Հայերեն   English   Русский  

Գոնե ուրիշների երեխաներն էլ չսպանվեն. խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայր


  
դիտումներ: 307

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:

Նրանցից մեկը Հերիքնազ Գասպարյանն է, որն ամեն շաբաթ նույն պահանջով արդեն 4 տարի շարունակ գալիս է Կառավարություն:

Նրա որդին՝ Արման Մուրադյանը 2011 թվականին էր զորակոչվել բանակ: Նախ ծառայել էր Լուսակերտում, ապա ԼՂ պաշտպանության բանակում՝ Մարտակերտում: 20 ամիս ծառայելուց հետո 2013 թվականի հուլիսի 30-ին Արման Մուրադյանի դին հայտնաբերվել է դիրքերում՝ հրազենային վնասվածքով: Ըստ պաշտոնական վարկածի՝ 20 –ամյա զինվորը ինքնասպանություն է գործել: Մոտ մեկ տարի տևած դատավարությունից հետո գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը կալանավորվել է:

Հերիքնազ Գասպարյան

Տուժող կողմի ներկայացուցիչները չեն մասնակցել դատական նիստերին. «Մենք չենք մասնակցել դատավարությանը: Պաշտպանության և Արդարադատության նախարարներին խնդրեցինք, որ այն տեղափոխվի Հայաստան, ոչ մեկ ընդառաջեց: Ասում են՝ իբր մայորը դրդել է նրան ինքնասպանության: Իմ էրեխեն ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ: Նա ամեն օր զանգում էր ինձ, ասում էր՝ մա´մ, հետ գալու օրերս հաշվի: Էրեխուս զենքը բոլորի դիմաց մաքրել է: Զինգրքույկում էլ ուրիշ զենք է գրանցված: Այն զենքը, որով նա իբր ինքնասպան է եղել, չկա»,- Անկախի հետ զրույցում պատմեց տիկին Հերիքնազը: Այս 4 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա չի ընդունել Արման Մուրադյանի ընտանիքի անդամներին.« Գլխավոր դատախազը խոստացել է մեզ ընդունել, բայց մինչև հիմա չի կանչել: Մյուս շաբաթվա ընթացքում մեզ Պաշտպանության նախարարն է կանչելու իր մոտ»:

Տուժեղ կողմը պահանջում է, որ գործը վերաբացվի. «Անարդարությունը պետք է վերանա: 20 ամիս երեխան ծառայեց: 14 ամիս եղել է դիրքերում: Վարվել է կեղծ քննություն:

Արդեն 4 տարի է պայքարում եմ: Բաղրամյան 26-ի դիմաց եմ շատ կանգնել: Ոչ մի արդյունքի չհասա: Նորից եկա այստեղ: Ու պիտի պայքարեմ, պիտի բողոքեմ, ինչքան հնարավոր է: Ճիշտ է առողջականս էն չէ, բայց պիտի պայքարեմ, որ արդարությունը վերականգնվի: Գոնե ուրիշները չսպանվեն: Ուրիշների երեխաների կյանքի համար էլ եմ պայքարում»,- նշեց Հերիքնազ Գասպարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: