Հայերեն   English   Русский  

​«Հաս ույուտի» հաջողության գլխավոր նախապայմանը մեկն է՝ հաճախորդը պետք է գոհ մնա


  
դիտումներ: 3587

16 տարի հեռախոսակայանում աշխատելուց հետո, 2006 թ., Մարգարիտա Միրիջանյանը թողնում է երկարամյա աշխատանքն ու որոշում սկսել սեփական գործը՝ սկզբում անկողնային սպիտակեղենի, հետագայում՝ վարագույրների, ծածկոցների ու սփռոցների արտադրություն: Եղբոր տրամադրած տարածքում, ունենալով ընդամենը 25 հակ կտոր, նա հիմնում է «Հաս ույուտ» ընկերությունը, որը գործում է մինչ օրս:

«Քանի որ ես ինքս սիրել եմ կարել-ձևել, կարող էի իմ գիտելիքներն ու փորձը ներդնել: Բացի այդ, սա ինձ համար սիրելի գործ էր, կարող էի հաճույքով անել, ուստի որոշեցի հիմնել հենց այս` անկողնային սպիտակեղենի, վարագույրների, սփռոցների և նման այլ արտադրանքի փոքրիկ արտադրամաս»,- «Անկախին» պատմեց Մարգարիտա Միրիջանյանը:

11 տարի առաջ ընկերությունն ու արտադրամասը հիմնելիս, բացի Մարգարիտայից, «Հաս ույուտում» աշխատում էին ևս 3 հոգի` մեկ ձևող, մեկ արդուկող և մեկ կարող: Ներկայումս «Հաս ույուտում» հիմնական աշխատողների թիվը հասել է 10-ի, բայց կարող է մինչև 20-ի էլ հասնել, եթե պատվեր լինի. անհրաժեշտ ուժեր ու կարողություններ կան մեծ պատվերների դեպքում պատվիրատուին չմերժելու համար:

Այս ընկերության արտադրանքը սկզբում վաճառվում էր անհատների միջոցով, իսկ հիմա աշխատում են մոտավորապես 20 ցանցային խանութների հետ, ունեն սեփական խանութը, նաև շարունակում են անհատ-վաճառողների հետ համագործակցությունը:

Սկզբում արտադրել են միայն անկողնու սպիտակեղեն, իսկ հիմա` անկողնային բոլոր պարագաները` սկսած նորածինների համար նախատեսվածից, հարսանեկան, հյուրանոցների համար նախատեսված պարագաներից և վերջացրած հանդիսությունների սրահների պարագաները` սփռոցներ, աթոռների ծածկոցներ, վարագույրներ և այլն:

«Հիմա մոդելները շատ-շատ են ի տարբերություն սկզբնական 5 տեսակ արտադրանքի: Ներկայումս նաև կտորների տեսակներն են ավելացել, ձևերն են ավելացել, բացի այդ, ըստ պատվիրատուի ցանկության, ամեն տեսակի պարագաներ կարող ենք արտադրել: Մեր աշխատանքները հիմնականում լինում են անհատական: Մասսայական ստանդարտ որոշ նմուշներ ունենք, որոնք տարածվում են խանութներում»,- մեզ հետ զրույցում նշեց «Հայ ույուտի» հիմնադիր-տնօրեն Մարգարիտա Միրիջանյանը:

Բիզնեսը, կամ ավելի ճիշտ՝ սիրելի զբաղմունքը բիզնեսի վերածելու ծրագիրը Մարգարիտան սկսել է 3 հազար ԱՄՆ դոլար ներդրումից, որ եղբայրն էր տրամադրել բացի տարածքից, և մի քանի կարի մեքենաներից: Ու այդ ժամանակից սկսած նա կազմակերպել է աշխատանքները՝ կամաց-կամաց աճեցնելով ու կայացնելով բիզնեսը: Հաջողելու համար, նշում է Մարգարիտա Միրիջանյանը, առաջին հերթին պետք է աշխատանքն անել սիրով և պատասխանատվությամբ: Բացի այդ, իրենց համար գլխավոր պայմանն այն է, որ հաճախորդը գոհ մնա: Այս առումով «Հաս ույուտում» ամեն ինչ անում են պատվախնդրորեն:

«Նշանակություն չունի, թե հաճախորդն ինչ գումարի սահմաններում է մեր արտադրանքը պատվիրում՝ թա՞նկ, թե՞ էժան, դա չի ազդի մեր աշխատանքի, մեր արտադրանքի որակի վրա: Մեր ամենաառաջին պայմանն է, որ հաճախորդը գոհ լինի: Միշտ առաջին առաջարկը մենք ենք անում, ու այնպես, որ դա լինի լավագույն տարբերակը` հօգուտ հաճախորդի, որ հաճախորդն ավելի չվճարի, բայց ստանա մաքսիմում արդյունք»,- նշում է «Հաս ույուտի» տնօրենը:

Հաճախորդին ճիշտ խորհուրդ տալն ու միշտ նրա «կողմից» լինելը հաջողության հասնելու կարևոր պայման է: Այս առումով Միրիջանյանը նշում է՝ հաճախորդը պետք է զգա, հասկանա, որ իրեն չեն խաբում, որ իրեն հարգում են, որ իր համար մաքսիմալ արդյունք է ապահովվում: Երբ նա այդ ամենը զգում ու հասկանում է՝ մեկ ուրիշին էլ խորհուրդ է տալիս օգտվել հենց իրենց ապրանքներից ու ծառայություններից:

Հաս ույուտ

«Ես այս գործի մեջ ներդրել եմ իմ ողջ էներգիան, բոլոր կարողություններս, գիտելիքներս, փորձս` ամեն ինչ. այդ ամենը փոխանցել եմ իմ աշխատողներին, ու միասին հասել ենք այն արդյունքներին, որոնք ունենք այսօր»,- նշում է ընկերության տնօրենն ու հավելում՝ ցանկացած գործ, որ անում ես, պետք է լինի որակով:

Հաջողության մեկ այլ կարևոր պայման էլ, ըստ Մարգարիտա Միրիջանյանի, որակյալ ու համախմբված թիմի առկայությունն է: «Հաս ույուտի» հիմնադրման սկզբից մինչ օրս աշխատում են մեկ ընտանիքի պես, կես բառից հասկանում են իրար, գիտեն, թե ինչ է պետք, ով ինչ է ուզում. դա շատ կարոևոր է: «Բիզնեսում առանց թիմային` լավ թիմային աշխատանքի հնարավոր չէ: Լավ թիմով ամեն ինչ ավելի հեշտ է տրվում»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Բիզնեսմենը պետք է լինի ազնիվ, աշխատասեր ու սիրի իր գործը, վստահ է նա, պետք է լինի համբերատար, պահանջկոտ, բայց ոչ պատժող, գործընկերների հետ հարաբերություններում էլ՝ արդար և հնարավորինս օգնող:

«Օրինակ՝ եթե մեկն ինձ մոտ գա և խնդրի, որ ես իր համար հագուստ կարեմ, ես դա չեմ կարող անել, ես անպայման այդ պատվերը կփոխանցեմ իմ գործընկերներից որևէ մեկին, որ նա անի. հագուստի պատվերը կտամ հագուստ կարողին ու ես իմ գործը կանեմ: Այսինքն` այնպես չէ, որ ես սա էլ անեմ, նա էլ անեմ, մյուսն էլ անեմ, փորձեմ ամեն ինչ անել, միայն թե ավելի շատ գումար աշխատեմ… Դա մերը չէ, բիզնեսմենը չպետք է ագահ լինի»,- նշում է Միրիջանյանը:

Առհասարակ բիզնես սկսելը հեշտ բան չէ, հատկապես՝ Հայաստանում, նշում է նա, և չպետք է միանգամից մեծ եկամուտներ, գլխապտույտ հաջողություններ ակնկալել: Բիզնեսը կարող է դանդաղ առաջ գնալ, պետք է շատ աշխատել ու համբերել, միշտ համբերել և հետևողականորեն գնալ առաջ: Միշտ պետք է հիշել` հնարավոր է՝ բիզնեսդ ընդլայնվի ու ընդլայնվի, բայց մեծ շահույթ չբերի, ուստի պետք է համբերատար սպասել, անընդհատ զարգացնել, նոր բաներ մտածել ու առաջարկել, ընդլայնել ծավալները, շուկաները, արտադրատեսակները, շրջանառությունը մեծացնել: Իսկ այդ ամենը ամենևին էլ հեշտ գործ չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: