հասարակական գործիչ: Մարիետա Գասպարյանի խոսքով` Բարսեղ Եղիազարյանի անունը կապված է քաղաքային բազմաթիվ միջոցառումների, այդ թվում` Երևանի ջրմուղի կառուցման և առհասարակ բարեգործական գործունեության հետ։ «Նրա ունեցվածքը կազմված էր գործվածքեղենի և բամբակի առևտրային ընկերությունից (հիմնված՝ 1876 թ.), երկու խանութներից` «Բ.Ե. Եղիազարյան և ընկ. առևտրային տուն», «Գ.Ս. Ամիրյանի և Բ.Ե. Եղիազարյանի ընկերության նորաձևության և գործվածքեղենի խանութ», բամբակա-մամլիչ գործարանից, Աստաֆյան փողոցում գտնվող երկու և Բերդի (Կրեպոստնայա) փողոցում գտնվող մեկ տներից։ Առևտրի տան շենքը գտնվում էր Առևտրական շարքի սկզբում։ Վերջինս Երևանի գլխավոր առևտրային հրապարակում՝ Քանթարում գտնվող խանութների համալիր էր, որը ձգվում էր Անգլիական այգու եզրով։ Խանութի անկյունային մասն ու ցուցանակը կարելի է տեսնել Բերդի փողոցի հին լուսանկարում. խանութի հետևում երևում է Անգլիական այգու շքամուտքը, իսկ կադրի միջին հատվածը զարդարում է Նիկոլայի տաճարը»:

Առանձնատան կողքին` Պուշկինի փողոցի անկյունում, կանգնած է սեփականատիրոջ եղբոր` Գրիգոր Եղիազարյանի տունը, որին կանդրադառնանք առանձին:

Կառույցի ճարտարապետական հմայքը

Մարիետա Գասպարյանն իր ուսումնասիրության մեջ գրում է. «Շենքից դեպի Աբովյանի փողոց նայող գլխավոր ճակատի մեկնությունը սիմետրիկ է: Չնայած հորինվածքային տարրերին՝ ելուստներ, խորշեր, կենտրոնական պատշգամբ, կանոնավոր տեղաբաշխումն անցնում է պորտալի կողային դիրքից։ Պատի արտահայտիչ պլաստիկան հարստացնում են զարդանախշային բազմապիսի մոտիվները՝ տիմպանների մեջ ներառված վարդակների և լուսամուտագոգերին խաչվող ճյուղերի տեսքով։ Չափազանց արտահայտիչ են պատի՝ ծոփորի (ֆրիզի) ոլորապտույտ նախշով զարդարված վերնամասը և բարդ բարեզարդ քիվը՝ մանր ատամիկներով, իոնիկներով, ուլունքներով և մոդուլյոններով։ Եվ վերջնականապես այդ ամենը լրացվում է եզրապատով՝ կարճասյուների միջև տեղավորված փոքրիկ եռակի կամարաշարքերով։ Հատակագծի ընդհանուր պատկերում օգտագործվել է ժամանակաշրջանի քաղաքային շենքերին հատուկ T-ձև կոնֆիգուրացիան։ Սենյակների հիմնական խումբը՝ սրահը, հյուրասենյակը, ճաշասենյակը, ննջարանները, կցակազմված է երկու շարքով գլխավոր մասնաշենքում և իր խորշերով կողմնորոշված երեք ուղղությամբ»:

Ի՞նչ նպատակի է ծառայել շենքը տարբեր ժամանակաշրջաններում

Բարսեղ Եղիազարյանի տուն

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանը կարծում է, որ առանձնատան տեղը, դիրքը և դրա գեղեցկությունն ու պատկառանքն են պատճառ դարձել, որ այն մի քանի անգամ հայտնվի ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար կարևոր պատմական իրադարձությունների առանցքում։

Հիվանդանոց առաջին աշխարհամարտի և Սարդարապատի ճակատամարտի վիրավորների համար

1914 թ. Բարսեղ Եղիազարյանի ժառանգները տան երկրորդ հարկը զիջել են բարեգործական ընկերության անվան տակ հիմնված Հայկական հիվանդանոցին (30 մահճակալ), որը նախատեսված էր վիրավոր զինվորների համար: Այն կառավարում էր հայազգի 20 տիկնանցից բաղկացած կոմիտեն: Հիվանդանոցի տնօրենն էր դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հիվանդանոցի մասին տեղեկություններ կան անգամ «Երևանյան հայտարարություններ» թերթում: «Պատերազմական բոլոր տարիներին հիվանդանոցը գործում էր, և հասարակության վերնախավի հայազգի կանայք շարունակում էին իրենց բարեգործական աշխատանքը։ Թերթերը նույնպես անուշադրության չէին մատնում այս հիվանդանոցը՝ դրա մասին բազմաթիվ տեղեկություններ հրապարակելով, այդ թվում նաև՝ բարեգործների ցուցակների հատուկ նշումով, թե ով ինչպիսի հանգանակություն է արել զինվորների համար և ինչ չափով։ Հիվանդանոցն աշխատել է 1918-1920 թթ.։ Հնաբնակների հավաստմամբ` 1918-ին հիվանդանոցն իր խնամքի տակ է առել նաև Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին»։

Բարսեղ Եղիազարյանի տունը` իբրև քաղաքական հանգրվան

Նոյան տապան

«Եթե շարժվելու լինենք տարեգրությանը համընթաց, ապա պետք է հիշենք հին բնակիչների պատմությունները 1918-1920 թթ. օրերից մի օր տեղի ունեցած զորահանդեսի մասին, որը, Եղիազարյանի տան պատշգամբում կանգնած, ընդունում էին Անտանտայի բարձրաստիճան հյուրերը: Ասում են, թե բանակի բազմաքանակությունը ցուցադրելու համար զորքերը պտույտ էին գործում և մի քանի անգամ անցնում տան առջևով։ Շատ շուտով այդ նույն պատշգամբը, այս անգամ արդեն՝ կարմիր դրոշներով զարդարված, բոլշևիկյան հռետորների ամբիոնը դարձավ, որտեղից Աստաֆյան փողոցում՝ առանձնատան դիմաց հավաքված երևանցիներին հայտնեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման լուրը: Այդ կադրերը մնացել են այն տարիների քրոնիկոններում, դրանք կարելի է տեսնել վավերագրական ֆիլմերում ու հին լուսանկարներում»,- ասում է Մարիետա Գասպարյանը։

1920-1937թթ. այստեղ է գտնվել Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն, և շենքի արժեքը կապված է նաև հայ պատմության այն ակնառու գործիչների հետ, որոնք աշխատել են այստեղ որպես Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարներ: Նրանցից ամենահայտնին 1930-1936 թթ. այդ պաշտոնը զբաղեցրած Աղասի Խանջյանն է, որի անվան հետ է շատ դեպքերում կապվում շենքի պատմությունը և սխալմամբ նշվում, թե սա եղել է Խանջյանի առանձնատունը: Սակայն շենքի հետ կապված պատմական այլ անուններ էլ կան` Գևորգ Ալիխանյան, Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան), Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Հովսեփյան, Հայկազ Կոստանյան։

Այս շենքում երկար ժամանակ տեղակայված է եղել նաև Ս. Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, իսկ 1981-ից սկսած՝ «Գիտություն» ընկերության վարչությունը։

Շենքն անկախությունից հետո

Աբովյան 8

Հայաստանի անկախացումից հետո, ինչպես երևանյան գրեթե բոլոր հուշարձան-շենքերը, այնպես էլ Բարսեղ Եղիազարյանի առանձնատունը սեփականաշնորհվեց: Թե ով էր առաջին գնորդը՝ հայտնի չէ: Ավելի ուշ այն վերավաճառվեց, և այժմ շենքը պատկանում է «Ֆոքսֆորդ» ընկերությանը: Իսկ թե ով է այս ընկերության սեփականատերը, ցավոք, պարզել չհաջողվեց:

Համենայն դեպս, ՀՀ մշակույթի նախարարությունը գոհ է սեփականատիրոջից, քանի որ նա կատարում է իր պարտավորությունները. շենքն այսօր բարվոք վիճակում է՝ ի տարբերություն շատ ու շատ այլ հուշարձան շենքերի:

ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն «Անկախին» հայտնեց, որ սեփականատերը 2015 թ. նախարարություն է ներկայացրել հուշարձան շենքի գլխավոր ճակատների վերականգնման և վերանորոգման նախագիծ, ինչը քննարկվել է, հաստատվել, և աշխատանքներն արդեն ավարտվել են: «Շենքը վատ վիճակում էր, խոնավություն կար, խարխլված էր, ջրամեկուսացրել են, ֆասադն ամբողջությամբ վերականգնել են: Ճիշտ է, նորոգումը դեռ լիարժեք չի, սակայն բավականին աշխատանք է տարվել: Բացի այդ, սեփականատերը խոստացել է երկրորդ փուլով վերևի հատվածները նույնպես վերանորոգել»,- ասում է Այվազյանը:

Ի դեպ, Կարո Այվազյանը նաև ասում է, որ մի քանի տարի առաջ սեփականատերը ներկայացրել է շենքը հյուրանոց դարձնելու նախագիծ, սակայն այդ հարցով աշխատանքային խորհրդակցության ժամանակ Այվազյանը դեմ է արտահայտվել նախագծին. «Դա մի հանգույց է, որտեղ հուշարձանները քիչ թե շատ պահպանված են, և ես կտրականապես դեմ եղա, որ հարկ ավելացվի, ու նախագիծը քննարկումից դուրս եկավ»:

Նոյան տապան

«Նոյյան տապան» հայտնի գրատունը` պատմական շենքում

Օրեր առաջ սոցիալական ցանցերում, իբրև բացառիկ լավ լուր, պտտվեց այն տեղեկությունը, որ «Նոյյան տապան» գրախանութը վերաբացվել է, այն էլ` Աբովյան 8 հասցեում գտնվող հուշարձան շենքում:

Գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանը «Անկախին» հայտնեց, որ տեղափոխման աշխատանքները սկսել են դեռևս 2016 թ. դեկտեմբերի սկզբից, իսկ այս տարվա հունվարի 23-ին արդեն գրատան գլխամասը վերաբացվել է Աբովյան 8 հասցեում: Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 19-ին:

Գրատունը վարձակալական հիմունքներով զբաղեցնում է հուշարձան շենքի մոտ 500 քմ տարածք: «Մենք որոշում ենք կայացրել ընտրել հենց այս տարածքը, քանի որ այն պատմամշակութային է, և այս պատերը, որոնք ունեն բազմամյա պատմություն, անսահման ոգևորություն և ուժ են ներշնչում մեզ` շարունակելու արդեն իսկ սկսած աշխատանքը և նվաճելու նորանոր բարձունքներ»,- ասում է Լուիզա Բերբերյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ շենքի ներքին կառուցվածքը, լուսավորությունը, չափսերը գնորդներին հնարավորություն կընձեռեն է՛լ ավելի հարմարավետ պայմաններում ուսումնասիրելու իրենց ողջ տեսականին:

Նոյան տապան

Գրատան տնօրենը նշում է, որ հաշվի առնելով շենքի հարուստ պատմությունը՝ իրենք հատուկ ուշադրություն են դարձրել շենքի պատմամշակութային նշանակության պահպանմանը: «Մեր իրականացրած միջոցառումների շնորհիվ շենքի արտաքին տեսքը բացարձակապես չի փոխվել, պարզապես վերանորոգվել, բարելավվել են ներքին սրահները,- ասում է նա:- Վերանորոգման աշխատանքների, կահույքի ընտրության, ներքին դիզայնի որոշման հարցերում նախապատվությունը տվել ենք դասականին, որպեսզի ոչնչով չխաթարվի շենքի ներդաշնակությունը: Մենք խորին հարգանք ենք տածում այս պատերի նկատմամբ և վստահ ենք, որ մեր ծրագրած նախագծերի իրականացումը համահունչ է լինելու այս պատմամշակութային տարածքի նշանակությանն ու պատմությանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: