Հայերեն   English   Русский  

Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես նոր շենք ունի


  
դիտումներ: 2460

Գրեթե կես դար անց Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր շենք ունի:

Այսօր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անակնկալ էր պատրաստել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համար:

Գրապալատի մուտքի մոտ նրան հանձնվեց թատրոնի նոր շենքի խորհրդանշական բանալին:

«Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացավ Հայաստանի ազգային գրադարանին: Սա երկար սպասված այն օրն է, երբ ՀՀ նախագահի հանձնարարականով, այս տարածքը տրամադրվում է Մնջախաղի պետական թատրոնին: Գրապալատը միավորվում է Ազգային գրադարանին՝ որպես առանձին ստորաբաժանում: Բոլոր գործառույթները կպահպանվեն՝ գումարած թվայնացման աշխատանքները: Այն շատ հարմար շենք է, քանի որ գտնվում է Երևանի կենտրոնում Դրամատիկական թատրոնի հարևանությամբ: Մշակութային միջավայրը պահպանելով՝ մենք այստեղ կունենանք նոր գույն, նոր շնչառություն»,- ասաց նախարարը:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ հուզված է, որովհետև 20 տարի միայն ինքն է սպասել այս օրվան, իսկ իրենից առաջ՝ 23 տարի իր նախորդները. «Ամեն օր խոսում են այս մասին, բայց ես չէի կարող ենթադրել, որ ընդամենը 2 ամսում հնարավոր կլինի լուծել այս բարդ խնդիրը: Սա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Երբ պրոֆեսիոնալներ գալիս են , իրենց տեղում են լինում, ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ»

Քանի որ շենքը գտնվում է անմխիթար վիճակում, պետբյուջեից գումար կհատկացվի վերանորոգման համար:

Արմեն Ամիրյանը ակնկալում է, որ այս տարվա ընթացքում թատրոնի նոր շենքի բացումը տեղի կունենա:

Հաշվի առնելով շենքի արդեն նախկին նշանակությունը նախարարը հույս հայտնեց, որ առաջին ներկայացումը նվիրված կլինի գրքին:

Շենքում հավաքվել էին նաև Գրապալատի աշխատակիցները, որոնք վրդովված նշում էին, որ իրենց ճակատագիրն իրենց համար անորոշ է: Ա. Ամիրյանը խոստացավ մյուս շաբաթ հանդիպել նրանց և ներկայացնել նոր տարածքը:

«Նրանք աշխատելու են անհամեմատ ավելի բարեկարգ, ջեռուցվող պայմաններում: Հնարավոր են կրճատումներ. Ցանկացած ձեռնարկության վերակառուցում, վերամիավորման արդյունքում կարող են լինել կրճատումներ և փոփոխություններ: Դրանից չենք կարող խուսափել»,- Արմեն Ամիրյանը:

Լուսանկարը՝ Մշակույթի նախարարության մամուլի ծառայության





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: