Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ


  
դիտումներ: 7295

Հայ-պարսկական առնչությունները հազարամյակների խորքից են գալիս: Պարսիկները մեզ ամենամոտ ցեղակից ազգն են: Հնում մեծ է եղել հայերի ազդեցությունը պարսիկների վրա: Նրանք մինչև երրորդ դարը՝ զրադաշտության ընդունումը, դավանում էին հայոց աստվածներին՝ Արամազդին, Անահիտին, Միհրին…

Վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին: Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. VI դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը և նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ:

Աքեմենյանների օրոք ողջ Արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, որտեղ պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստմամբ՝ հայ վաճառականներն անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ:

Մ.թ.ա. 522 թ. Հայաստանն ապստամբեց Դարեհ Առաջինի գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ վասալի և գերագահի հարաբերություններ:

Մ.թ.ա. 331 թ. հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը:

Մ.թ.ա. 247 թ. Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թ.՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերը և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ՝ միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին:

224 թ. Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը, հաղթեց, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայ-պարսկական պատերազմը, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի դավադիր սպանությամբ և Հայաստանի գրավմամբ:

Հետագայում Հայաստանն ազատագրվեց: 301 թ. Հայաստանը որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի սրեց հայ-պարսկական հարաբերությունները, քանզի հայոց քաղաքական կյանքում էական դեր ստանձնած եկեղեցին հայոց քաղաքական կողմնորոշումը շարունակ թեքում էր դեպի Հռոմ:

Եվ եկեղեցին հանդիսացավ այն հիմնական ուժը, որ ոչ միայն փչացրեց հայ-պարսկական հարաբերությունները, այլև դեպի կործանում տարավ հայոց պետականությունը:

387 թ Պարսկաստանն ու Հռոմը միմյանց միջև բաժանեցին Հայաստանը: Եթե բարեկամ ձևացող դավանակից Հռոմն անմիջապես վերացրեց Հայոց թագավորական իշխանությունը Արևմտյան Հայաստանում, պարսիկներն այն պահեցին: Ավելին, երբ 405 թ. Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց հայոց գրային համակարգը, պարսից արքունիքը ոչ միայն չխոչընդոտեց, այլև խրախուսեց Հայաստանում ազգային զարթոնքը:

Պարսիկներին ձեռնտու էր զորեղ Հայաստանի գոյությունը, որպես ապավեն Արևելքում Հռոմի ոտնձգությունների դեմ:

428 թ. հայ իշխանների խնդրանքով պարսից արքունիքը վերացրեց հայոց Արշակունիների թագավորությունը: Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը:

V-VI դարերում հայերը պարսիկների դեմ մի քանի ապստամբություն բարձրացրին: Սակայն պարսկական տիրապետությունը պահպանվեց մինչև արաբների կողմից Իրանի նվաճումն ու Սասանյանների թագավորության կործանումը:

Իրանը երկար ժամանակ զուրկ էր անկախությունից: Մինչև XVI դարը Իրանի և Հայաստանի տարածքը ասպատակում էին մերթ սելջուկները, մերթ մոնղոլները, Լենկ-Թեմուրի հորդաները, Միջին Ասիայից թափանցած ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենական ցեղերը, որոնք տարածաշրջանում էապես փոխեցին ազգագրական պատկերը:

Միայն 1502 թ. պարսիկներն ազգային պետություն ստեղծեցին՝ Սեֆյան Իրանը, ինչը, պետք է խոստովանել, փրկություն դարձավ նաև հայության համար: Հզորացած Պարսկաստանը փակեց Միջին Ասիայից դեպի Արևմուտք թափանցող թյուրքական ցեղախմբերի մուտքը, ինչը սպառնալիք էր Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության համար:

1604 թ. հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը համոզեց պարսից շահ Աբաս Առաջինին, որ կազմակերպի հայերի գաղթը դեպի Իրան: Հայոց կաթողիկոսն այս գաղթից ուներ իր նեղ անձնական շահերը: Այդ մասին անթաքույց գրում է դեպքերի ականատես պատմիչ Առաքել Դավրիժեցին: Իսկ Իրանի շահը ցանկանում էր հայ բնակչության հաշվին ոտքի կանգնեցնել Իրանի տնտեսությունը: Արարատյան երկրից շուրջ 300 հազար հայ բռնի տեղափոխվում է Պարսկաստան:

Ձևավորվում է Նոր Ջուղա հայաքաղաքը: Հայերը իսկապես մեծ ներդրում ունեցան պարսկական տերության տնտեսական և մշակութային կյանքում: Հայերի ձեռքում կենտրոնացավ միջազգային առևտրի զգալի մասը: Շահ Աբասը պարսկական մետաքսը միջազգային շուկա արտահանելու մենաշնորհը տվեց հայերին: Նոր Ջուղայի առևտրական կապիտալն այդ ժամանակներում հավասարը չուներ տարածաշրջանում:

Պետք է նշել, որ Նոր Ջուղան XVII-XIX դարերում ամենամեծ հայաքաղաքն էր և հայ մշակութային, գիտական մտքի ամենամեծ կենտրոնը, որ հետագայում աստիճանաբար իր տեղը զիջեց Թիֆլիսին:

1638 թ. Նոր Ջուղայում բացվեց Մերձավոր Արևելքի առաջին տպարանը: 1881 թ. մեր հայրենակիցների ջանքերով Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը: Կինոյի ասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանյանն էր, որ նկարահանվել է «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Գաստանյանը նկարահանվել է նաև «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը՝ պարսկական կինոյի առաջատարներից մեկը:

1804-1812 և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներում Պարսկաստանը պարտություն կրեց և ռուսական կառավարությունը Հյուսիսարևելյան Հայաստանը բռնակցեց Ռուսական կայսրությանը: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աջակցությամբ կազմակերպվեց պարսկահայերի գաղթը դեպի ռուսական տիրակալության տակ գտնվող Հայաստան: Պարսկահայոց ծաղկուն ու զարթոնք ապրող համայնքը հայտնվեց կործանման եզրին:

Հայերը՝ որպես Իրանի քաղաքացի, միշտ ակտիվ ներգրավված են եղել երկրի քաղաքական, մշակութային կյանքում:

1980-1988 թթ. պարսկա-իրաքյան պատերազմին շուրջ 20 հազար հայ մասնակցեց, հարյուրավոր հայեր զոհվեցին Իրանի անկախության համար:

Այսօր Իրանում բնակվում է մոտ 150 հազար հայ:

Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Իրանական Մեջլիսում պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։

Սպահանում այսօր 20 հայկական եկեղեցի կա, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում 8 գործող եկեղեցի կա։ Հայկական եկեղեցիները պետական հոգածության տակ են: Երկրում շուրջ 45 հայկական դպրոց կա, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում են։ Իրանում գործում են հայկական մշակութային ընկերություններ, որոնցից խոշորագույնը Թեհրանի «Արարատ» միությունն է, տպագրվում են բազում հայկական թերթեր: Հնագույնը դաշնակցության «Ալիք» թերթն է, որ սկսել է տպագրվել XX դարի սկզբից:

Իսկ բարեկամ ու հզոր հարավային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր բարիդրացիական հարաբերություններ ունենալու և սերտ տնտեսական համագործակցության կարևորության մասին խոսելն ինքնին ավելորդ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: