Հայերեն   English   Русский  

Ո՞ւմ առանձնատունն է 130 տարի անց զբաղեցնում հայտնի «Սալոն» ռեստորանը


  
դիտումներ: 11801

Աբովյան փողոցի սկզբնամասը մի յուրօրինակ պատմական հանգույց է, որտեղ քայլելիս ակամա զգում ես երբեմնի Աստաֆյան փողոցի հմայքն ու համակվում բարձրաճաշակ շենքերի պատմական հիշողությամբ:

Մեր նախորդ համարում անդրադարձել էինք Աբովյան 8 հասցեում գտնվող մի տպավորիչ շենքի` Բարսեղ Եղիազարյանի առանձնատան պատմությանը, որտեղ շուրջ 130 տարի անց տեղակայվեց «Նոյյան տապան» գրախանութը: Այժմ ներկայացնում ենք նույն հասցեում և անմիջականորեն այդ տան հետ կապված մեկ այլ շինության` Գրիգոր Եղիազարյանի տան պատմությունը:

«Սալոն» ռեստորան

Գրիգոր և Բարսեղ Եղիազարյանները հարազատ եղբայրներ էին, երկուսն էլ` հայտնի վաճառական ու հասարակական գործիչ: Գրիգոր Եղիազարյանն աղյուսի գործարանատեր էր: Նրա առանձնատունը կառուցվել է 1884 թ., եղբոր առանձատունը` ավելի ուշ: Ճարտաապետ Մարիետա Գասպարյանը, որ ուսումնասիրել է XIX դարավերջի և XX դարասկզբի երևանյան պատմամշակութային շենքերը, ցավով է նշում, որ Երևանի ճարտարապետական պատմությունը կերտած անձանց մասին քիչ բան է հայտնի: «Առհասարակ ականավոր շատ երևանցիների անունները, որոնք իրենց գործարար, ստեղծագործ մտքի և ջանքերի շնորհիվ միջնադարյան կեցությունից XIX դարում վերակերտել են այս քաղաքը, գրեթե ոչինչ չեն ասում նոր սերնդին: Նույնը` Գրիգոր Եղիազարյանի պարագայում: Գիտենք միայն, որ նա անվանի հասարակական գործիչ է եղել, քաղաքային խորհրդարանի պատգամավոր, իբրև կապալառու ֆինանսավորել է քաղաքի համար կարևոր մի շարք կառույցների շինարարությունը, նրա տանը ինչ-որ ժամանակ գտնվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի` հանրահայտ Ամերկոմի՝ հայ որբերի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող բարեգործական հաստատության որբանոցը»:

XX դարասկզբին այս տան որոշ սենյակներ տրամադրվել են նաև Հնդեվրոպական հեռագրատանը: Այստեղ

Գրիգոր Եղիազարյանի տուն

է տեղավորված եղել նաև ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունը, իսկ ավելի ուշ՝ պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեն, ապա՝ Գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնը:

Շենքը երկհարկանի է: Առաջին հարկը որոշ չափով ցածր է մայթի նիշից, իսկ փողոցների հատման անկյունում` ավելի բարձր: Կառույցի հեղինակը ճարտարապետ Վասիլի Միրզոյանն է, որը նաև Բարսեղ Եղիազարյանի առանձնատան ճարտարապետն է: Հետաքրքիր է, որ այս շենքն ամբողջությամբ նարնջագույն (Անիի տուֆ), իսկ եղբոր շենքը` ամբողջությամբ սև տուֆից է: Ճարտարապետական լուծումներում առանձնանում է գլխավոր ճակատը` շեշտված կոպտաշար դորիական սյուներով։ Շենքի ճարտարապետական լուծումների մասին խոսելիս՝ ճարտարապետ Մարիետա Գասպարյանը նույնպես առանձնացնում է գլխավոր ճակատի սյունազարդ հատվածները: «Ժամանակին կառույցի ճակատի ճակտոնը «զարդարում» էր հնգաթև աստղ, որն այնտեղ էր հայտնվել որպես Հայաստանում նոր իշխանության խորհրդանիշ: Հավանաբար աստղը փորագրվել էր, երբ շենքը վերածվել էր կոմերիտական ակումբի, կամ երբ դարձել էր ՀԿԿ քաղկոմի շենք»,- ասում է Մարիետա Գասպարյանը:

Գրիգոր Եղիազարյանի տուն

Ճարտարապետը առանձնացնում է նաև շքամուտքի նրբին փորագրազարդ փայտե դռները և պատի գեղեցիկ վառարանները: Այդ սպիտակ հախճապակիով զարդարված վառարանների մասին նշվում է նաև այլ աղբյուներում։ Ցավոք, երբ այցելեցինք շենքի տարածքում գործող «Սալոն» ռեստորան, պարզվեց, որ այդ վառարանները չկան: Տնօրենը հավաստիացրեց, որ վառարանները չեն եղել, երբ սեփականատերը ձեռք է բերել շենքը: «Հավանաբար շատ վաղուց են հանվել»,- ենթադրեց նա:

Շենքի սեփականատերը գործարար Սամվել Մայրապետյանն է: «Սալոն» ռեստորանը բացվել է 2014 թվականին: Պետք է նշել, որ սեփականատերը վերականգնման և ամրացման նշանակալի աշխատանքներ է իրականացրել` միաժամանակ փորձելով պահպանել շենքի բնական գեղեցկությունը, ոճը և պատմական հիշողությունը:

Շենքի կիսանկուղային հարկում այժմ գարեջրատուն է, այն ամբողջությամբ պահպանված է

Գրիգոր Եղիազարյանի տուն

հին կառուցվածքով` կամարներ, խորշեր, անգամ քարերի շարվածքն են փորձել նույնը թողնել:

Շենքի երկրորդ հարկում բարձրակարգ ռեստորան է: Այստեղ արդեն ամեն ինչ վերանորոգված է, սակայն հին հայկական մոտիվներով: Պատուհանների ձևը մնացել է անփոփոխ: Սրահներից մեկում մի հին կոմոդ է պահպանված: Ռեստորանի ներկայացուցիչը չգիտի, թե այն երբվանից է շենքում, սակայն գիտի, որ շատ հին է` մոտ հարյուր տարեկան: Մի հին դաշնամուր էլ կա, սակայն դարձյալ հայտնի չէ՝ այն պատկանել է տանտերերին` Եղիազարյաններին, թե ոչ:

Գրիգոր Եղիազարյանի տուն

Շենքի տանիքին ներկայիս սեփականատերը բացօթյա սրճարան է կառուցել, սակայն այն բավականին ցածր է, գրեթե չի երևում ու չի խաթարում շենքի արտաքին տեսքը: Փոխարենը Եղիազարյան եղբայրների շենքերը հետևի կողմից ստվերում է հսկայական սպիտակ բարձրահարկը, որը նույնպես պատկանում է Սամվել Մայրապետյանին: Այն, որ գործարարը հարյուրհազարավոր դոլարներ է ծախսել Գրիգոր Եղիազարյանի պատմամշակութային հուշարձան-շենքը վերականգնելու, ամրացնելու և գեղեցիկ տեսքով ու բովանդակությամբ հանրությանը ներկայացնելու համար, իսկապես գովելի է, սակայն շենքի հետնամասում կառուցած բարձրահարկն ամբողջությամբ խաթարում է այդ հատվածի ողջ պատմամշակութային միջավայրը:

ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ նախարարությունը Սամվել Մայրապետյանից՝ իբրև պատմամշակութային հուշարձան-շենքի սեփականատիրոջից գոհ է, քանի որ նա հսկայական գումարներ է ծախսել շենքի վերականգնման համար և գործընթացն իրականացրել է նախարարության, մասնավորապես իր հետ խորհրդակցելով: Կարո Այվազյանը միայն ցավով է հիշում շենքի հետևամասում գտնվող պատշգամբը, որը նոր նախագծով քանդվել է, և շենքի հետնամասը միացել է նորակառույց բարձրահարկին: Նա հասցրել է լուսանկարել պատշգամբն ու գոնե լուսանկարը պահպանել:

Ինչ վերաբերում է բարձրահարկին, ապա դա կառուցվել է 2000-ականների սկզբին` մինչև 2004 թվականը,

«Սալոն» ռեստորան

Նա կարծում է, որ եթե դա լիներ ավելի ուշ, հավանաբար այդ տեսքով ու դիրքով կառուցելու թույլտվություն չէր տրվի: «Համենայն դեպս, այն ժամանակ օրենսդրական դաշտն այնքան թույլ էր, որ հարցը մշակույթի նախարարությունում չի էլ քննարկվել»,- նկատեց Այվազյանը:

Գրիգոր Եղիազարյանի առանձնատունը Սամվել Մայրապետյանը ձեռք է բերել հավանաբար հենց 2000-ականների սկզբին: Իսկ 2006 թվականին արդեն մշակույթի նախարարությունը հաստատել է շենքի վերակառուցման նախագիծը: 2014 թվականին 130-ամյա առանձնատունը իր դռները բացել է արդեն որպես բարձրակարգ ռեստորան:

Գրիգոր Եղիազարյանի տուն

Լավ է, որ այս շենքը պահպանվել է ու վերականգնվել` ի տարբերություն շատ այլ պատմամշակութային կառույցների, սակայն, շենքը պահպանելուն զուգահեռ, պակաս կարևոր չէ պահպանել նաև այն մշակութային միջավայրը, որի մեջ ամփոփված է շենքի պատմական հիշողությունը:

Մարիետա Գասպարյանն այս առումով նշում է. «Մինչև 2004-2005 թթ. մի քանի պատմամշակութային հուշարձաններ քանդելը, այս անկյունը ներկայանում էր որպես պատմականորեն ձևավորված ճարտարապետա-քաղաքաշինական հանգույց, որն իր գեղագիտական չափանիշներով բնորոշվում էր նաև որպես կազմակերպված պատմագեղարվեստական միջավայր: Դա հին Երևանի գունագեղ մի անկյուն էր` համահունչ մշակութային ժառանգության պահպանության և մշակութաճանաչողական տուրիզմի` միջազգային քաղաքականությունում տարածված միտումներին: Դատե՛ք ինքներդ. այստեղ ապրել են անվանի վաճառականներ, բժիշկներ, և հենց այս հանգամանքն է, որ եզակի հնարավորություն էր ստեղծում ծանոթանալու ոչ միայն շենքերի գեղարվեստական արժանիքներին, այլև մարդկանց կենցաղին, քաղաքային մշակույթին: Ավելին, այս շենքերն անմիջական կապ ունեն պատմության հետ, և ծանոթանալով դրանց` յուրաքանչյուրը կարող էր տեղեկություններ ստանալ Երևանի նահանգի արդյունաբերության, բժշկության զարգացման, Սարդարապատի հերոսական ճակատամարտի և Հայաստանում խորհրդային իշխանությունների հաստատման պատմության, քաղաքային խորհրդարանի և կոմպոզիտորների միության մասին: Եվ այս ամենը՝ քաղաքի մի փոքր հատվածում»:

Գրիգոր Եղիազարյանի տուն

Ի դեպ, «Սալոն» ռեստորանում արտասահմանյան հյուրերը զգալի թիվ են կազմում, և զարմանալին այն է, որ ռեստորանի տնօրինությունը, որ հսկայական գումարներ ու ջանքեր է դրել ինտերիերում պատմամշակութային միջավայր ապահովելու նպատակով, մի անկյունում գոնե չի փակցրել մի ցուցանակ, որտեղ կներկայացվեր շենքի հակիրճ պատմությունը: Տնօրենն ասաց, որ շենքի պատմությունը ներկայացնում են, երբ հյուրերը ցանկություն են հայտնում իմանալ այդ մասին:

Картинки по запросу սալոն ռեստորան

Картинки по запросу սալոն ռեստորան

Գրիգոր Եղիազարյանի տուն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: