Հայերեն   English   Русский  

​Կաղապարի մեջ չտեղավորվող Թումանյանը


  
դիտումներ: 5681

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու, իսկ փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի օր: Այս տոների և դրանցից բխող հարցերի շուրջ էլ զրուցել ենք Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ: Նա հենց սկզբում նկատեց` գիրք նվիրելու համար լավագույն օրն է փետրվարի 19-ը, քանի որ Թումանյանը գրքերի շնորհիվ կայացավ` ինքնակրթությամբ փակելով ակադեմիական ուսման բոլոր բացերը:

- Այդ օրն այսպես թե այնպես տոն է ոչ միայն մեր թանգարանում, այլև բոլորի սրտերում, ուստի բանաստեղծի ծննդյան, լավ առումով՝ մեծ իրարանցմանը հիմա ավելացել է գիրք նվիրելու ավանդույթը. մեր այցելուները ցանկության դեպքում փետրվարի 19-ին գալիս են գրքերով, որոնք ամեն տարի առաքում ենք սահմանամերձ որևէ գյուղի գրադարան, որը դրանց կարիքն ավելի շատ ունի:

- Տիկին Թուխիկյան, կպատմե՞ք Թումանյանի գրքասիրության մասին:

- Թումանյանի սերը գրքերի հանդեպ սկսվել է հենց իր ընտանիքից. հայրը` տեր Թադևոսը, գյուղի քահանան էր և լավ գրադարան ուներ, որի հիմքը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն էր: Այն մեծ ազդեցություն է ունեցել բանաստեղծի կերպարի ձևավորման և ազգային ինքնության ամրագրման վրա: Հետո, երբ պատանի Հովհաննեսը գնաց Ջալալօղլիի դպրոց, դրա տնօրենը` Տիգրան Տեր-Դավթյանը, նույնպես շատ զարգացած, աշխարհ տեսած մարդ էր և ահռելի գրադարան ուներ, որից օգտվող ամենաակտիվ աշակերտը Թումանյանն էր: Հենց այդ գրադարանն էր, որ բացեց նրա աչքերը աշխարհի մասին ունեցած պատկերացումների առումով: Իսկ արդեն Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում Թումանյանն ունեցավ փառահեղ ուսուցիչներ, որոնք էլի գրքերի միջոցով մեծ փոփոխություններ մտցրին նրա կյանքում: Եվ պատահական չէ, որ առաջին աշխատավարձով նա հենց գրապահարան գնեց, որտեղ պիտի պահեր իր սուղ միջոցներով ձեռք բերած գրքերը, ինչպես նաև տնից բերած «Վերք Հայաստանին»:

- Գրքերի այդ փոքրիկ աշխարհը պիտի վերածվեր Թումանյանի հսկա գրադարանի, որի 8 հազարից ավելի կտորներն այժմ պահպանվում են ձեր թանգարանում:

- Այո, բայց իրականում 10 հազարից ավելի գիրք է ունեցել. պարզապես ժամանակի ընթացքում դրանք կորել են, կամ մարդիկ վերցրել ու չեն վերադարձրել: Այդ պատճառով էլ Թումանյանը բարկացել և գրքերի բոլոր պահարանները քողարկել է ապակեպատ դռներով: Այժմ մենք շատ մեծ խանդաղատանքով ենք վերաբերվում այդ գրքերին: Նախ՝ դրանք դասդասված են ճիշտ այնպես, ինչպես բանաստեղծն է կամեցել: Եվ մենք ամեն տարի բավական մեծ թվով գրքեր, ինչպես նաև հեղինակի ձեռագրերը հանձնում ենք «բուժման», որովհետև դրանք հնատիպ են և խնամքի կարիք ունեն: Այդ հարցում մեզ օգնում է Մատենադարանը: Ուստի խիստ հազվադեպ ենք գրքերը տրամադրում ընթերցանության:

- Այդ հարուստ գրադարանում ո՞րն էր Թումանյանի սիրելի գիրքը կամ հեղինակը:

- Դժվար է ասել, քանի որ բանաստեղծի գրադարանում շատ են նաև գիտական գրքերը, անգամ այլալեզու, և բոլորն էլ՝ հիմնականում նրա նշումներով: Պիտի ենթադրեմ, որ մեծ տեղ է հատկացրել Շեքսպիրին ու Սերվանտեսին:

- Տոնից անկախ` այսօր ունե՞նք գիրք նվիրելու սովորույթ:

- Կարծես արմատավորվում է այդ ավանդույթը, և հատկապես ինտելեկտուալ, ազատ մտածող երիտասարդների մոտ եմ փոփոխություն նկատում: Ինքս էլ հատկապես երեխաներին նախընտրում եմ գրքեր նվիրել Կաղանդի կամ իրենց ծննդյան տոներին:

- Մայրենիի օրվան ընդառաջ ի՞նչ կասեք մեր լեզվի վիճակի և դրա նկատմամբ ունեցած հասարակության վերաբերմունքի մասին:

- Մեր մայրենին այսօր ողբերգական վիճակում է, և մեղքը բոլորինն է: Մայրենիի օր հռչակելը դեռ ոչինչ չի տալիս, այլ, ինչպես մեր կյանքի շատ դեպքերում, ձևը գերակշռում է բովանդակությանը: Մեր լեզվի պահպանությունն ամենօրյա գործ է և ոչ միայն դպրոցինը: Դա նաև ընտանիքի ու մամուլի խնդիրն է, հատկապես եթերային լեզվի մասին է խոսքը: Թումանյանն էլ իր հոդվածներում ունի անդրադարձներ լեզվին: Նա կարծում է, որ մայրենիի մեջ մեր հայրենիքն է, և միայն սովորելով հնարավոր չէ յուրացնել լեզուն, այն պիտի զգալ:

- Մեր լեզվի հետագա ճակատագրի առնչությամբ վտանգ տեսնում ե՞ք:

- Այո, և այդ վտանգը տեսնում եմ ոչ միայն արևելահայերենի, այլև արևմտահայերենի առումով, քանի որ չեմ կարող տարանջատել մեր լեզվի այդ երկու ճյուղերը: Օրինակ` հիմա ինչքա՜ն ներգաղթյալներ եղան Սիրիայից, որոնք արդեն տևական ժամանակ այստեղ են և շփումների արդյունքում փոխում են արևմտահայերենը: Արևելահայերենով խոսողները, մտածողները որևէ քայլ չեն անում դեպի արևմտահայերենը. մենք կուլ ենք տալիս այդ ճյուղը: Շատ ափսոսում եմ, որովհետև արևմտահայերենը անչափ գեղեցիկ լեզու է և ահռելի հարուստ գրականություն ունի, որը մի քանի սերունդ հետո լեզվի հետ միասին մատնվելու է կորստյան: Ինչ-որ բան, չգիտեմ ինչ, բայց պիտի փոխվի, որ արևմտահայերենը չդառնա մեռած լեզու` միայն գրականության մեջ, և դա Հայաստանի քաղաքականությունը պիտի լինի, Հայաստանի իշխանությունների գործը:

- Այսօր ձեր թանգարանն իրականացնո՞ւմ է այնպիսի միջոցառումներ, որոնք իրենց գույնն ունեն մեր մշակութային իրականության մեջ:

- Գիտեք, մշակութային կյանքում կարևոր է, որ ստանդարտը կոտրվի, և քանի որ Թումանյանը ազատ մարդ էր, ազատ մտածող, որևէ կաղապարի մեջ չտեղավորվող, ապա մեր արածներն էլ են այդպիսին դառնում, մեր մտածողությունը Թումանյանն է փոխել: Կաղապարը մեզ համար մահացու մի բան է: Օրինակ` արդեն դուրս ենք եկել փողոց. օգտագործում ենք մեր թանգարանի աստիճաններն անգամ մարդկանց որևէ բան ուսուցանելու առումով: Ունենք մանկական գործող թատերախումբ` «Ռոտոնդան»: Իրականացնում ենք «Երկնքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասացության և բարբառի փառատոնը: Այն տեղի է ունենում սեպտեմբերի վերջին, տևում է երեք օր, գալիս են Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու ամբողջ աշխարհի տարբեր անկյուններից` իրենց բարբառներով հեքիաթ պատմելու, որն էլի թումանյանական է, որովհետև նա անչափ սիրում էր բանահյուսական նյութը և որպես հիմք օգտագործում էր իր ստեղծագործություններում: Տարիքային սահմանափակում չկա: Մասնակցում են նաև Հայաստանում բնակվող ազգային համայնքները, նրանց մայրենի լեզվով հեքիաթ պատմելու հնարավորություն է տրվում, ու թեպետ մենք չենք հասկանում, նրանց համար դա շատ կարևոր է:

- Ի՞նչ հետագա ծրագրեր ունեք, ի վերջո Թումանյանի հոբելյանական 150-րդ տարին է մոտենում:

- Գրեթե բան չի մնացել, շատ ծրագրեր ունենք իրականացնելու: Այն, ինչ կապված է մեր աշխատանքի, մտահղացումների հետ, անում ենք, բայց շատ գլոբալ հարց կա, որ առ այսօր լուծված չէ՝ թանգարանի նորոգման հարցը: Նաև մշակել ենք նոր տիպի ցուցադրության հայեցակարգ: Իհարկե, հուշային մասն անձեռնմխելի է, բայց առաջին հարկն անպատճառ պետք է փոխվի. մեզ մոտ հիմա նյութերը ցուցադրված են ժամանակագրական կարգով, իսկ Թումանյանի դեպքում սխալ է ժամանակագրությունը հիմք ընդունել: Նրա գործառույթները շատ բազմազան են եղել, հետևաբար, Թումանյանը պիտի ներկայացվի ոլորտ առ ոլորտ: Նաև նախատեսում ենք հատուկ մի հարթակ երեխաների համար: Բայց այդ ծրագրերի իրականացումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով, որը պետության հոգածության հարցը պետք է լինի: Սկսել ենք նաև Թումանյանի ստեղծագործությունների հատընտիրի նախապատրաստական աշխատանքները, ցանկն արդեն ունենք, պիտի տանք անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, 2019-ին արդեն սեղանին պետք է ունենանք, և հետո պիտի դա աշխարհին ծանոթացնելու ճանապարհ գտնենք, եթե ուզում ենք, որ մեր մշակույթը տարածվի: Շատ ուրիշ ծրագրեր ունենք, որոնց մեկնարկը հիմա ենք տալիս, որ հասցնենք, քանի որ 2019-ին, բացի ծառայություններ մատուցելուց, ուրիշ բանի ժամանակ չենք ունենալու:

- Եվ ո՞րն է Թումանյանի ժամանակակից մնալու, մեզ բոլորիս հասունացնելու և բոլորիս հետ հասունանալու գաղտնիքը: Դա ձեր թանգարանին տալի՞ս է առավելություններ:

- Թումանյանն այնքան բնական է ինքնին և այնքան է մեր մեջ, և մենք` իր մեջ, որ նա դարձել է մեր ինքնության անքակտելի մասը, ինչը երևի տիեզերքից իրեն տրված առաքելություն է, այդ զարմանալի բնականությունը, բովանդակային լինելը, հոգու և ձևի աննկարագրելի ներդաշնակությունը: Բնականաբար, եթե մեր թանգարանն ուղղակի լիներ մի չոր շենք և ներսում որևէ կյանք չլիներ, այսինքն` ուրիշների կողմից կյանք չտրվեր, ինքնին էլի կլիներ շնչավոր Թումանյանի օգնությամբ: Պարզապես մեր պարտքն է բանաստեղծին մենակ չթողնել: Ասեմ, որ նա անընդհատ կապի մեջ է մեզ հետ և մենք` իր հետ: Դրա գաղտնիքը չեմ կարող բառերով բացատրել: Ինչ հաջողությունների որ հասնում ենք թանգարանում՝ Թումանյանի, նրա տված ուղղության շնորհիվ է: Նա ամենայն հայրիկն է, որ մեզ բոլորիս կանչում է դեպի իրեն:

Արփի Խաչատրյան






Մեկնաբանություններ - 1

Suren Petrosyan     18.02.2017 Երբ տկն. Թուխիկյանը խոսում է՝ ուզում ես պարզապես լսել նրան: Շնորհակալ ենք:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: