Հայերեն   English   Русский  

​Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին


  
դիտումներ: 28297

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության զարգացմանը: «Որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵԱՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը նշել է, որ քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտային քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, միասնական տրանսպորտային տարածքի և միասնական տրանսպորտային ծառայությունների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Իր հերթին, ՌԴ տրնսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների միջև տրանսպորտի ոլորտի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոշումների կատարման ընթացքին, ինչպես նաև նոր գաղափարների իրականացման հնարավորություններին, որոնք կնպաստեն տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակումների վերացմանն ու միավորմանը: Սոկոլովի խոսքով՝ ոլորտում նախատեսվող ծրագրերը նոր թափ կհաղորդեն ինտեգիացիոն միավորման զարգացմանը, տնտեսական կապերի խորացմանը: ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի իրականացումը և խորհրդակցության մասնակիցներին մաղթել հետագա արդյունավետ աշխատանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: