Հայերեն   English   Русский  

Ժողովրդին դրել են ամնեզիայով տառապող հիվանդի տեղ. Արմեն Առաքելյան


  
դիտումներ: 1124

Ժողովրդին դրել են ամնեզիայով տառապող հիվանդի տեղ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը՝ անդրադառնալով նախընտրական խմորումներին:

«Մարդիկ կարծես ստոկհոլմյան սինդրոմով են տառապում: Դահիճն ու զոհը գրկախառնվել են և միասին գնում են ընտրության: Մարտի 1-ի գործով գլխավոր դերակատարները Սեյրան Օհանյանը և Օսկանյանը և դանակահարված Արմեն Մարտիրոսյանը ձգտում են միասին դաշինքով գնալու: Ազատ Արշակյանը, որը պայքարել է ԽՍՀՄ դեմ գնում էր Կենտկոմի վերջին քարտուղարի հետ: Եվ այսպես շարունակ: Այսինքն՝ որևէ գաղափարական, քաղաքական պայքար այս ընտրություններում դեռևս չի նշմարվում: բոլորը իրենց շահերն են լուծում»:

Ըստ Արմեն Առաքելյանի՝ միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը կարող են ընդդիմություն լինել. «Օհանյան-Օսկանյան դաշինքին անդրադառնալով` ասեմ, որ սա լրիվ անհասկանալի դաշինք է. մարդիկ իշխանության մեջ լինելով չեն փորձել մատը մատին տալ, հիմա նոր տեսա՞ն այդ թերությունները, հիմա փոփոխություննե՞ր են ուզում: Միայն միամիտ մարդիկ կարող են մտածել, որ Ծառուկյանն ընդդիմություն է: Բոլորին ակնհայտ է սա: Ես կասեի՝ Ծառուկյանն իշխանական պրոյեկտ է: Այս առումով պատրանքներ պետք չէ տածել»:

Բանախոսի խոսքով՝ այս ամեն ստեղծել է իշխանությունը իր օրենսգրքով, որը համամասնական անունն ունի, բայց բացարձակ այդպես չէ. «Ունենալով մեծ ռեսուրսներ, ամեն տեղում մի քանի թեկնածու են դնում ու ամեն մեկն իր ազդեցությունը տարածելով՝ բերելու է ոչ թե գաղափարներ, այլ ուղղակի իր մարդկանց»:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին ասաց, թե մեծ հույսեր է կապում հասարակության ակտիվության հետ. «Հասարակության ակտիվության դեպքում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմադիր ուժերն ավելի մաքուր ու առողջ մթնոլորտում կանցկացնեն: Հասարակությունն առաջինը պետք է ընդդիմությանը վստահի, որի հիմնական կոչումը դժգոհ մասսային դեպի իշխանություն պայքարի տանելն է»,-նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: