Հայերեն   English   Русский  

Բասկերի երկրի ներկայացուցիչները հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում


  
դիտումներ: 294

Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային, Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային:

Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց՝ Արցախում դիտորդական առաքելություն կատարելու հրավերն ընդունելու համար և նշել, որ յուրաքանչյուր նման միջոցառում՝ լինի հանրաքվե կամ ընտրություն, քաղաքական քննություն են երիտասարդ պետության համար:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինակի Իրզաբալբեիտան ընդգծել է, որ Արցախը և Բասկերի երկիրը կիսում են նույն արժեքները՝ ի դեմս խաղաղության ու ժողովրդավարության­­
«Այստեղ մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն»,-նշել ԵԽ նախկին պատգամավորը:

Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա դա Լակալան, ներկայացնելով իր դիտարկումները հանրաքվեի ընթացքում, նշել է, որ օրվա ընթացքում եղել է 14 ընտրատեղամասում և ականատես է եղել գործող ժողովրդավարության:

«Այստեղ կան ժողովրդավարական տարրեր և արժեքներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Ես հիացած եմ հատկապես Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածով, որտեղ նշվում է, որ եթե զավակը վճարունակ է, ապա պարտավոր է հոգ տանել իր ծնողների մասին: Դրանք վեհ արժեքներ են, որոնք, ցավոք սրտի, մեզ մոտ իսպառ վերացել են»,-ընդգծել է Լորենա Լոպեսը:

Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան, ով առաջին անգամ է Արցախում, կարևորել է այն փորձը, որը այս օրերի ընթացքում կուտակել է Լեռնային Ղարաբաղում.

«Ես այսօր հասկացա՝ կապ չունի բնական ռեսուրս ունես, թե ոչ, հարուստ ես, թե ոչ, կարևորը կայունությունն է համոզմունքներում և արժեքներում, ինչը դուք ունեք: Չնայած այդքան զրկանքներին ու կորուստներին՝ դուք չեք կորցրել ձեր ինքնությունը և տնօրինում եք ձեր ճակատագիրը: Մենք պատրաստրաստակամ ենք օգնելու ձեզ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում»,-նշել է Խոսե Մարի Էտչեբերիան:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հեռանակարային է գնահատել Բասկերի երկրի հետ հետագա համագործակցությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: