Հայերեն   English   Русский  

Փետրվարի 20-24-ը Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ


  
դիտումներ: 1660

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ:

Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե ղեկավար օղակների և թե հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով և ձևավորելու ապագայի ընդհանուր տեսլական:

Առաջիկա որակի շաբաթվա ընթացքում տեղի կունենան աշխատաժողովներ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, իսկ շաբաթը կամփոփվի երկօրյա համաժողովով, որի թեման կլինի գնահատման համակարգերի բարելավումը:

Որակի շաբաթը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովով:

Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի և արդյունավետ ուղիներ որոնելու համար:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից; աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց; մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ; բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:

ՈԱԱԿ-ը, կարևորելով դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 21-ի աշխատաժողովը կնվիրի երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:

Աշխատաժողովի ընթացքում, քննարկումների միջոցով լուծման ուղիներ դուրս բերելու նպատակով, անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և կրեդիտների բաշխումը; ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը; միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև; գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ; որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ; դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող; որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:

Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ:

Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Որակի շաբաթվա երրորդ օրը նվիրված կլինի մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը:

ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կկազմակերպի աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը, գործընթացից քաղված դասերը:

Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին:

Որակի շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Ընթացիկ տարում մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին, գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի ընդհանուր պատկերի հստակեցմանը: ՈԱԱԿ-ը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերն որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը, ՈԱԱԿ-ը որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները: Կլաստերային աուդիտի չափանիշները քննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:

Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:

Տեղի կունենա շահակիցների քննարկում «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:

Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:

Կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի գործունեության մեկնարկը:

Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: