Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Բառերը գույներ են հագնում


  
դիտումներ: 5400

Իրական գիրքը ծնվում է երկունքի ցավով: Հրապարակի վրա գրքերը շատ են, մանավանդ մեր օրերում ով ինչ ուզում՝ գրում ու տպագրում է: Գրքերի տեսքով դարակներին են թառում անմշակ տետրակներ` զուրկ ժամանակի զգացողությունից և գեղարվեստական արժեքից: Հաճախ ընթերցողին մոլորեցնում են անգամ գրքերի տիտղոսաթերթերը:

Այս տխուր ֆոնի վրա ինձ կրկին ուրախացրեց նվիրյալ մանկավարժ, պոեզիայի մեծ տանը արդեն որպես համասեփականատեր գրանցված, իր բանական հմայքով, հոգեցունց ներքնաշխարհով միանգամից առանձնացող, ապրելու և սիրելու արվեստի յուրօրինակ սերմնացան Նարինե Բալասբեկյանը: 2013 թ. տպագրված «Աշնան իմ երգը» ժողովածուից հետո ահա ընթերցողի սեղանին նրա չորրորդ գիրքն է` «Հևք» ժողովածուն:

Հույզերով լեցուն բանաստեղծական տողերում իր հոգու ներկապնակն է հանրության դատին հանձնում հեղինակը, հաճախ խոչընդոտների հանդիպող իր կյանքի ճանապարհի օրինակով ներկայացնում մարդ մնալու դժվարությունները, հաղթանակելու և ճիշտ ապրելու իր բանաձևը.

Վերցրու քեզ հետ ժպիտը իմ,

Զնգուն ծիծաղն ու արցունքերը,

Մեր լճակի հարթ հայելին,

Որում իրեն հիշում է Սերը:

Գնահատում է սերը կանացի ներքին զգացողությամբ Նարինեն՝ առաջին տեղում ունենալով սերը՝ հասցեագրված իր պապերի ոստանին` Հայաստանի և Արցախի չքնաղ բնաշխարհին ու իր նախնյաց.

Հյուր եմ եղել շատ-շատերին,

Շատ տեղերում ջերմ ու բարի,

Բայց կանչում է երազներում

Պապիս տունը. «Արի՜… .Արի՜…»

Նարինե Բալասբեկյանի տողերում կյանքը ոչ թե պարզապես անցնում, այլ ուղղակի սահում է, նրա ծիծաղի մեջ լաց կա և լռություն, նաև երկվություն կա, ամենակարևորը՝ լույս ու ջերմություն կա: Բանաստեղծը խոստովանում է, որ խավարի մեջ երկար չի կարող մնալ.

Չեմ հանդուրժում մանրակենցաղ բարքը մարդոց,

Գլուխս վեր քայլում եմ իմ ճամփով քարոտ:

«Հևք - արագ գնացողի ուժգին շնչառություն»,- ներկայացնում է բացատրական բառարանը: Ուժեղ շնչառությունից Բալասբեկյանի բառերը տաքանում են, այդ տաք գրկում բառերը գույներ են հագնում.

Բառերս գույներ են հագնում,

Ինչո՞ւ ես վարանոտ…

Երկինքս խարույկ է վառում,

Ոտքս էլ դեռ… ամպոտ:

Ճակատագրի, երազի և հեքիաթի հայելային արտացոլանք են Նարինեի բանաստեղծությունները: Հենց այդպիսին են նաև նրա արձակ ստեղծագործությունները, որոնցով եզրափակվում է ժողովածուն:

Ինքնակենսագրական բնույթի այս տողերում յուրովի են բացահայտվում հեղինակի մարդկային արժեքները:

-Մայրս Երկինքն էր, հայրս` Հողը, որ երբեք չունեցա ոտքերիս տակ,- ծանր, բայց լիովին անմեղ ինքնախոստովանություն: Հետո նաև կնոջ խոհեր հայելու առաջ: Ու ներկայանում են ընթերցողին անտառը, անմոռուկը, օրվա գույները, գիշերային ռեքվիեմը: Մարդկային հարաբերությունները շարունակվում են… ծիածանում:

Ահա փակում եմ ժողովածուն ու միանգամից աչքիս առջև սահում է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պ. Բոմարշեի XVIII դարում ասված խոսքերը. «Բնությունը կնոջը ասում է` գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու անպայման պետք է լինես»:

Գեղեցիկ, իմաստուն ու շրջահայաց է Նարինե Բալասբեկյանը կյանքում, բանստեղծություններում, արձակ գործերում ու նաև բազմաթիվ հեղինակային երգերում: Ինձ մնում է ասվածին ավելացնել, որ Նարինե Բալասբեկյանի հետ անձնապես ծանոթ լինելու և նրա ստեղծագործական հմայքը վայելելու համար պարտական եմ ալավերդցի ընկերոջս, բազմաշնորհ մանկավարժ Էդուարդ Շահվերդյանին, ինչի առիթով էլ կմնամ երախտապարտ: Հպարտություն եմ զգում նաև, որ ծանոթություն ունեմ և կարող եմ ժողովածուի առիթով ուրախությունս կիսել խմբագիր Հովհաննես Պապիկյանի և «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Վահրամ Մնացականյանի հետ:

Իսկ դու, ընթերցո՛ղ, պարզապես մի ուշանա դառնալ Նարինե Բալասբեկյանի քնարերգության ունկնդիրը:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: