Հայերեն   English   Русский  

​ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 3121

Մամիկոնյանների տոհմը, համաձայն զորանամակի, ընդամենը 1000 զինվոր էր տալիս հայոց բանակին: Չնայած դրան՝ Մամիկոնյանները մեծ դեր են ունեցել հայոց պատմության մեջ: Մամիկոնյանների ծագման մասին տարբեր վարկածներ կան: Համաձայն պատմահայր Մովսես Խորենացու՝ Մամիկոնյանները Հայաստան են եկել Ճենաց աշխարհից: Մեկնաբանելով Խորենացու մեջբերումը՝ ուսումնասիրողների մի մասը Մամիկոնյաններին չինական ծագում է վերագրում, ուրիշները համարում են, որ նրանք Ճենիք գավառից են, ոմանք էլ՝ նրանց երկարմատ են կարծում՝ առաջարկելով վարկած, որ նրանց մի մասն օտար ծագում ունի, իսկ մյուս հատվածը զտարյուն հայեր են:

Ինչևէ: Մամիկոնյանները հայոց ազնվական վերնախավում հայտնվել են ամենևին էլ ոչ ասպետական վարքի շնորհիվ, այլ՝ նենգ դավաճանության:

IV դարի սկզբին, դժգոհելով հայոց Տրդատ Գ արքայի (287-331) վարած քաղաքականությունից, նրա դեմ ապստամբեց Տարոնի տերը՝ Սղուկ Սլկունի իշխանը, որ հայոց հին քրմական տոհմից էր: Սլկունիներին բարեկամ ձևանալով՝ նրանց մոտ է ապաստանում Մամգուն իշխանը, որ օգտվելով ապստամբ Սղուկի վստահությունից՝ նենգորեն սպանում է նրան և սրակոտոր անում Սլկունիների տոհմը: Տրդատ Գ արքան Սլկունիների ողջ տիրույթները հանձնեց Մամիկոնյաններին, որոնք այդպիսով տեր դարձան Տարոնին և հաստատվեցին Ողական ամրոցում:

Լինելով քաջ և ռազմատենչ տոհմ՝ Մամիկոնյանները հատկապես վաղ միջնադարում մեծ դերակատարություն ունեցան հայոց պատմության մեջ՝ երբեմն վարելով նաև հայոց զորքերի սպարապետությունը:

Խոսրով Բ Կոտակ արքայի գահակալման ժամանակաշրջանում՝ 331-338 թթ., հայոց զորքերի սպարապետն էր Վաչէ Մամիկոնյանը, որ բազում հաղթական ճակատամարտեր վարեց: 336 թ. նա Օշականի ճակատամարտում գլխովին ջախջախել է մազքութաց Սանեսան Արշակունի արքային, ապա՝ Առեստի ճակատամարտում՝ պարսից արքա Շապուհ Բ-ի զորքերին: Նա նաև աչքի ընկավ առանձնակի դաժանությամբ՝ բնաջինջ անելով միմյանց դեմ պատերազմող Մանազվաղյանների և Որդունիների տոհմերին, ինչի համար Խոսրով Բ Կոտակը Մամիկոնյաններին նոր շնորհների արժանացրեց և առատորեն պարգևատրեց կալվածքներով: Վաչէ Մամիկոնյանը նաև ճնշեց Բզնունյաց Դատաբեն իշխանի ապստամբությունն ու գլխատեց նրան՝ անխնա որձատելով նաև այս հայկազյան տոհմը: Վաչէ Մամիկոնյանն ընկավ ռազմի դաշտում՝ պարսից բանակների դեմ ճակատամարտերից մեկի ժամանակ:

Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ սպարապետն էր քաջ Վասակ Մամիկոնյանը: Նա սրի քաշեց հայոց արքայի դեմ ապստամբած իշխաններին՝ չխնայելով անգամ իր եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, որ ապստամբել էր հայոց արքայի դեմ: Նա երկար տարիներ պատերազմներ վարեց Հռոմի և Պարսկաստանի դեմ և միշտ հաղթող դուրս եկավ: Պարսից արքան խաբեությամբ միայն կալանեց Արշակ Բ արքային և Վասակ Մամիկոնյանին: Առաջինին Անհուշ բերդում բանտարկեց, իսկ Վասակ Մամիկոնյանին դատեց Տիզբոնում: Փավստոս Բուզանդն այսպես է նկարագրում Վասակի դատը. «Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորն ասաց. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը, պատասխան տալով, ասաց. «Այժմ դու, ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, իսկ մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց.«Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»: Վասակն ասաց.«Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը»:

Շապուհի հրամանով Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Վասակ Մամիկոնյանի եղբայրն էր Վահանը: Նա ապստամբեց Արշակ արքայի դեմ և ուրացավ քրիստոնեությունը: Նրան սպանեց իր իսկ որդին՝ Սամվել Մամիկոնյանը: Սամվելը, որ զուրկ էր որևէ բարոյական հատկությունից, որի համար միակ արժեքը քրիստոնեությունն էր, 387 թ. Հայաստանի բաժանումից հետո անցավ Հայաստանի հռոմեական մաս: Լինելով Արևմտյան Հայաստանի հռոմեական զորքերի հրամանատար՝ նա հաճախ էր օտար բանակներով ասպատակում Արևելյան Հայաստանը: Հռոմի կայսրը նրան կարգել էր Սպերի ոսկու հանքերի վերակացու: Կեղծարարության և յուրացման կասկածանքով կայսրը նրան կանչում է դատի: Եվ նա, որ հանուն կրոնի սպանել էր սեփական ծնողներին, փախչելով՝ ծառայության անցավ պարսից արքայի մոտ:

Վասակի որդին էր քաջ ու հմուտ զորավար Մուշեղ Մամիկոնյանը: Նա աչքի ընկավ Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում: Մուշեղը, սակայն, աչքի չընկավ առաքինությամբ և հայրենասիրությամբ: Նա գերեց պարսից կանանոցն ու ազնվականներին: Լուծելով հոր վրեժը՝ նա հազարավոր պարսիկների մորթազերծ արեց և ուղարկեց Տիզբոն, իսկ անարգված հայոց Փառանձեմ թագուհու վրեժը լուծելու փոխարեն պարսից կանանոցն ուղարկեց հետ, պարսից արքային: Նման կարևոր ռազմավարը հետ ուղարկելը, ինչ խոսք, չի խոսում Մուշեղի հայրենասիրության մասին: Շապուհ արքան նրա պատկերը դաջել տվեց իր գինու բաժակին և ամեն անգամ սեղան նստելիս առաջինը բաժակ էր բարձրացնում նրա պատվին՝ սպիտակաձին թող գինի խմե…

374 թ. հռոմեացիները դավադրաբար և նենգորեն սպանեցին Պապ թագավորին: Մուշեղի անմիջական մասնակցությունը Պապի սպանությանը հաստատված չէ: Բայց մի բան աներկբա է. հռոմեացիները դա արել են Մուշեղի թողտվությամբ: Պապի սպանությունից հետո Մուշեղը ոչ միայն վրեժ չլուծեց հռոմեացիներից, այլև շարունակեց համագործակցել նրանց հետ: Ըստ ամենայնի՝ Մուշեղի համար էլ միակ արժեքը եկեղեցին և քրիստոնեությունն էին, ոչ թե հայրենիքը և պետությունը: 375 թ. հայոց իշխան Բատ Սահառնունին, Մուշեղին մեղադրելով արքայի սպանության մեջ, մորթեց նրան սեղանի շուրջ նստած, ինչպես սպանել էին Պապ թագավորին:

378 թ. Պարսկաստանից ազատվում է մինչ այդ գերության մեջ գտնվող Մանվել Մամիկոնյանն իր եղբոր՝ Կոն Մամիկոնյանի հետ և վերադառնում Հայաստան: Նա պատերազմ է հայտարարում հայոց Վարազդատ արքային: Կարնո դաշտում մենամարտի է բռնվում արքայի հետ, հաղթում նրան, հալածում Հայաստանից և այնտեղ թագավոր հռչակում Պապ թագավորի մանկահասակ որդուն՝ Արշակ Երրորդին, նրան ամուսնացնում իր դստեր հետ, ստանձնում արքայական տան խնամակալությունն ու դառնում երկրի փաստացի տերը:

Մահվան մահճում Մանվել Մամիկոնյանն իր մոտ է հրավիրում հայոց ողջ արքունիքը, մերկանում, ցույց տալիս մարմինը, որի վրա սպիներից ազատ մեկ դահեկանի տեղ անգամ չկար, և լալիս է ասելով, որ իր նախնիք երջանիկ էին, որ զենքը ձեռքին ընկել են մարտի դաշտում… Ինքն անիծված է, որ մահանում է այսպես՝ մահճում…

V դարում Մամիկոնյաններն ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը շնորհիվ եկեղեցու հետ իրենց դաշինքի: Փաստորեն, Մամիկոնյանների տոհմը Հայաստանում դարձավ եկեղեցու արբանյակը և բյուզանդական շահերի պաշտպանը:

Համազասպ Մամիկոնյան սպարապետն ամուսնացավ Սահակ Պարթև կաթողիկոսի միակ դստեր՝ Սահականուշի հետ: Նրանց որդին՝ Վարդան Մամիկոնյանը, ժառանգեց պարթևների կաթողիկոսական տոհմի ողջ ունեցվածքն ու դարձավ Հայաստանի ամենախոշոր հողատերը: Նա նաև իր կաթողիկոս պապի շնորհիվ ստացավ հայոց զորքի սպարապետության պաշտոնը:

450 թ. Հայաստանում Վասակ Սյունի մարզպանի առաջնորդությամբ սկիզբ առավ ազատագրական շարժում: Վարդան Մամիկոնյանը, լքելով ապստամբներին, փախավ Բյուզանդիա: Ապա, երբ Վասակի ճնշման ներքո ստիպված էր վերադառնալ, փոխանակ աջակցեր հայոց մարզպան Վասակին՝ անկախացնելու հայոց երկիրը, Հայ առաքելական եկեղեցու նեղ, հատվածային շահերի պաշտպանը դառնալով պառակտեց շարժումը: Այս քաջ զորականը, Աղվանքում ջախջախելով Սեբուխտի հրամանատարությամբ գործող պարսից բանակը, վերադառնալով Հայաստան և օգտվելով առիթից, որ Վասակ Սյունին երկրի հարավում բանակցում է պարսիկների հետ, իր զորքով մտավ Սյունիք և մեծ կոտորածներ արեց… սյունեցի խաղաղ հայ բնակչության մեջ:

Վարդանն իր կողմնակիցներով վիժեցրեց Հայաստանի ազատագրության ծրագիրն ու ապստամբության հանգուցալուծումը տվեց Ավարայրի դաշտում՝ իր ընտրած սխալ ու միտումնավոր մարտավարությամբ գնալով կամավոր նահատակության՝ հանուն եկեղեցու, ընդդեմ պետականության:

Վարդանի եղբորորդին՝ Վահան Մամիկոնյանը, որ պատմությանը հայտնի է Գայլ Վահան անունով, 481-484 թթ. ապստամբական դրոշ բարձրացրեց պարսից դեմ: Քառամյա պատերազմում նա հաղթեց, սակայն 484 թ. Նվարսակի պայմանագրով, փոխանակ Հայաստանի անկախությունը պահանջեր, ինչը լիիրավ թույլ էր տալիս քաղաքական և ռազմական իրավիճակը, հայության համար ամրագրեց այն, ինչը հայությունն ուներ 428 թվականից ի վեր:

VI դարում Մամիկոնյաններից աչքի ընկավ Կարմիր Վարդան Մամիկոնյանն իր արկածախնդրությամբ: 571 թ. նա կոտորեց պարսկական կայազորն ու փախավ Բյուզանդիա՝ երկիրը ներքաշելով քսանամյա պարսկա-բյուզանդական ավերիչ պատերազմի մեջ: Հայությունն արնաքամ եղավ: Ի դեպ, այս Վարդանը պարսիկների դեմ սուր չճոճեց անգամ, երբ նրանք սպանեցին իր եղբորը: Բայց բավական էր՝ պարսիկները փորձեին Դվինում ատրուշան կառուցել, Կարմիր Վարդանը գործի անցավ:

Մամիկոնյանները շարունակեցին իրենց արկածախնդրությունը նաև արաբական տիրակալության ժամանակամիջոցում:

652 թ.հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին զորեղ արաբական խալիֆայության հետ կնքեց բարենպաստ պայմանագիր, որով Հայաստանի համար ապահովում էր ոչ միայն ներքին լիակատար անկախություն, այլև արաբների զինական աջակցությունը՝ Բյուզանդիայի հարձակման դեպքում: Սակայն հայ եկեղեցին և Համազասպ Մամիկոնյանը, դա համարելով «Պայմանագիր՝ կնքած սատանայի հետ»՝ խափանեցին նրա գործածությունը: Ռշտունյաց իշխանին հեռացրին քաղաքական կյանքից, աքսորեցին Աղթամար կղզի և բյուզանդական զորք հրավիրեցին Հայաստան: Հետևանքն այն էր, որ արաբական բանակը, մտնելով Հայաստան, գրավեց երկիրն ու հպատակեցրեց իրեն:

VIII դարում աչքի ընկավ իշխան Գրիգոր Մամիկոնյանը, որ 747-750 թթ. հակաարաբական ապստամբության նախաձեռնողն էր: Արաբներն արյան մեջ խեղդեցին այս ապստամբությունը: Ի դեպ, ինչպես նախորդ դեպքերում, Մամիկոնյաններն այս անգամ էլ խնդիր էին դրել ոչ թե ազգային անկախությունը, այլ Հայաստանում Բյուզանդիայի ազդեցության տարածումը:

Նման մի արկածախնդրություն էլ նախաձեռնեց Արտավազդ Մամիկոնյանը 774 թ.: Նա թալանեց և սպանեց արաբ հարկահաններին, ապա փախավ Բյուզանդիայի հպատակության տակ գտնվող Եգերք՝ երկիրը թողնելով արաբական պատժիչ ջոկատների տնօրինությանը:

Ի վերջո, արաբական խալիֆայության ճնշումների ներքո և հայ Բագրատունիների գործուն միջամտությամբ Մամիկոնյանները տարագրվեցին իրենց տիրույթներից դեպի Բյուզանդիա: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց Լոռիում՝ իշխանության կենտրոն հաստատելով Դսեղ գյուղը: Նրանցից է սերում հայ անվանի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Մամիկոնյանների տոհմը հաստատվեց Բյուզանդիայում, ուր նրանք անվանի զորահրամանատարներ դարձան, իսկ ոմանք բյուզանդական գահ բարձրացան: Մամիկոնյանները Բյուզանդիայում աչքի ընկան նաև մշակութային գործունեությամբ: Թեոդորա Մամիկոնյան կայսրուհին և իր եղբայր Վարդաս Մամիկոնյանը X դարում Կոստանդնուպոլսի մոտ հիմնեցին աշխարհում առաջին՝ Մագնավայի համալսարանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: