Հայերեն   English   Русский  

​Առաջընթացի համար մեծ ներդրումներ են հարկավոր. գիտնական


  
դիտումներ: 3291

Ստեղծված պայմաններում Հայաստանում գիտությունը փրկելու և հետագայում զարգացնելու համար, ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Վադիմ Օհանյանի կարծիքով, անհրաժեշտ է, որ հայ մեծահարուստները գիտության աջակցության հիմնադրամ ստեղծեն:

«Գաղտնի չէ, որ Հայաստանում կան շատ մեծահարուստ մարդիկ: Նրանք կարող են որևէ հիմնադրամ ստեղծել և աջակցել գիտությանը»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ ժամանակին հայ մեծահարուստներն ավանդաբար մեծ ներդրումներ են կատարել կրթության մեջ, և այժմ բարի ավանդույթները վերականգնելու ժամանակն է:

Գիտության պետական կոմիտեի հրապարակած 100 արդյունավետ գիտաշխատողների ցանկում ընդգրկված Օհանյանը նշում է, որ որևէ երկիր չի կարող ժամանակակից քաղաքակրթության մաս կազմել, եթե գիտություն չունի: «Գիտությունը նաև երկրի հեղինակության չափանիշ է: Առանց հիմնարար գիտության որևէ երկիր չի կարող ունենալ լավ կրթություն և կիրառական աշխատանքներ»,- ասում է նա:

Խոսելով հայաստանյան գիտության խնդիրների մասին՝ Օհանյանն առաջնային է համարում ֆինանսավորման հարցը: Կարծում է, որ պատշաճ ֆինանսավորման պայմաններում թե՛ գիտության զարգացման հեռանկարներ կունենանք, թե՛ գիտնականները կմնան գիտությունում և Հայաստանում:

«Իմ կարծիքով՝ գիտնականների 90 տոկոսը չի գնա Հայաստանից, եթե այստեղ զբաղվելով գիտությամբ՝ ստանա արտերկրում նույն աշխատանքի դիմաց տրամադրվող աշխատավարձի գոնե կեսը»:

Օհանյանը չի ժխտում, որ վերջին տարիներին գիտության ու գիտնականի նկատմամբ պետության ուշադրությունը մեծացել է, որոշակի քայլեր ձեռնարկվում են գիտության պահպանության ուղղությամբ, սակայն ձեռնարկվող միջոցառումները բավարար չեն. «Ճիշտ է, հիմա ունենք Գիտության պետական կոմիտե, որը շատ կարևոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Իրենց աշխատակիցները մեր խնդիրները և աշխատանքի նրբությունները շատ լավ հասկանում են, քանի որ իրենք էլ գիտությունից են եկել: Բայց, ցավոք, նրանց հնարավորությունները սահմանափակ են: Ամենաբարձր մակարդակով դեռ որոշակի խնդիրներ կան, և հիմնարար խնդիրներից մեկը ֆինանսավորումն է»:

Գիտնականը նշում է, որ առաջընթացի համար մեծ ներդրումներ են հարկավոր: Որպես հիմնավորում մատնանշում է այն երկրների ցանկը, որոնք ունեն լուրջ առաջընթաց գիտության ոլորտում. դրանք տնտեսապես հզոր երկրներ են, որոնք հսկայական միջոցներ են ուղղում դեպի գիտություն:

«Ցանկացած կիրառական գիտության հիմքը հիմնարար գիտությունն է, որը պետությունը պետք է ֆինանսավորի: Էլի վերադառնալով զարգացած երկրների փորձին՝ տեսնում ենք, որ հսկայական ֆինանսավորում է հատկացվում հիմնարար գիտությանը, չնայած որևէ օգուտ չի բերում ֆինանսական առումով:

Իսկ կառավարության՝ կիրառական ուղղությանը զարկ տալու մասին Օհանյանն ասում է. «Կիրառականն ավելի ծախսատար է: Բայց եթե որոշակի ուղղությունում սկզբնական փուլից մինչև արդյունքի առևտրայնացումը և կիրառումը հասնելու կամք կա, ապա հնարավորություն կա: Իսկ թե որքանով կօգտվեն դրանից, չգիտեմ»:

Նրա կարծիքով՝ իդեալական տարբերակով Հայաստանում և՛ հիմնարար, և՛ կիրառական գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել: Բայց ծայրահեղ դեպքում հիմնարարի ֆինանսավորմանը չպետք է դիպչել, բայց ավելացնել կիրառականինը:

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը գիտության զարգացմամբ որքանով է հասցնում համաշխարհային զարգացումների հետևից՝ Օհանյանը նշում է՝ նայած որ կողմից կդիտարկենք:

Ըստ նրա՝ միջազգային կապերն օգտագործելու առումով հետ չենք մնում. հայաստանցի ուսանողները կարողանում են սովորել ամենալավ համալսարաններում, ընդունվում ասպիրանտուրա և կատարում լուրջ հետազոտական աշխատանքներ: Շատերն էլ ունենում են մեծ նվաճումներ: Այս պարագայում խնդիրն այն է, որ երբեմն երկրից հեռացած գիտնականների կապը հայրենիքի հետ խզվում է. արտերկրում կարողանում են գտնել իրենց տեղը, ցուցադրել իրենց ողջ պոտենցիալը և համապատասխան գնահատականի արժանանալ՝ հրաժարվելով երբևէ Հայաստան վերադառնալու մտքից:

Իսկ ահա առաջատար երկրների հետ համեմատության պարագայում հետ ենք մնում ժամանակակից զարգացումներից:

Ասում է՝ եթե տեսաբանները կարողանում են աշխատել նաև սուղ ֆինանսավորման պայմաններում, նրանց հարկավոր է թուղթ, գրիչ և համակարգիչ, ապա փորձարարական գիտության պարագայում խնդիրը բարդ է: Համապատասխան ֆինանսավորման բացակայության պայմաններում գիտնականի աշխատանքն անհնար է դառնում: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանում փորձարարական գիտությունն աստիճանաբար հետընթաց է ապրում:

Իսկ թե այդ պարագայում ինչի հաշվին ենք դեռևս գիտական արդյունք ապահովում, Օհանյանը երկու գործոն է մատնանշում. առաջինը՝ խորհրդային տարիներից մնացած մեծ նյութատեխնիկական բազան ու առաջատար մասնագետներն են, երկրորդը՝ միջազգային կապերը և արտերկրի հետ համագործակցության ազատ հնարավորությունը: «Այժմ ցանկացած ուսանող 3-4-րդ կուրսից կարող է գնալ արտասահման, այնտեղ ծանոթանալ գիտական միջավայրին, ստանալ համապատասխան կրթություն և գիտելիք: Միջազգային կապերը հիմա ամուր են, և զարգացման մի մասը դրանով է պայմանավորված»:

Այս պայմաններում դեռ որքա՞ն կկարողանանք մրցունակ լինել ու գիտական արդյունք ապահովել: Օհանյանը դժվարանում է պատասխանել այս հարցին: Նա խուսափում է նաև Հայաստանում գիտության ապագայի վերաբերյալ կանխատեսումներից, ասում է, որ լավատես չէ:

Չնայած գիտության ու գիտնականի կրած դժվարություններին, ապագայի ոչ լավատեսական կանխատեսումներին՝ Օհանյանը նշում է՝ եթե նորից ընտրելու հնարավորություն ունենա, նույն ուղին կընտրի: Դեռ դպրոցում՝ ավարտական դասարանում է հասկացել, որ իր տեղը գիտության ասպարեզում է: «Գիտությունն ինձ համար հետաքրքրություն է: Գիտնականներս մեր անձնական հետաքրքրության խնդիրներն ենք լուծում,- ասում է Օհանյանը և հիշում հանրահայտ կատակը:- Գիտությունը միջոց է որոշակի անձանց հետաքրքրությունը պետության հաշվին բավարարելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: