Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի նոր իշխանությունները նույնպես բարյացակամ են Հայաստանի նկատմամբ


  
դիտումներ: 1119

Վերջերս Հայ - ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիայի նախագահ Ալեքսան Կարապետյանը գործնական կապերի ամրապնդման նպատակով Հայաստանում էր, և առիթ ընձեռվեց զրուցելու նրա հետ ասոցիացիայի նպատակների շուրջ:

- Ինչպե՞ս մտահղացաք հայրենիքից մեկնել և բնակություն հաստատել Ֆրանսիայում:

- Ես Ֆրանսիա մեկնեցի 2008 թ. ոչ թե մշտապես բնակվելու, այլ առողջական խնդիրներից դրդված: Հետագայում պարզվեց, որ Հայաստանում սխալ ախտորոշում էին արել, և Ֆրանսիայում ենթարկվելով երկարատև բուժման՝ ստիպված եղա հաստատվել այնտեղ երկար ժամանակով:

- Որքան տեղյակ եմ, բավական մեծ ներդրում եք ունեցել Ձեր բնակավայրի՝ Բեզե քաղաքի հայկական համայնքի տնտեսական և մշակութային կյանքում:

- Մեր տարածաշրջանը և առհասարակ Ֆրանսիան բավական մեծ հայկական համայնք ունի , սակայն մեր քաղաքն առհասարակ տեղյակ չէ հայ ժողովրդի կյանքին ու պատմությանը: Շատ շարքային քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հայ ժողովրդին ասոցացնում են միայն Շառլ Ազնավուրի անվան հետ: Ես իմ անհատական գործունեությամբ փորձել եմ ակտիվորեն ներգրավվել հասարակական աշխատանքներում և նպաստել Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ պատշաճ տեղեկատվության տարածմանը:

- Ինչպե՞ս և ե՞րբ ստեղծեցիք Հայ -ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիան, և այժմ ի՞նչ գործունեություն է այն ծավալում:

- 2009 թ., երբ Ֆրանսիայում ձեռք բերեցի կեցության իրավունք, ձեռնամուխ եղա ակտիվ գործունեությանը: Նախ գրանցվեցի «Ամնեսթի Ինթերնեշնլ» արդարադատության խորհրդում՝ անդամակցելով նաև Մարդու իրավունքների ասոցիացիային, ինչը ինձ լայն հնարավորություն ընձեռեց հաղորդակցվելու տարածաշրջանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական կարևոր կազմակերպությունների հետ: Կարողացա նրանց շրջանում տարածել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ Ֆրանսիայում շատերը քարտեզի վրա չէին նշմարում մեր երկրի տեղը և այն հաճախ շփոթում էին Ալբանիայի կամ այլ երկրների հետ:

2015 թ. նախաձեռնեցի ասոցիացիայի հիմնումը և իմ ծրագրերի մշակումը: Ասոցիացիայի նպատակն է նպաստել հայ-ֆրանսիական մշակութային և տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Բեզեի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներքին և արտաքին կապերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրի ասոցիացիայի նպատակներն ու ռազմավարությունը և հավանություն ստացա՝ միավորելու երկու երկրների միջև եղած ներուժը ոչ միայն մշակութային, այլև արդյունաբերության, առևտրի և տնտեսության այլ ոլորտներում:

- Որո՞նք էին գործնական առաջին քայլերը, որոնք ձեռնարկել է ասոցիացիան այդ ծրագրերի իրականացման համար:

- Ֆրանսիական կողմը ողջունել է այդ գաղափարը և հայտնել իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ներկայացվածությանը ոչ միայն Բեզեում, այլև տարածաշրջանում: Հայաստանից տարվել են պատմամշակութային գրքեր, ձայնասկավառակներ՝ Արա Գևորգյանի կատարմամբ, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ներկայացրել եմ հայկական դուդուկն իր ծագմամբ և տարածել հայկական ազգային երաժշտությունը:

Շրջակա քաղաքապետներն արդեն տեղյակ են Հայաստանի պատմությանը: Մոտ ժամանակներս նպատակադրված ենք առևտրատնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: Նրանց մասնավորապես հետաքրքրում է արտահանումն ու ներմուծումը:

- Համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ կան, տնտեսության ո՞ր ոլորտներում եք հատկապես փոխգործակցության ներուժ տեսնում:

- Դեռ հստակ պարզ չէ՝ տնտեսության որ ճյուղում կստեղծվի համագործակցություն, սակայն առաջին գործնական քայլը մեկնարկել է և իրենք պատրաստ են հայ գործարարների արտադրանքը ցուցահանդեսի տեսքով ներկայացնել տեղի բնակչությանը՝ սկսած սնունդից մինչև տեքստիլ արդյունաբերություն: Արդեն շատ գործընթացներ կախված են մեր տեղացի հայ գործարարներից և պետության աջակցությունից:

- Ովքե՞ր են անդամագրված ասոցիացիային:

- Ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 2016 թ., ընդգրկված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ֆրանսիացիներ, իտալացիներ և հայեր, որոնք մեծ հետաքրքրություն ունեն այս ծրագրի իրականացման առնչությամբ:

- Քանի՞ բնակիչ ունի Բեզե քաղաքը, հայերը ո՞ր ժամանակներից են այնտեղ հաստատվել և հիմնականում ո՞ր ոլորտներում են զբաղված:

- Քաղաքն ունի 50 հազար բնակիչ, իսկ հայերն այնտեղ հաստատվել են հիմնականում 2000 թվականից սկսած: Հիմնականում ներգրավված են հրուշակեղենի արտադրության մեջ:

- Ֆրանսիան միշտ Հայաստանն իր բարեկամն է համարել, և նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հայամետությամբ բավական մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ընդհուպ օրենսդրության մշակումը Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ: Հայ ժողովրդի նկատմամբ նույնքան բարյացակա՞մ են երկրի նոր իշխանությունները:

- Մարսելում այժմ էլ կան ակտիվ պատգամավորներ, օրինակ՝ Վալերի Բուայեն մեկն էր այն համարձակ պաշտոնյաներից, որոնք հանդիսանում էին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը: ֆրանսիական պառլամենտում հանրապետական ակտիվ պատգամավորներ կան, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն և առանձնակի բարյացակամ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ: Սակայն տարբեր տարածաշրջանների ղեկավարները տարբեր դիրքորոշում ու վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ: Ներկայացնելով ասոցիացիայի գործունեությունը՝ փորձում եմ նրանց շրջանում մեծացնել Հայաստանի ճանաչողությունը և պրոպագանդումը մշակութային և տնտեսական կապերի մերձեցման ուղղությամբ:

Վերջին անգամ հանդիպեցի Նարբոնի քաղաքապետի հետ, նա առհասարակ տեղեկացված չէր Հայաստանի վերաբերյալ: Ֆրանսիացիներն ավելի շատ շահագրգռված են կապ հաստատել քրիստոնյա ժողովուրդների հետ, և վստահ եմ, որ ծանոթանալով հայ ժողովրդի պատմությանը՝ նոր կամուրջ են հանդիսանալու նոր նախաձեռնություններ մշակելու ուղղությամբ: Բեզեն այսօր աշխարհի շատ քաղաքների հետ քույր քաղաք է, դրանց միմյանց միջև իրականացվում է մշակութային և պատմաճանաչողական համագործակցություն:

Նպատակներից մեկն էլ Բեզեն Հայաստանի քաղաքներից մեկի հետ կապելն է: Հակված եմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքին, որը գինիների բնօրրան է և զարգացած արդյունաբերություն ունի: Իսկ Բեզեն հայտնի է խաղողագործությամբ: Այս պարագայում համագործակցությունն արդյունավետ և փոխշահավետ կլինի:

Հարցազրույցը Լ. Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: