Հայերեն   English   Русский  

Փնտրվում են միջազգային տուրիստներ Հայաստան այցելելու համար


  
դիտումներ: 3186

Հայաստանում արդեն քանիերորդ տարին է, որ լսում ենք՝ տուրիզմը տնտեսության գերակա ուղղություն է: Բայց միայն լսում ենք: Իսկ հարևան Վրաստանում չոր թվերն էլ են ցույց տալիս, որ տուրիզմն իրոք գերակա ուղղություն է:

Հետաքրքիր է, որ Վրաստանը, ըստ Vogue ամսագրի վարկանիշի, համարվում է անցյալ տարվա ամենապոպուլյար տուրիստական ուղղություններից մեկը: Նման արդյունքներ էին ցույց տվել նաև Ռուսաստանում անցկացված սոցհարցումները: Ըստ Վրաստանի տուրիզմի ազգային տեսչության տվյալների՝ 2016 թ. ընթացքում Վրաստան է այցելել ավելի քան 6 միլիոն 350 հազար միջազգային այցելու: Այդ այցելություններից ավելի քան 2,7 միլիոնը համարվում է զբոսաշրջային: Անցյալ տարվա առաջին 3 եռամսյակների տվյալներով՝ տուրիզմի միջոցով Վրաստան է մտել 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար, որը կազմել է այդ երկրի ՀՆԱ-ի 7,3 տոկոսը: Վրաստանի տուրիզմի ազգային տեսչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն հունվարին հայտարարում էր, որ Վրաստանը տուրիզմի ոլորտում երկու ռեկորդ է սահմանել. առաջինն ընդհանուր տուրիստական հոսքերի թիվն է, երկրորդը` Ռուսաստանից Վրաստան ժամանած տուրիստների թիվը: Ընդհանուր առմամբ, ըստ Չոգովաձեի, 2016 թվականին Վրաստանը 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է ստացել տուրիզմից: Այսինքն` ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստան երբեք այդքան ռուս զբոսաշրջիկ չի այցելել: Փաստորեն, անցյալ տարի Վրաստանն իրոք այս ուղղությամբ ռեկորդակիր էր: Սա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ, եթե մեր դաշնակցի քաղաքացիները նախընտրում են Ռուսաստանի հետ «թշնամական» հարաբերությունների մեջ գտնվող Վրաստանը և քիչ են գալիս Հայաստան, ուրեմն խնդիրը մեր մեջ է:

Նայենք մեր իրականությանը: Փետրվարի 10-ին Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հայտարարեց, որ 2016 թվականին դեպի Հայաստան օտարերկրացիների այցելությունների թիվը 2 միլիոն 800 հազար է, որից զբոսաշրջիկ, ըստ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության, 1 միլիոն 259 հազար 657 հոգի: Այսինքն` նախորդ տարվա նկատմամբ նկատվել է 5.7 տոկոս աճ, որը հիմնականում ապահովել են Ռուսաստանից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից և մի քանի այլ երկրներից եկող զբոսաշրջիկները: Ընդ որում, ամենից շատ աճ է գրանցվել Իրանից այցելությունների ուղղությամբ` շուրջ 30 տոկոս: Աճել է նաև ՌԴ-ից այցելությունների թիվը` շուրջ 2.3 տոկոս:

Թե որքանով են մեր «տուրիստներն» իսկական տուրիստ, այլ ոչ, օրինակ, արտերկրում ապրող ու ամառային արձակուրդն ազգակցականների մոտ անցկացնող «խոպանչի», ըստ մեր վիճակագրությունը վարելու մեթոդաբանության, շատ դժվար է ասել: Համենայն դեպս, ՀՀ իշխանությունները համոզված են, որ զբոսաշրջությունը մեծ ապագա ունի:

Անցյալ տարի՝ դեկտեմբերի 12-ին, Սերժ Սարգսյանը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկումներ անցկացրեց զբոսաշրջության զարգացման թեմայով: Կառավարության ծրագրով, ինչպես այդ խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը, նախատեսվում է 5 տարվա ընթացքում եռապատկել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Իսկ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ մինչև 2020 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է կրկնապատկվի, զբոսաշրջությունից ստացված հասույթն էլ պետք է կազմի 2.5 միլիարդ դոլար:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն ասում է, որ նույն Վրաստանում, որը շատ ավելի մեղմ կլիմա և ծով ունի, մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ են արվել զբոսաշրջության ոլորտում, արդեն ստեղծվել ու կայացել է մի հսկայական տուրինդուստրիա, հիմքից վերակառուցվել են Բաթումին ու Թբիլիսին, նորոգվել ու թարմացվել են բազմաթիվ տեսարժան վայրեր: Իսկ Հայաստանում, եթե տարեկան մեկ-երկու հյուրանոց է բացվում, ապա համազգային իրադարձություն է դառնում:

Այս տեսանկյունից արժե շեշտել նաև պաշտոնական մի փաստ. արտասահմանում Վրաստանը գովազդելու վրա անցյալ տարի ծախսվել է 8.8 միլիոն դոլար գումար: Իսկ Հայաստանի դեպքում անգամ Հռոմի պապի պատմական այցը հավուր պատշաճի չվերածվեց գովազդային արշավի, ինչի հնարավորությունը գուցե դեռ չի սպառվել: Այսինքն՝ Հայաստանը զբոսաշրջիկների համար թերևս բացահայտված չէ: Ինչպես «ՄԻՐ 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր վարչապետ Կարեն Կարապետյանը. «Հայաստանը զբոսաշրջիկների համար դեռևս չգնահատված երկիր է: Հայաստանի մասին շատ բաներ կան, որ մարդիկ պետք է իմանան»:

Եվ մեր երկրի ղեկավարությունը Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալում: Կառավարության հունվարի 26-ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրերի, միայն իրենց ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելը: Զբոսաշրջության պետական կոմիտեին էլ վարչապետը հանձնարարեց, այլ պետական կառույցների ու մասնավոր հատվածի հետ աշխատելով, ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային ծառայությունների մեծ փաթեթ: Իհարկե, ռուս զբոսաշրջիկները ցանկալի հյուր են ցանկացած երկրի համար, քանի որ սիրում են գումար ծախսել և լավ ժամանակ անցկացնել: Եվ եթե հնարավոր լինի «բռնել» ռուս զբոսաշրջիկների երակը՝ դա մեր երկրի համար մեծ նշանակություն կարող է ունենալ ոլորտի զարգացման տեսանկյունից:

Զարմինե Զեյթունցյանն այս առնչությամբ նշում է, որ Ռուսաստանում միայն 10 տոկոսն ունի արտասահմանյան անձնագիր, և տարբեր ոլորտներում աշխատող 5 միլիոնից ավելի մարդ, որոնց արգելված է Ռուսաստանից դուրս ճանապարհորդել, կարող են գալ Հայաստան:

«Այնպես որ՝ այստեղ մենք ունենք հսկայական պոտենցիալ»,- ասում է Զեյթունցյանը:

Բայց փորձենք համադրել նախագահի ասած՝ մեր երկրում տուրիստական հոսքը հնգապատկելու «պայմանավորվածությունը», կառավարության՝ ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան «գրավելու» հույսը և առկա իրողություններից մի քանիսը:

Մենք այսօր ունենք 340 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 22 հազար ննջատեղով: Ունենք նաև բազմաթիվ հյուրատներ, և առաջիկա տարիներին կառուցվելու և շահագործման է հանձնվելու ավելի քան 500 հյուրանոցային համար: Եթե ընդունենք, որ մեկ զբոսաշրջիկը մեր երկրում կմնա միջինը 5 օր, ապա մեր հյուրանոցային ներուժը, անգամ Զարմինե Զեյթունցյանի «ակնկալած» 500 նոր համարների կառուցուցումից հետո էլ, տարվա բոլոր օրերին աշխատելու դեպքում, կարող է ապահովել առավելագույնը 1.7 միլիոն զբոսաշրջիկի…

Կամ արդյոք Հայաստան եկող զբոսաշրջիկը չի՞ հիասթափվի հայկական հողի վրա ոտք դնելուն պես, եթե նրան դիմավորի խաբեբա տաքսիստը՝ իր անշնորհք պահվածքով, «տուրիստ կլպելու» մոլուցքով, չի՞ հիասթափվի, երբ Տաթև հասնելու ամբողջ ճանապարհին ընդամենը մատների վրա հաշված զուգարաններ գտնի, երբ տուրիստական ենթակառուցվածքներ չգտնի, և այլն:

«Ես հրաժարվում եմ լսել զբոսաշրջության զարգացման վերաբերյալ ցանկացած հայտարություն ցանկացած պաշտոնյայի/անհատի/ընկերության կողմից, քանի դեռ «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի կենտրոն հասնելու համար միակ տարբերակը տաքսին է: Զբոսաշրջություն զարգացնող պետությունը, դեռ ինքնաթիռը չիջած, պետք է դիմավորի այցելուին: Ու մինչ այդ էլ օդանավակայանի կայքում մանրամասն պետք է նշել, թե ինչպես հասնել քաղաքի կարևոր կետեր: Առնվազն, եթե մետրո/գնացքը տիեզերական շքեղության է մեր դեպքում, կարելի է գործարկել կարևոր հյուրանոցների մոտ կանգառներով համապատասխան ավտոբուսների պրակտիկան, որը շատ հաջող աշխատում է, օրինակ, ԱՄՆ-ում և Պորտուգալիայում: Առաջին տպավորություններն ու հարմարավետությունը գերկարևոր են: Բացի այդ, ճիշտ գրաֆիկով և երթուղով կազմված ավտոբուսի ցանցն էլ այդ դեպքում պետք է դիտարկել եկամտի աղբյուր»,- գրում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, որ նաև զբաղվում է տուրիստական բիզնեսով:

Անվիճելի է տուրիզմի ազդեցությունը որևէ երկրի տնտեսության վրա, քանի որ օգնում է երկրի ամբողջ տարածքում ֆինանսական եկամուտների ու կապիտալի բաշխվածությանը, նպաստում տարածքների համաչափ զարգացմանը, մշակութային շփումներին, ճանաչելի դարձնում երկիրը և բացահայտում այդ երկրի պոտենցիալը՝ իր բոլոր հնարավոր արդյունքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: