Հայերեն   English   Русский  

​Սև հինգանոցների՚ գործը և Հարություն Պեզճյան ամիրան


  
դիտումներ: 2840

Հարություն Պեզճյան ամիրան (մետաքսի Գազազ Արթին ամիրա, 1771-1834) XVIII դարի արևմտահայության փայլուն դեմքերից է, ժամանակի թուրք սուլթաններից «եվրոպասեր»հորջորջված Սուլթան Մահմուդ Բ-ի անձնական սեղանավորն ու տարիների հավատարիմ, իմաստուն խորհրդականը : Kazaz մականունը նշանակում է մետաքսի վաճառական, որով նա զբաղվել է մինչ պալատ գալը` շարունակելով հոր` մետաքսի վաճառական Պեզճի Պողոս աղայի գործը:

Գումգափու թաղի Մայր վարժարանի ամենաուշիմ աշակերտը 12 տարեկանում որոշում է թողնել ուսումը և շարունակել այն շուկայում: Այս արտառոց արարքն ապշեցնում է բոլորին, հուսահատեցնում ծնողներին, որոնք իրենց միակ արու որդուն երազում էին տեսնել ուսյալ ու կրթյալ: Սակայն տեղի են տալիս փոքրիկի վճռականությանն ու արցունքախառն աղաչանքներին: 1783-ից Հարություն Պեզճյանը սկսում է զբաղվել կտավի, մետաքսի վաճառականությամբ: Նա ամենից վաղ էր գալիս խանութ և ամենից ուշ լքում այն: Հայրական խորհուրդը հետևյալն էր. «Հաջողելու համար երկու բան է պետք` աշխատել և խնայել»: 17 տարեկանում արդեն մետաքսի ճանաչված մասնագետ էր, 20 տարեկանում իր խնայողություններով մի խանութ է բացում, սեփական գործ սկսում, տասնյակ աշխատողներ է ունենում, բոլորն էլ` հայ: Հարությունի միակ հաճույքը կիրակի օրերը եկեղեցի գնալն ու դպրություն անելն էր:

Մի օր նրա խանութի առջև գեղեցիկ նժույգներով լծված փառավոր մի կառք է կանգնում: Խանութ է մտնում սուլթանական պալատի ամենանշանավոր հայ ամիրան` Հովհաննես Տյուզյանը: Այս տոհմի անդամները տարիներ շարունակ եղել են սուլթանի և մայր սուլթանի ոսկերչապետները, դրամահատարանի ղեկավարները` տնօրինելով կայսրության և սուլթանների գանձարանը: Ամիրան իշխանական առաջարկով էր եկել: 1802 թ. Հարություն Պեզճյանը նշանակվում է Տյուզյանների ընտանիքի գործերի վերակացու և մինչև կյանքի վերջը ծառայում հավատարմորեն:

Նրա ազնիվ ու խելացի վաճառականի համբավը շատ արագ տարածվում է Պոլսում: Նա դառնում է Սուլթան Մահմուդ Բ-ի անձնական սեղանավորը: Այս պաշտոնը վերաճում է անձնական մեծ բարեկամության: Սուլթանական անձնական գանձի նախարարությունը տևականորեն հայ նախարարների ձեռքում է եղել, նույնիսկ` հայատյաց Աբդուլ Համիդ Բ-ի օրոք (Գազազյան Հակոբ փաշա, Փորթգալյան Միքայել փաշա, Հովհաննես Սաքըզ փաշա և այլք):

Ընդհանրապես սեղանավորական (դրամափոխների) դասը կազմել է ամիրայական ցանկի գերակշռող մասը, որոնցից շատերի արմատները Ակնից են: Գալով Պոլիս, հաջողությունների հասնելով` նրանք դառնում էին տերության ամենահեղինակավոր մարդկանց սեղանավորները:

1807 թ. Հարությունը 12 հոգու (հրեա, հայ) փրկել է ենիչերիների կախաղանից: Ավելին, իր կտակով ապահովել է նրանցից մի քանիսի հետագա գոյությունն ու բարգավաճումը: 250 հազ. ոսկու բարերարություն է արել: Գազազ Արթին ամիրան և մյուս ամիրաները Սուլթան Մահմուդ Բ-ին էին նվիրել մի առագաստանավ, որով ճամփորդում էր սուլթանը:

Երբ Արքունի փողերանոցի տնօրեն Տյուզյանները բանսարկության պատճառով գլխատվեցին, 1819 թ. Պեզճյանին հանձնվեց Արքունի փողերանոցի վերատեսչությունը, որտեղ նա ծառայեց ավելի քան 10 տարի:

Պեղճյանն ազգանվեր շատ գործեր է արել:Երբ 1826 թ. հունիսի 8-ի հրդեհից այրվել էր նաև Պատրիարքարանը, Մայր եկեղեցին, Պեզճյան ամիրան մեծ գումար բաժանեց տուժածներին, կառուցեց Մայր եկեղեցին ու Պատրիարքարանը, վերանորոգեց շատ եկեղեցիներ, վարժարաններ: Նա երկու դպրոց է հիմնել, նաև` Պերայի աղջիկների ասեղնագործության վարժարան ու արհեստանոցը:

1832 թ. արքունի գանձարանի Թահիր անունով նախարարը Սուլթանին համոզում է ու հրամանագիր վերցնում այն մասին, որ բոլոր հպատակ ժողովուրդների եկեղեցիների, վանքերի եկամուտներն արքայական գանձարանին տրվեն և այնտեղից էլ մատակարարվեն: Այդ ազգերի գլխավորներն ապարդյուն պայքարից հետո դիմեցին Պեզճյան ամիրայի օգնությանը: Նա մի պարապ կանթեղով գնաց պալատ: Սուլթանը հարցրեց, թե ինչ է բռնել:

- Եկեղեցիներում յուղ չկա կանթեղները վառելու համար, ուղարկեցին այս կանթեղը Ձերդ վեհափառությանը:

Սուլթան Մահմուդը զգալով, թե ի՞նչ է ուզում հասկացնել Գազազ Արթինը, հրամանը հետ է վերցնում:

Պատերազմական, ճգնաժամային պահերին հայ հպատակների կողմից Օսմանյան կայսրությունը փրկելու օրինակները քիչ չեն: Սուլթան Սուլեյման Կանունիի կյանքը փրկող Քարասեֆերյան Մանուկը փոխարենը խնդրում է, որ սուլթանն իր հայ հպատակներին բարյացկամությամբ վերաբերվի:

1808 թ. գահ բարձրացավ երկրում բարենորոգչական շրջանի սկզբնավորող Մահմուդ Բ սուլթանը: Նրա հիմնական խորհրդականն ու աջակիցը արքայական դրամահատարանի ղեկավար Հարություն Պեզճյան ամիրան էր: Նրա տնտեսագի-տական ու դիվանագիտական բացառիկ տաղանդի հետ են կապվում երկիրը ճգնաժամերից փրկելու փաստերը:

Պեզճյան Հարություն ամիրայի և Միրզայան Մանուկ բեյի անվան հետ է կապվում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Սուլթան Մահմուդ Բ-ին անասելի ծանր վիճակից հանելու եղելությունը: 1829 թ. ռուս-թուրքական պատերազմի ավարտին ռուսներին տրվելիք 15 միլիոն ռուբլի ռազմատուգանքի հսկայական չափն ուղղակի անկարելի ու անիրականանալի էր թվում սուլթանին: Վճարելու ո'չ դրամ կար և ո'չ էլ կռիվը շարունակելու համար զինվոր: Սուլթանի մոտ ազատ ելումուտի շնորհ ունեցող, նրա մտերիմ ու խորհրդական Գազազ Արթին ամիրայի հնարամտության շնորհիվ հնարավոր է դառնում երկիրը փրկել ակնհայտ փորձանքից: Այս պատմությունը հայտնի է, որպես"Սև հինգանոցների"գործ: Գազազ Արթինի խորհրդով ժողովրդից հավաքում են պղիձ, արծաթ, հալեցնում և մի քանի գիշեր ու ցերեկ ՙսև հինգանոցներ՚ ձուլում: Նոր ձուլվածների փայլը մաշեցնելու համար Սբ.Սոֆիայի հրապարակում հավաքում են զորքը, նոր, փայլուն դրամները, անցնելով ձեռքից ձեռք, մի քանի ժամվա ընթացքում կորցնում են նոր հատված դրամի փայլը, մաշվածի տեսք են ստանում: Դրանով Ղալաթիայի եվրոպական բանկերից գնում են հունգարական ոսկի, որը և Գազազ Արթինը հասցնում է Մենշիկովին որպես ռազմատուգանք: Մենշիկովն ափսոսանքն է հայտնում, որ նման խոշոր դիվանագետը թշնամու բանակում է գտնվում և ոչ թե իրենց է ծառայում: Ռուսական բանակներն անմիջապես հետ են քաշվում:

Այս փրկարար գործի հաջող իրագործման համար Սուլթանը, ի նշան բարձրագույն գոհունակության ու սիրո, անձամբ նրա կուրծքը զարդարել է"Թասֆիրի Հյումայուն՚"բարձրագույն շքանշանով:

Պեզճյան ամիրայի խորհրդով էր, որ Սուլթանը դիմեց ռուսների օգնությանը, երբ Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալի փաշան, գրավելով երկրի մեծ մասը, Ստամբուլի պարիսպներին էր հասել: Գազազ Արթին ամիրան մեծապես նպաստել է Կայսրության ֆինանսավարկային համակարգի կարգավորմանը:

Ամիրան չափազանց ազգասեր ու բարերար անձ է եղել: Նա չհասցրեց, ավելի ստույգ` չուզեցավ դավաճանել իր միակ սիրուն` Տյուզյան ընտանիքի օրիորդին, և այդպես էլ ընտանիք չկազմեց:

Պեզճյան ամիրան Մահմուդ Բ-ի,"ՙաջ բազուկն ու աչքի լույսն էր": Բացառիկ ազդեցիկ ու ազնիվ անձ, մեծ հայրենասեր ու խոշոր դիվանագետ: Երբ ջրգողությամբ հիվանդացավ, Սուլթանը երկու սենեկապետների հետ ծպտված եկավ նրա հուղարկավո-րությանը` վերջին հրաժեշտը տալու իր սիրելի մարդուն£ Սուլթանը հրամայեց, որ դին տարվի պալատի առջևով ու թաղվի Մայր տաճարում:

Այս մեծ բարերարն է 1832 թ. հիմնադրել Պոլիսի Ս.Փրկիչ Ազգային Հիվանդանոցը, որն այսօր ոչ միայն շարունակում է իր մարդասիրական փառավոր ուղին, այլև համարվում է Թուրքիայի առաջին հիվանդանոցներից մեկը: Նրա դռները բաց են բոլոր ազգությունների համար:

Պեզճյան ամիրայի գործունեության ժամանակաշրջանը երախտապարտ պոլսեցիներն անվանել են"ՙպեզճյանական դար":





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: