Հայերեն   English   Русский  

​ԼՂՀ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հայտարարությունը


  
դիտումներ: 526

Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ վարվող այլատյացության քաղաքականությանն այս օրերին գումարվել է նաև համաշխարհային հանրության, մասնավորապես բարի կամքի տեր մարդկանց նկատմամբ ահաբեկումն ու անհանդուրժողականությունը:

«Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել՝ այս անգամ թիրախավորելով Եվրախորհրդարանի, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների, հասարակական ու քաղաքական գործիչների:

Արցախ այցելելու և սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս անգամ էլ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ:

Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքական գործիչների կողմից ձեռնարկվող քայլերը և վերահաստատում մեր աջակցությունը նրանց ջանքերին:

Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը, փաստում, որ նրանց վարքագիծը եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու իրողության լավագույն դրսևորումն է:

Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներ՝

Վահրամ Բալայան

Արամ Գրիգորյան

Ռամելա Դադայան

Վարդգես Ուլուբաբյան

Գեորգի Պետրոսյան

Դավիթ Մելքումյան

Վարդգես Բաղրյան

Գագիկ Բաղունց

Հայկ Խանումյան

Ստեփանակերտ

25 փետրվարի, 2017 թ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: