Հայերեն   English   Русский  

​ՔԱՂՑԿԵՂԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՉԷ


  
դիտումներ: 5570

Քաղցկեղի ժառանգականության թեմային անդրադառնալու համար երկար եմ մտորել, հատկապես երբ այս տարի բարեկամուհիս մահացավ կրծքագեղձի քաղցկեղից: Ընտանիքը դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ նույն հիվանդությունը զարգացել է նաև դստեր մոտ:

Ի՞նչ է սա, ճակատագի՞ր, թե՞ պատահականություն: Բժիշկներն այս չարաբաստիկ հիվանդությունը ոչ միայն դառը ճակատագիր չեն համարում, այլև բուժվող, եթե այն վաղ շրջանում հայտնաբերվի:

Քաղցկեղի ժառանգականության մասին քիչ է խոսվում, բայց չես ասի, թե հանրությունն անտեղյակ է: Գոնե դերասանուհի Անջելինա Ջոլիի աննախադեպ քայլին շատերն են տեղյակ. կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ մոր մահից հետո նա հեռացրեց իր երկու կուրծքը: Ի վերջո, վիճակագրությունը փաստում է, որ հայտնաբերված քաղցկեղային հիվանդությունների 3-10 տոկոսը Ժառանգականության հետևանք է:

Հիվանդության ժառանգականության գործոնը որքանո՞վ է իրական: Հայաստանում նման դեպքեր գրանցվե՞լ են, նման վիճակագրություն կա՞: Եթե այո, ապա ի՞նչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում: Եվ ընդհանրապես ի՞նչ ասել է քաղցկեղի ժառանգականություն:

Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Ռաֆայել Սարգսյանը, չհերքելով փաստը, տեղեկացրեց, որ ընդհանրապես քաղցկեղի տարատեսակ հիվանդությունների մեծ մասը գենետիկական հիմքեր ունի: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը ոչ միայն չհերքեց, այլև թվարկեց, թե այսպես կոչված «ընտանեկան քաղցկեղի» շարքը որ օրգանների հիվանդություններն են դասվում. կրծքագեղձի, միզապարկի, շագանակագեղձի, թոքի, ստամոքսի, աղիների քաղցկեղները: «Բայց ասեմ, որ եթե ընտանիքից մեկը հիվանդացել է, պարտադիր չէ, որ այն ուղղահայաց` մայր, աղջիկ, տղա, քույր, եղբայր փոխանցվի: Ոչ, քանի որ հիվանդության փոխանցումը ոչ այնքան ժառանգականությամբ է պայմանավորվում, որքան քաղցկեղի առաջացման նախատրամադրվածությամբ»,- պարզաբանում է պրոֆեսորը:

Ի՞նչ ասել է քաղցկեղի նախատրամադրվածություն: Ոլորտի 33 տարվա մասնագետը փորձեց օրինակով բացատրել: Ըստ նրա` հնարավոր է, որ ողջ կյանքը արևի տակ աշխատող, ծխող մարդը թոքի քաղցկեղով չհիվանդանա, բայց հիվանդանա նա, ում մոտ նախաքաղցկեղային հիվանդությունների տրամադրվածություն կա, ինչն էլ նպաստավոր պայմանների առկայության դեպքում քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է: Այդ նախատրամադրվածությունն է փոխանցվում, ոչ թե հիվանդությունը. «Ապացուցված փաստ է, որ հաստ աղիքի պոլիպոզ հիվանդությունը 100 տոկոսով փոխանցվում է ժառանգականությամբ, բայց պոլիպոզը դեռ քաղցկեղ չէ: Դա չբուժելու դեպքում է, որ մեծ մասամբ` գրեթե 100 տոկոսով այն վերածվում է քաղցկեղի»: Եթե ընտանիքի մի անդամը տառապում է այդ հիվանդությամբ ու չի բուժվում, ապա դա հետագայում քաղցկեղի է վերածվում: Իսկ վերը նշված հիվանդությունների շարքում մեծ թիվ է կազմում հատկապես աղիների պոլիպոզը, որը ժողովրդական լեզվով աղիների պոլիպն է:

Պիտի խոստովանել, որ կրծքագեղձի քաղցկեղն էլ պակաս տարածում չունի: Հիվանդություն, որում նույնպես դեր է խաղում ընտանեկան նախատրամադրվածությունը: «Եթե ընտանիքի մայրը, տատը հիվանդացել են կրծքագեղձի քաղցկեղով, հնարավոր է, որ աղջկա, քրոջ մոտ նույնպես այդ հիվանդությունը զարգանա: Եթե այդ հիվանդները գիտակցեն, որ իրենց մոտ նույնպես կարող է քաղցկեղ առաջանալ, և կանխարգելիչ որոշ բուժումներ ձեռնարկեն, պարտադիր չէ, որ հիվանդությունը զարգանա»,- վստահեցնում է պրոֆեսորն ու մի քանի խորհուրդ տալիս: Այսպես, խուսափել հորմոնալ պրեպարատներից, որոնք ձվարանների հորմոնների բարձր տոկոսի են հանգեցնում, հակաբեղմնավորիչներից, որոնք նույն էստրոգեն հորմոններն են: Իսկ եթե նախատրամադրվածությամբ կինը, հիվանդը դրանք օգտագործի, նաև ծխի, բնական է, որ նրա մոտ հիվանդության զարգացման հավանականությունը շատ ավելի մեծ կլինի: Պակաս դեր չի խաղում նաև մեր սննդակարգը: «Գաղտնիք չէ, որ կենդանիներին հորմոններով են կերակրում, որպեսզի քաշ հավաքեն: Դրանք նույն էստրոգեն հորմոններն են: Կանանց ձվարանների հորմոնները (հիպերէստրոգինեզացիայի ֆոնը) միշտ վտանգավոր են կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության առաջացման համար: Իսկ եթե մարդը գիտի, որ իր մոտ այդ բոլոր գործոններն առկա են, ու այդ բոլոր գործոնները վերացնի, ապա քաղցկեղով հիվանդանալու ռիսկը քչանում է»,- ասում է բժիշկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է գենային մուտացիաներին, բժշկի վկայությամբ, դրանք կարող են ինչպես ի ծնե, այնպես էլ ձեռքբերովի լինել: Օրինակ` ըստ կրծքագեղձի քաղցկեղի վիրուսային տեսության, եթե քաղցկեղով հիվանդ մայրը կրծքով կերակրի երեխային, ապա հիվանդության փոխանցման հավանականությունը մեծ է: Նույն տեսությունը տարածվում է նաև թոքի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային հիվանդությունների վրա: Նախ պետք է քաղցկեղ առաջացնող պատճառները վերացնել, հավատացնում է բժիշկը: Ըստ նրա, միզապարկի քաղցկեղին նույնպես բնորոշ է ընտանեկան նախատրամադրվածությունը: Եթե ընտանիքի մի անդամը միզապարկի քաղցկեղով հիվանդ է եղել, ապա ընտանիքի մյուս անդամներին հակացուցված է աշխատել անիլինային ներկերով աշխատող քիմիական արտադրությունում: Ուշագրավ մի փաստ ևս. եթե կրծքագեղձի քաղցկեղի դեպքում միայն մայրն է հանդիսանում փոխանցող, ապա մյուս օրգանների դեպքում երկու ծնողն էլ:

Մի քանի անգամ բուժկենտրոնում լինելու առիթ եմ ունեցել և զարմանք եմ ապրել մարդաշատությունից: Մի՞թե հիվանդությունը մեզանում մեծ ծավալների է հասնում:

Բժիշկը վստահեցնում է, որ մեր հանրապետությունում քաղցկեղով հիվանդացության աճը չի տարբերվում մյուս երկրների աճից: Կենտրոնում ամեն օր 12-15 ուռուցքային վիրահատություն է կատարվում, տարեկան` մոտ 3 հազար: Բայց բժշկի մտահոգությունն այն է, որ հիվանդությունը զարգանալու և երիտասարդանալու հակում ունի: Իսկ դա նշանակում է, որ եթե թոքի քաղցկեղով նախկինում հիվանդանում էին միայն 40-50-ից ավելի տարիքում, ապա այսօրվա ցուցանիշն ավելի ներքև է իջնում: Երիտասարդացել է նաև կրծքագեղձով հիվանդների տարիքը: Իսկ պատճառները, ըստ պրոֆեսորի, տարբեր են` սկսած գինեկոլոգիայից, աբորտից, հղիությունից և վերջացրած էկոլոգիայով, ապրելակերպով, սնունդով: Իսկ ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին նպաստող պայմաններին, ապա պատճառներից մեկն էլ կենդանական ճարպոտ սնունդն է:

Քիմիաթերապիա ընդունելու կուրսը հիվանդության փուլից է կախված: Որքան խորացած է այն, այնքան հավելյալ բուժման անհրաժեշտությունը մեծանում է: Եթե շատ է նշանակվում (5,6), ուրեմն հիվանդությունն ավելի խորացած է և լուրջ մոտեցում է պահանջում:

Գաղտնիք չէ, որ մեզանում գոյություն ունի հատկապես քաղցկեղով տառապող հիվանդների միգրացիա, արտերկրում բուժվելու գործընթաց: Մի՞թե մեր պայմանները բավարար չեն:

Պրոֆեսոր Սարգսյանը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, որովհետև իրենց կենտրոնում այդ հիվանդության բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանների 90-99 տոկոսն առկա է: Դեղորայքն էլ ամեն տեղ կա, պետությունն էլ իր հերթին է ապահովում: Սակայն բուժման, հետազոտման հազվագյուտ եղանակներ կան, որոնք դեռ Հայաստանում չկան: Օրինակ` վահանաձև գեղձի վիրահատությունից հետո ռադիոյոդի թերապիայի կարիք է լինում, որը Հայաստանում չկա: Դա կարելի է կազմակերպել, բայց հետազոտությունը հիվանդից ֆինանսական մեծ հնարավորություններ է պահանջում:

Իսկ ի՞նչ կարծիք ունի պրոֆեսորը ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր կառուցվելիք ճառագայթային կենտրոնի մասին: Այն կդառնա՞ տարածաշրջանում առաջինը, ինչպես նախաձեռնողներն են ակնկալում, և կօգնի՞, թե՞ կխանգարի Ֆանարջյան կենտրոնին:

Պրոֆեսորը տեղյակ չէ, թե ինչ եղանակով պիտի այնտեղ հիվանդին բուժեն, բայց կարծում է, որ միշտ էլ նորը ստեղծելը լավ բան է. «Չգիտեմ, նրանք ռադիոիզոտոպներ կարտադրեն, ռադիոիզոտոպային հետազոտություններ կիրականացնեն, ինչը Հայաստանում չկա: Այսինքն, եթե պիտի լրացնեն այն բացը, որը մեզանում չկա, իհարկե ողջունելի է»:

Ինչ վերաբերում է հիվանդի բուժման որակին, պրոֆեսորը կարևորեց, որ կյանքի տևողությունը, ապրելու ժամկետները տարեցտարի լավանում են: Մահացությունը քիչ է, որովհետև առողջացած հիվանդները հիմա մեծ տոկոս են կազմում: Վաստակաշատ վիրաբույժը վստահեցնում է, որ քաղցկեղը ճակատագիր չէ, բուժվող հիվանդություն է, բայց այն պետք է վաղ փուլում հայտնաբերել: Մեզ այլ բան չի մնում, քան հետևել բժիշկի խորհրդին: Բայց ցավն այն է, որ քանի դեռ դանակը ոսկորին չի հասնում, բժշկին չենք հիշում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: