Հայերեն   English   Русский  

​Ավագ դպրոցը երեխային պետք է սովորեցնի մտածել. Սերոբ Խաչատրյան


  
դիտումներ: 8660

«Կրթական բարեփոխումները մեկամսյա ժամկետում չեն մշակվում և իրականացվում: Դրա համար ժամանակ է հարկավոր, առնվազն երկու-երեք տարի»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում կառավարության նիստերի ընթացքում պարբերաբար տրվող հանձնարարականները՝ մեկամսյա ժամկետում կրթական հայեցակարգեր մշակելու կամ փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:

«Իհարկե, սրանք մի կողմից կարելի է պայմանավորել նախընտրական հանգամանքով: Փորձում են ցույց տալ, որ կրթական համակարգում փոփոխություններ են տեղի ունենում: Պատահական չէ, որ խոսում են այն մասին, ինչը ժողովրդի սրտով է։ Բոլորը խոսում են դասագրքերի մասին, մեկ էլ առաջարկ է լինում փոխելու դասագրքերը, վերապատրաստման համակարգը։ Բայց, իմ կարծիքով, հախուռն ձևով կրթական բարեփոխում անելը ճիշտ չէ»,- ասում է նա։

Խաչատրյանը նշում է, որ աշխարհում կան կրթական համակարգի մի քանի մոտեցումներ: Օրինակ՝ Ֆինլանդիան, Կանադան, Կուբան ընտրել են սոցիալիստական ճանապարհը, այն է՝ հնարավորինս օգնել բոլորին: Սինգապուրն առաջնորդվում է ուժեղներին օգնելու, բայց նաև թույլերին չանտեսելու սկզբունքով, ինչը կարեկցող մոտեցումն է: Իսկ Չիլին, Շվեդիան և այլ երկրներ առաջնորդվում են ուժեղներին օգնելու սկզբունքով, ինչը, ըստ կրթության փորձագետի, որոշակի վերապահումներով է իրականացվում:

«Մենք պիտի հասկանանք, թե Հայաստանն ինչ մոդելով է առաջնորդվում։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ պիտի մեր կրթական համակարգը լինի ազգային, բայց պետք է հասկանանք, թե այդ ազգայինը որն է։ Եթե միայն հայ ժողովրդի պատմության և հայոց լեզվի ժամերն ավելացնելն է՝ դա ազգային չէ, դա ընդամենն ազգայինի մասին է,- ասում է Խաչատրյանը:- Համաձայն եմ, որ ամեն երկիր պետք է իր ճանապարհն ընտրի։ Ես ինքս հակված եմ, որ Հայաստանի կրթական համակարգը գնա Կուբայի, Ֆինլանդիայի ճանապարհով, լինի ավելի սոցիալիստական։ Դրա համար նպաստավոր է նաև այն հանգամանքը, որ կրթության համակարգն այսօր կառավարում է սոցիալիստական ուժ։ Դա կարևոր է հատկապես պատերազմող երկրի համար»:

Խաչատրյանի կարծիքով՝ հարկավոր է նստել ու մտածել, վերլուծել, թե 20 տարվա բերափոխումների արդյունքով ինչ ունենք. «Եթե բարեփոխում ենք արել, բայց վարչապետը դժգոհ է դասագրքերից, ուսուցիչներից, կրթության կառավարումից, այդ դեպքում ի՞նչ ենք արել 20 տարի շարունակ»։

Անդրադառնալով այն իրողությանը, որ դպրոցական կրթությունը կարծես 11-ամյայի է վերածվում, իսկ վերջին՝ 12-րդ տարին հատկացվելու է բուհական ընդունելությանը նախապատրաստվելուն, Խաչատրյանն ասում է, որ այդպիսով նախարարությունը ոչ թե հրաժարվում է 12-ամյա կրթական համակարգից, այլ փորձում է ընդառաջ գնալ աշակերտներին: «Ավագ դպրոցներում այսօր չունենք համակարգ, որը կհետաքրքրի աշակերտներին, չեն կարողանում դա ստեղծել: Եթե չեն կարողանում, ուրեմն պիտի ասեն՝ լավ, երկու տարի եկեք, երրորդ տարին ձեր էգոիստական հարցերը լուծեք, ում ինչ պետք է՝ պարապեք»,- ասում է նա՝ հավելելով, որ ավագ դպրոցն աշակերտների համար հետաքրքիր չդարձնելու պարագայում շուտով մի պահ կլինի, երբ աշակերտները նաև 11 տարվա կրթությունը շատ կհամարեն։

«Մյուս կողմից՝ նախարարությունը հիմա շրջանառության մեջ է դրել 1+11 մոդելը։ Ես ենթադրում եմ, որ սրա իմաստը լինելու է այն, որ առաջին դասարանը համարվի պարտադիր նախադպրոցական կրթություն։ Եթե դա արվի, ապա Հայաստանի ցուցանիշը նախադպրոցական կրթության ընդգրկվածության առումով բավականաչափ կաճի և միջազգային ցուցանիշները կլավանան»,- ասում է նա։

Խոսելով շրջանառվող փոփոխությունների մասին՝ ուսումնական ծրագրերի բեռնաթափում և այլն, Խաչատրյանն ասում է, որ որևէ նման փոփոխություն հարկավոր չէ, պետք է միայն ավագ դպրոցը հետաքրքիր դարձնել աշակերտների համար՝ նոր ծրագրեր ներդնել, դասավանդելու հրավիրել հետաքրքիր մասնագետների և այլն:

Անդրադառնալով ԿԳ նախարարի հայտարարությանը, թե ավագ դպրոցը չպետք է կրկնի հիմնական դպրոցին, Խաչատրյանն ասում է. «Անվերապահորեն համաձայն եմ, ավագ դպրոցում երեխաների ուսուցումը պետք է մի փոքր ավելի ակտիվ լինի, կիրառական, տեխնոլոգիական կողմը պետք է ուժեղացնել։ Ավագ դպրոցը պետք է ունենա այլ մոտեցում, բայց այստեղ էլ խնդիրը հետևյալն է. այն ուսուցիչները, որոնք այսօր աշխատում են ավագ դպրոցում, արդյոք մասնագիտացա՞ծ են այդ տարիքի երեխաների հետ աշխատանքում։ Նրանք նախկին սովորական դպրոցի ուսուցիչներ են, ուղղակի իրենց դպրոցը դարձավ ավագ, իրենք էլ դարձան ավագ դպրոցի ուսուցիչ»:

Հարցին, թե ինչ հմտություն պետք է ստանա երեխան ավագ դպրոցում, Խաչատրյանը նշում է. «Ավագ դպրոցը երեխային պետք է սովորեցնի մտածել։ Մենք այսօր, ցավոք սրտի, երեխաներին չենք սովորեցնում մտածել։ Եվ դա գուցե կառավարության համար ձեռնտու է, որովհետև մտածող քաղաքացիներին կառավարելը շատ դժվար է։ Կարծում եմ, եթե ուզում ենք լավ տնտեսություն ունենալ՝ պետք է ունենանք ստեղծագործող, մտածող աշակերտ։ Մենք մտածողությանը պետք է զարկ տանք, ոչ թե երեխաները պարզապես փաստերն անգիր անեն»:

Խաչատրյանը վստահ է՝ հարկավոր է սեփական ուժերով կրթական բարեփոխումներ իրականացնել. «Թող «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա դրամահավաքները լինեն կրթության համար։ Ամեն տարի մոտ 20 միլիոն դոլար է հանգանակվում. եկեք դա հատկացնենք կրթությանը, որպեսզի մի քիչ էլ անկախ լինենք։ Հասկանում եմ, եթե դոնորներից ենք փող ստանում, նրանք հաճախ իրենց պայմաններն են դնում, ժամկետները։ Եկեք 3 տարի մտածենք, թե ինչ պիտի անենք, խոսենք մարդկանց հետ, քննարկենք։ Թե չէ այսպես մեկամսյա ժամկետում փոխել, օրինակ, Կրթության ազգային ինստիտուտի կառուցվածքը, լուրջ բան չէ։ Հա, կփոխեն մի բան, բայց արդյունքը կմնա նույնը»:

Անդրադառնալով ավագ դպրոցների առաքելությանը և աշակերտների համար մասնագիտական կողմնորոշում ապահովելու խնդրին՝ Խաչատրյանը նշում է, որ մասնագիտական կողմնորոշումը մի քանի առարկաներ ուսումնասիրելով չէ, որ պետք է ապահովել:

«Ընդհանրապես դեմ եմ նեղ կրթությանը։ Հասկանում եմ, որ երեխաները կարող են ունենալ նախընտրություններ, ինչ-որ առարկաներ ավելի շատ սիրել, քան մյուսները, բայց մենք պետք է մտածենք նաև միջառարկայական կապերի մասին, օրինակ՝ ինչ կարող ենք պատմության մեջ սովորեցնել մաթեմատիկայի մասին, մաթեմատիկան ինչպես կարող ենք կապել ֆիզիկայի հետ, ֆիզիկան՝ քիմիայի հետ։ Կրթությունը նաև նշանակում է աշխարհայացքի զարգացում։ Այս ձևով, եթե XXI դարի երեխային ստիպում ենք, որ նստի ու երկու-երեք առարկա անգիր անի. դա ես համարում եմ վարժեցում, ոչ թե կրթություն»,- ասում է նա։

Խաչատրյանի կարծիքով՝ ներկայիս կրթական համակարգը երեխային չի բացում, չի բացահայտում նրա ունակություններն ու հակումները, հակառակը՝ փակում ու նեղացնում է: «Երբ երեխային չես բացում՝ նա չի հասկանում, թե ինչ է ուզում, ուստի նայում է, թե որտեղ է մրցակցությունն ավելի մեծ ու ըստ այդմ կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում»,- ասում է նա։






Մեկնաբանություններ - 1

Սարդիոն     27.02.2017 Նախ- շնորհակալություն, հարգելի հեղինակ- Սերոբ Խաչատրյան, չեմ հանդիպել, որ որևէ մեկին հուզեր, թե ինչու չեն սովորեցնում աշակերտին- մտածել? Դուք հիանալի հարց եք բարձրացրել և նույնքան հիանալի պատասխանել , որ չսովորեն ինքնուրույն մտածել...Դա արվում է բոլոր բնագավառներում, ոչ միայն դպրոցում է դա գործում, քանի որ Չարի զենքն է դա- լինել ինչպես բոլորը - մեկ մասսա, մեկ ամբոխ, չառանձնանալ, այնինչ դա անհնար է ; Յուրաքանչյուր մարդու Հոգին, արդեն լրիվ ինդիվիդու ում է , նա անպայման կնդվզի- ուշ, թե շուտ; Անհրաժեշտ է անպայման տալ հնարավորություն- հատկապես, ընդունակներին, բացահայտելու իրենց և մյուսներին - գնահատելու խելացիներին և ՍԱՏԱՐ կանգնելու նրանց, որովհետև խելացին շատ ավելի անպաշտպան է այսօր.... Դուք գիտեք, թե ինչ պետք է անել, ափսոս, որ միայն ձեզ է այն մտահոգել...
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: