Հայերեն   English   Русский  

​Վարչարարություն (մաս 5)


  
դիտումներ: 3738

Ավարտելով վարչարարության սկզբունքների թեման՝ այս համարում կխոսենք հավաստիության կանխավարկածի և տնտեսվարության մասին:

Վարչարարության հավաստիության կանխավարկածի սկզբունքը բաղկացած է մի քանի փոխկապակցված և փոխլրացնող մասերից: Այսպես, օրենսդիրը սահմանել է, որ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Այնուհետև նախատեսվել է անձանցից նրանց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու արգելքը, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Ի վերջո, ամրագրված է, որ եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ դրանց իսկությունը պարզելու համար:

Կարելի է եզրակացնել, որ հավաստիության կանխավարկածի սկզբունքը, մի կողմից, ուժեղացնում է վարչական մարմնի և վարչական վարույթի մասնակցի փոխվստահությունը, մյուս կողմից՝ նպատակ է հետապնդում դյուրինացնելու վարչական վարույթի մասնակիցների՝ վարույթում իրենց իրավունքների և օրինական շահերի ներկայացումը, ինչպես նաև զսպում է վարչական մարմնի կողմից հնարավոր կամայական վերաբերմունքը:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ օրենսդիրը, նախատեսելով նման «արտոնյալ» իրավակարգավորումներ վարչական վարույթի մասնակիցների համար, այնուամենայնիվ նախատեսել է, որ անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:

Վերջին սկզբունքը, որի մասին պետք է խոսենք, տնտեսվարության սկզբունքն է: Վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որ առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը:

Օրենսդիրը, սահմանելով մեր կողմից արդեն իսկ ուսումնասիրված վարչարարության սկզբունքները, չի սահմանափակել դրանք և նախատեսել է վարչական մարմինների կողմից վարչարարության այլ սկզբունքների կիրառման հնարավորությունը:

Ամփոփելով վարչարարության սկզբունքների թեման՝ փաստենք, որ օրենսդիրը նախատեսել է այնպիսի սկզբունքներ կամ սկզբունք-գործիքներ, որոնք կոչված են հասնելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքի իրացմանը, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: