Հայերեն   English   Русский  

Արկածային տուրիզմը զարգանալու մեծ ներուժ ունի Հայաստանում


  
դիտումներ: 3041

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ իրենց ներքին անձնագրերով կարող են ազատ այցելել Հայաստան: Օրենքում այս փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ ներգնա տուրիզմի վրա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Ըստ նրա՝ ՌԴ քաղաքացիների ընդամենը 10 %-ն ունի արտասահմանյան անձնագիր, ինչը նույնպես դրական հանգամանք է ՀՀ տուրիզմի համար: Բացի այդ, ՌԴ 4 միլիոն քաղաքացիների արգելված է արտասահման ճամփորդել:

Ներքին անձնագրերով այցելելու հնարավորությունն ավելի գրավիչ է դարձնում Հայաստանը:

2016 թվականին Ռուսաստանից մեր երկիր է այցելել 453.572 զբոսաշրջիկ, իսկ 2015-ին՝ 443 հազար. «2015 թվականին զբոսաշրջիկների որոշակի նվազում ենք նկատել արտարժույթի խնդիրների հետ կապված, սակայն մեծ հնարավորություններ կան մի քանի ուղղություններով: Առաջին հերթին մենք որոշ հետազոտություններ ենք անցկացրել՝ ինչու է ճանապարհորդում, ինչպես է ճանապարհորդում ռուս զբոսաշրջիկը: Հիմնականում կա երկու պատճառ: Մեկը՝ զգացմունքային, հետաքրքիր փորձ ունենալու համար, երկրորդը՝ հանգստանալու, հատկապես կարճաժամկետ: Այս առումով Հայաստանը ռուս զբոսաշրջիկի համար հատկապես հետաքրքիր է գաստրոտուրիզմը, քաղաքային կյանքը: Հնարավորությունները շատ են՝ մանավանդ այս տարի շեշտը դրված է կորպորատիվ և միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելը, որովհետև Հայաստանը թե՛ իր հասանելիությամբ, թե՛ իր մատչելիությամբ շատ գրավիչ է»:

«ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանն՝ իր հերթին նկատեց, որ ռուս զբոսաշրջիկը ցանկալի է բոլոր երկրներում, քանի որ հայտնի է՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում հանգստի ժամանակ. «Ասում են՝ ռուս զբոսաշրջիկը որքան գումար նախատեսում է այցելության համար, մինչև վերջին դրամը թողնում է տվյալ երկրում: Մենք ինքներս էլ դա զգացել ենք: Երբ նրանք մտնում են «Արարատ» կոնյակի գործարան, 1-2 հազար դոլարին համարժեք գնումներ են կատարում: Վերադառնալիս միշտ բեռի խնդիր են ունենում»:

Նրա դիտարկմամբ՝ ռուս զբոսաշրջիկների թվի աճը ֆինանսական հոսքեր է ապահովելու, ինչպես նաև նպաստելու Հայաստանի ճանաչմանն այս ոլորտում:

Վլադիմիր Գևորգյանը գտնում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի արկածային զբոսաշրջությունը զարգացնելու, սակայն դրա համար մեծ ներդրումներ են հարկավոր. «Օրինակ՝ շվեյցարիացի մի 70 տարեկան զբոսաշրջիկ ունեինք, նա մեզ պատմեց, որ աշխարհի բոլոր սարերում եղել է, իր դահուկներով կարողացել է սահել, բայց Հայաստանի սարերի նման ոչ մի տեղ չի տեսել: Մենք աշխատում ենք վերցնել նման գրախոսությունները և տարածել»,- նշեց պարոն Գևորգյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: