Հայերեն   English   Русский  

​Մարդկային բարձր արժանիքների շնորհիվ յուրաքանչյուր գործում հաջողություն կունենաս


  
դիտումներ: 6606

Սեփական արտադրանք ունեցող հայ միակ կին գինեգործի հաջողության արգասիքը` բարձրորակ ու պահանջված գինիներ

Կան մասնագիտություններ, որոնցով զբաղվելն ավանդաբար համարվել է «տղամարդկային մասնագիտություն»: Այդպիսի ընկալումներ կան նաև գինեգործության առնչությամբ, թեև Հայաստանում բազմաթիվ կին գինեգործ փորձագետներ կան: Սակայն սեփական գինու արտադրություն ունեցող միակ կին գինեգործը «Զառա վայնս» գինիները ստեղծող Զարուհի Մուրադյանն է: Նա արդեն 15 տարի է՝ աշխատում է գինեգործության ոլորտում, սովորել և խորացել է գինեգործության գիտության մեջ, դասավանդում է, աշխատել է Հայաստանում գործող գրեթե բոլոր գինեգործական ընկերությունների հետ, մի խոսքով, ինչպես ասում են, ուղնուծուծով գինեգործ է: Ընդ որում, Զարուհի Մուրադյանը դեռևս ասպիրանտուրայում ուսանելու տարիներից ուսումնասիրում էր խաղողի տեղական սորտերը, հայ գիտնականների ստեղծածները, վեր հանում գրեթե վերացման եզրին հայտնված սորտերն ու փորձում բացահայտել դրանց ներուժը գինեգործության մեջ:

«Ինքս շատ լավ պատկերացնում էի ոլորտը` իր դժվարություններով ու ակնկալվող հաջողություններով: Բոլոր ընկերությունները, որոնք գինեգործության ոլորտում սկսում են իրենց գործունեությունը, աշխատում են այն սորտերով, որոնք տարածված են: Ես ուղղությունը փոխեցի, ուզում էի վեր հանել այն սորտերը, որոնք գրեթե չեն օգտագործվում գինեգործության մեջ: Եվ փորձեցի սեփական փորձով ցույց տալ, որ կարելի է այդ սորտերից պատրաստել գինիներ, նաև խթանել այդ սորտերից պատրաստվող գինիների արտադրությունը»,- «Անկախին» պատմեց «Զառա վայնսի» տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Եվ ստեղծվեցին 4 տեսակի խաղողից պատրաստվող 4 անուն հայկական «Զառա վայնս» կարմիր չոր գինիները, որոնք մեծ հարգանք են վայելում և՛ մասնագետների, և՛ շարքային սպառողների շրջանում: Խաղողի առաջին բերքահավաքն ու առաջին արտադրանքը 2014 թվականին էր, և գինիներն ամենուրեք բարձր գնահատականի արժանացան միջազգային փորձագետների կողմից:

«Վերջերս ուղարկել էինք Ֆրանսիա, այնտեղ դեգուստացիա է կազմակերպվել ու բավականին հաջող ցուցանիշներ են գրանցվել: Հիմա պատրաստ ենք արտահանել մեր գինիները Ֆրանսիա»,- հայտնեց Զարուհի Մուրադյանը:

Այս նախագիծը փորձնական արտադրություն է, գինեգործը փոքր քանակներով է աշխատում: Սկզբում տարեկան 3000 լիտր գինի էր արտադրվում, հիմա ծավալները հասել են մինչև 8000 լիտրի: Զարուհի Մուրադյանը գործը սկսել է ինքնուրույն` վարձակալելով գործարան և ունենալով միայն մեկ օգնական: Հիմա, քանի որ ծավալները մեծացել են, օգնողների թիվը հասել է 4-ի:

Զարուհու սիրելի զբաղմունքը, մասնագիտությունն ու գիտական պրպտումները համատեղող այս արտադրությունը սկսելու համար մեծ ներդրումների կարիք չի եղել, ընդամենը մոտ 5 հազար դոլար՝ անհրաժեշտ խաղողը գնելու, գինենյութի պահամանները ձեռք բերելու, արտադրատարածք վարձակալելու և այլ ծախսերի համար: Բայց թե՛ ինքը, թե՛ օգնականները, թե՛ ամուսինը ահռելի ջանքեր են գործադրում, որ «Զառա վայնս» նախաձեռնությունը հաջողություն ունենա: Գինեգործությունը հատկապես մթերման, գինենյութի պատրաստման սեզոնին բավականին ծանր ֆիզիկական աշխատանք է ենթադրում:

Զառա վայնս

«Ինչքան քիչ է արտադրության ծավալը, այնքան աշխատանքն ավելի շատ է, այնքան ավելի ծախսատար է, բայց կառավարելն ավելի հեշտ է: Ֆերմերների հետ աշխատում ենք` սկսած այգուց, այսինքն` ընտրում ենք այգիները ըստ մեր նախասիրած սորտերի և ամբողջ կառավարումը մենք ենք իրականացնում, թե երբ պետք է ջրվեն, սրսկումները երբ պետք է արվեն, բերքահավաքը երբ պետք է արվի, մինչև շշալցում»,- ասում է Զարուհի Մուրադյանը:

«Զառա վայնս» գինիների արտադրության ծավալները, ինչպես նշեցինք, այս 2-3 տարվա ընթացքում ավելի քան 2,5 անգամ ավելացել են, աշխատողների թիվը` նույնպես. սա խոսում է նախաձեռնության հաջողության մասին: Ըստ Զարուհի Մուրադյանի, եթե արտադրում ես այնպիսի արտադրանք, որը լավ որակ ունի, սպառողներին դուր է գալիս, հետաքրքիր է, նորություն է, ուրեմն կարող ես ընթացքում ծավալներն ավելացնել: Ու թեև «Զարա վայնսը» միայն Հայաստանում է սպառվել, օտարերկրացի փորձագետներն այս գինիները բարձր են գնահատում, ուստի առաջիկայում հնարավոր է նաև արտահանում, ընդ որում այնպիսի երկրների շուկաներ, որտեղ «թույլ» գինին պարզապես շանս չունի, օրինակ` ֆրանսիական շուկա:

Հետաքրքիր մի առանձնահատկություն ունի այս բիզնես նախաձեռնությունը, «Զառա վայնսի» կարգախոսն է` «Գինին` գինեգործից»: Այսինքն` անձամբ է ներկայացնում իր գինիները, գինիների անունն իր անվան հետ է կապված (ի դեպ, աշխարհահռչակ «ZARA» ապրանքանիշի հետ կապված խնդիրներ են առաջացել, բայց դատական վեճը շահել է «Զառա վայնսը»): Մարդկանց հետաքրքիր է անձամբ գինգործից լսել գինու պատմությունը, առանձնահատկությունները և այլն: Սա «Զառա վայնսի» հաղթաթղթերից է: Բացի այդ, նշում է Զարուհի Մուրադյանը, յուրաքանչյուր գործ սկսելուց առաջ պետք է վստահ լինես, որ այն հաջողություն կունենա, քանի որ շատերը վախ են ունենում, որի ազդեցությամբ հաճախ հետ են կանգնում իրենց գաղափարներից:

«Քանի որ ես այս ոլորտում էի ու շատ լավ պատկերացնում էի և՛ խնդիրները, և՛ առավերությունները, և՛ թերությունները, ինձ համար, միգուցե, շատ ավելի հեշտ էր հասկանալ շուկան, հասկանալ պահանջարկը: Մենք ուսումնասիրել ենք սպառողների նախասիրություններն աշխարհի մասշտաբով ու հասկացել, թե գինու սպառողներն ինչ նորություններ, նոր համեր, նոր փնջեր են ուզում զգալ ու փորձել: Հիմա էլ անընդհատ ուզում եմ բացահայտել մի նոր սորտ, գիտական փորձերով հիմնավորել, որ նաև այդ սորտից կարելի է պատրաստել գինի և դրանով գրավել սպառողներին»,- ասում է «Զառա վայնսի» հիմնադիր-տնօրենը:

Ըստ գործարարի՝ յուրաքանչյուր ոլորտում միշտ էլ կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք երբեք չպետք է վախեցնեն գաղափարը կյանքի կոչելիս: Գինեգործությունն էլ խոչընդոտներից, խնդիրներից զերծ չէ: Խնդիրներն էլ նրա համար են, որ լուծես: Բիզնեսով զբաղվողը պետք է հասկանա, թե ինչ է տալիս շրջապատին, ինչ ապրանք է ներկայացնում սպառողին, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա, հստակ պատկերացնի շուկան, պահանջարկը, առանձնահատկությունները, սպառողների առանձնահատուկ հատկանիշները և այլն:

Եթե ամեն ինչ խելացի ու ճիշտ կազմակերպես, նշում է Մուրադյանը, ոչինչ չես «զոհաբերի», ավելի ճիշտ` այն ամենը, ինչ կտաս քո գործին, չես դիտի որպես զոհաբերություն: Եվ ամեն մի «զոհաբերություն» հետագայում իր արդյունքը կտա: Ամեն դեպքում պետք է համբերատարություն, որ տեսնես հաջողությունդ: Կամքի մեծ ուժ է պետք կես ճանապարհին չկոտրվելու և չընկրկելու համար, պետք է հավատալ սեփական նախաձեռնությանը, մարդկանց հետ ճիշտ շփվել, ունենալ գործընկերներ, որոնք միշտ կողքիդ կլինեն ու իսկապես կաջակցեն:

«Ինձ թվում է` մարդկային բարձր արժանիքների շնորհիվ հաջողություն կունենաս»,- շեշտում է Զարուհի Մուրադյանը և հավելում, որ նաև համարձակություն է պետք հաղթահարելու համար սեփական վախերը, որոնք անընդհատ խանգարում են: Միշտ պետք է հաղթահարես վախերդ և երբեք չթողնես, որ դրանք իշխեն, քանի որ դրանք անընդհատ հետ են պահում հաջողությունից:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: