Հայերեն   English   Русский  

Հայ մամուլի արքա.​ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ


  
դիտումներ: 8431

«Մեզ վրա պետք է հույս դնենք, այն ազգը, որ ինքն իր վրա հույս չունի, ապագա չունի»:

Գրիգոր Արծրունի

Գրիգոր Արծրունին ծնվել է 1845 թ. փետրվարի 25-ին Մոսկվայում, զինվորականի ընտանիքում:

Գրիգոր Արծրունու արմատները Վանից էին: 1813-ին նրա պապը` Գևորգ Աղա Երան-Արծրունին, Վանից տեղափոխվեց Թիֆլիս: Նա մեծահարուստ էր, իջևանատուն հիմնեց, տպարան հիմնեց, բարեգործություններ էր անում: Նրա որդի Երեմիան բարձրաստիճան զինվորական էր: Գրիգորը հոր հետ Ռուսաստանից Թիֆլիս տեղափոխվեց1853 թ., երբ մահացավ մայրը:

Կնոջ կորստից հետո հայրը` Երեմիան, այլևս չամուսնացավ և ողջ կյանքը նվիրեց երեխաների դաստիարակությանը: Երեմիա Արծրունին ուներ չորս որդի և չորս դուստր, և դժվար էր միայնակ զբաղվել երեխաների դաստիարակությամբ, մանավանդ որ զինվորական էր: Ղրիմի պատերազմի ժամանակ Երեմիա Արծրունին մեկնեց Պետերբուրգ, հրաժարվեց իր զինվորական կարիերայից, բազմանդամ ընտանիքի հետ տեղափոխվեց Թիֆլիս:

Սակայն կնոջ մահը միակ պատուհասը չէր Երեմիա Արծրունու համար. նրա երեխաներից վեցը մահացան մանկահասակ, և մնացին երկուսը` Գրիգորն ու Անդրեասը:

1857 թ. Գրիգոր Արծրունին ընդունվեց Թիֆլիսի ռուսական գիմնազիան և ավարտեց 1863 թ.:

Երեմիան ասպետական խստությամբ է դաստիարակել որդիներին: Ուսումնարանում նրանք աչքի էին ընկնում կարգապահությամբ, համեստությամբ, ժուժկալությամբ:

13 տարեկան հասակում Արծրունին ուսանողական թերթ հրատարակեց: Նրա լսարանը գիմնազիայի ուսանողներն էին:

Գրիգոր և Անդրեաս եղբայրները, ավարտելով գիմնազիան, տեղափոխվեցին Մոսկվա` ընդունվելով համալսարանի բնագիտության բաժինը: Ապա տեղափոխվեցին Պետերբուրգ՝ ուսումը շարունակելով Պետերբուրգի համալսարանում:

Գրիգորը սկզբում իրեն հեռու էր պահում հայկական շրջանակներից, քանզի մեծացել էր օտար միջավայրում: Նրա խոսակցական լեզուն ռուսերենն էր, տանը հիմնականում ռուսերեն էին խոսում: Նա հայերենին կատարելապես տիրապետեց միայն Մխիթարյանների մոտ՝ ուսումնասիրելով հայ գրականությունն ու պատմությունը, չնայած դեռ Մոսկվայում ուսանելու տարիներին հայերեն հոդվածներ գրելու փորձեր էր անում:

Գրիգոր Արծրունին հիվանդանում է թոքախտով, և բժիշկների եզրահանգմամբ նրան սոսկ երկու ամիս կյանք էր մնացել: Նա տեղափոխվում է Նիցցա` այնտեղ մեռնելու: Սակայն միջերկրականի ֆրանսիական ծովափը նրան ապաքինեց: Յոթ ամիս բժիշկների ցուցումով ոչ մի բառ չի արտաբերել: Ապա տեղափոխվել է Ցյուրիխ, ուր կազդուրվելուն զուգընթաց սովորել է համալսարանում: Այստեղ նա գրեց «Էվելինա» ինքնակենսագրական վեպը:

Կազդուրվելուց հետո Արծրունին Ցյուրիխից մեկնել է Գերմանիա և Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում քաղաքատնտեսության պատմություն ուսանել: Ապա փիլիսոփայության դոկտորի աստիճանով 1869 թ. մեկնում է Վիեննա` Մխիթարյանների մոտ հայերենը կատարելագործելու:

Սակայն Գրիգոր Արծրունու կյանքում ձախորդությունները շարունակվում են, Վիեննայում նա դարձյալ հիվանդանում է: Չցանկանալով կիսատ թողնել հայագիտական ուսումնասիրությունները Մխիթարյանների միաբանությունում՝ նա բժիշկների խորհրդով մեկնում է Վենետիկի Մխիթարյանների մոտ: Այստեղից նա թղթակցում էր «Մեղու Հայաստանի» պարբերականին՝ հիմնականում այնտեղ զետեղելով հայագիտական ուսումնասիրություններն ու լուսաբանելով Մխիթարյանների կյանքը: Հետագայում «Մեղու Հայաստանի» կղերապահպանողական պարբերականը դարձավ Արծրունու «Մշակի» գաղափարական հակառակորդը, և այս երկու առաջատար պարբերականներն իրենց ընթերցողների հոծ զանգվածով երկու մրցակից բանակներ ձևավորեցին հայության գաղափարական դաշտում:

Երկար դեգերումներից հետո` 1870 թ., նա վերադառնում է Թիֆլիս կատարյալ հայացած ու պաշտոնավարում Գայանյան օրիորդաց դպրոցում:

Թիֆլիսում Գրիգոր Արծրունին իրագործեց իր կյանքի մեծագույն երազանքը՝ լույս ընծայեց «Մշակ» թերթը, որը լույս տեսավ 1872-1921 թթ.:

Մշակի առաջին համարը` 500 տպաքանակով, սպառվեց 4 ժամվա մեջ: Հետագայում «Մշակը» դարձավ օրաթերթ և լույս էր տեսնում 1300 տպաքանակով:

Թերթը շատ արագ դարձավ հայության սիրելին ու հայ մամուլի առաջատարը: «Մշակի» էջերում Գրիգոր Արծրունին շարադրում էր իր քաղաքական հայացքները: Նա Հայաստանում բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ջատագովն էր: Գրեթե ամեն համարում անդրադառնում էր արևմտահայության ազատագրման խնդիրներին՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը կապելով Ռուսաստանի վճռական օգնության հետ և չբացառելով ազգային-ազատագրական պայքարը:

Նա իր թերթի էջերում նաև սոցիալական խնդիրներ էր բարձրացնում, լուծումներ առաջարկում տնտեսության բարգավաճման, հայության տնտեսական հզորության ապահովման համար: Հատուկ ուշադրություն էր դարձնում գյուղացիությանն ու գյուղացիական տնտեսություններին, առաջարկում ոտքի կանգնեցնել գյուղը եվրոպական մեթոդներով, բանկերին կոչ անում վարկավորել գյուղացիներին ցածր տոկոսադրույքով:

Իսկ հայության ընդհանուր խնդիրների լուծումը Արծրունին տեսնում էր լուսավորության տարածման մեջ: Նրա կարծիքով` հարկավոր էր հատուկ ուշադրություն դարձնել դպրոցին, կրթությանը: Առաջարկում էր կրթության ազգային ծրագիր: Առաջարկում էր միավորել արական և իգական դպրոցները, անցկացնել համատեղ ուսուցում: Հատուկ ուշադրության էր արժանացնում կանանց և կնոջ իրավունքներին:

Հատուկ պայքար էր ծավալում եկեղեցու և կղերականների դեմ` ասելով, որ եկեղեցին իրավասու չէ զբաղվելու ազգային խնդիրներով, նրա գործունեության ոլորտը պետք է սահմանափակվի հոգևորով: Արծրունին համարում էր, որ հայության քաղաքական, մշակութային և տնտեսական հիմնահարցերով պետք է բացառապես աշխարհիկ անձինք զբաղվեն, քանզի եկեղեցին, խառնվելով հայության ազգային խնդիրներին, ձգտում է նաև քաղաքական իշխանության հայության վրա:

«Մշակի» շուրջ Գրիգոր Արծրունին կարողացավ համախմբել ժամանակի հայ մտավորականության կարող ուժերին. Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վրթանես Փափազյան, Րաֆֆի…

Հատկապես Րաֆֆին իր բոցաշունչ հոդվածներով մարտական շունչ էր հաղորդում Արծրունու թերթին: Րաֆֆին նաև իր վեպերն առաջին անգամ տպագրեց Արծրունու «Մշակում»:

Առհասարակ, շատ հայ մտավորականներ այդ դժնդակ ժամանակներում իրենց ապրուստը հոգում էին հենց «Մշակում» տպագրվող գործերի շնորհիվ:

«Մշակից» զատ, Գրիգոր Արծրունին լույս է ընծայել գրական ստեղծագործություններ՝ ակնարկներ, հուշագրություններ:

Իր աշխատությունների և հոդվածների տակ սովորաբար ստորագրում էր Ասիացի, Շատիրավացի, Նիոբե, այլ կեղծանուններով:

Արծրունին նաև անձամբ մասնակցում էր XIX դարավերջին Թիֆլիսում թափ առնող խմորումներին, Հայաստանի ազատագրությանը նվիրված տարբեր գաղտնի միջոցառումների, նյութական աջակցություն էր ցույց տալիս այդ ծրագրերին:

Իսկ դա շատ էական էր տվյալ ժամանակամիջոցում, քանզի հենց XIX դարավերջը դարակազմիկ եղավ հայ քաղաքական մտքի համար: Ծնվեցին հայ ավանդական երեք կուսակցությունները, Հայկական հարցը դարձավ միջազգային դիվանագիտության հիմնախնդիրներից մեկը:

Գրիգոր Արծրունին մտերիմ էր Մկրտիչ Փորթուգալյանի հետ և մասնակցեց Արմենական կուսակցության հիմնադրման աշխատանքներին: Արփիար Արփիարյանին աջակցեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադրման գործում: Բայց առավել մեծ էր Գրիգոր Արծրունու դերը Հայ հեղափոխական դաշնակցության կայացման խնդրում: Ինչպես հետագայում խոստովանեց Արծրունու ընկերը՝ ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը, դաշնակցության կորիզը կազմեցին հենց «Մշակի» հեղափոխական ոգով ու գաղափարներով տոգորված երիտասարդները, և այդ առումով «Մշակն» ու Արծրունին անուրանալի ավանդ ունեն հայ ազատամարտի ծավալման ու հայ քաղաքական մտքի ձևավորման գործում: Արծրունու հնոցով են անցել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Կոստանդին Խատիսյանը, Հովհաննես Լոռիս-Մելիքյանը, Մարտիրոս Շաթիրյանը, Սիմոն Զավարյանը և այլք:

Հենց Արծրունու հրապարակախոսական գործունեության 25-ամյակի տոնակատարությունը նախերգանք դարձավ դաշնակցության ծնունդին: Ինչպես նշում է Ալեքսանդր Շիրվանզադեն, «Դաշնակցությունը կազմակերպվեց Գրիգոր Արծրունու գիտութեամբ և հովանավորությամբ, բայց ոչ անմիջական մասնակցութեամբ: Արծրունին վախենում էր վտանգի ենթարկել «Մշակի» գոյությունը, որ նրա համար բարձր էր ամեն ինչից»:

Թիֆլիսում Արծրունին գտավ իր սերը, ամուսնացավ Մարիամ Մելիք-Աղամալյանի հետ:

Առհասարակ կյանքում և կենցաղում նա կենսախինդ և ուրախ մարդ էր: Լավ դաշնամուր էր նվագում և երգում, սիրում էր խնջույքներ: Հաճախ էր շուրջը հավաքում հայ մտավորականներին ու խնջույք կազմակերպում: Հրաշալի ճառասաց էր:

Մեծ մտավորականը և հայ մամուլի արքան մահացավ 1892 թ. դեկտեմբերի 17-ին, Թիֆլիսում: Նրա թաղումը համաժողովրդական սգի և ցույցի վերածվեց և ազգային մեծ ալիք բարձրացրեց: Ցարական ոստիկանությունը, վախենալով դեպի Խոջիվանքի գերեզմանատուն շարժվող բազմահազար ամբոխի հուզական ցույցից, փորձեց միջամտել ու կառավարել թաղման թափորը: Թափորն ընդդիմացավ, ու բախումներ եղան Թիֆլիսի փողոցներում: Տասնյակ ոստիկաններ վիրավորվելով նահանջեցին, իսկ թաղումից օրեր անց տասնյակ հայեր ձերբակալվեցին:

Նրա մահից հետո մինչև 1921 թ.` մինչև Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը, «Մշակը» շարունակեց լույս տեսնել Ալեքսանդր Քալանթարի, Համբարձում Առաքելյանի, Լեոյի, Տիգրան Հախումյանի խմբագրությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: