Հայերեն   English   Русский  

Երգում է Տիրուհի Մելիքսեթյանը


  
դիտումներ: 1529

Մասնագիտական տոների ցանկը հետզհետե մեծանում է, ընդարձակվում է նաև տոների աշխարհագրությունը: Հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության համաշխարհային օր:

Այդ օրվանն էր նվիրված Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթի համերգը:

Միջոցառմանն իր օհնությունն էր բերել Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը:

Համերգային ծրագիրը բացեց Սարահարթի մշակույթի տան պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Աննա Շախպազյան)` կատարելով «Կժերով պարը»: Հետո դահլիճի ծափերը հասցեագրվեցին համույթի մեներգիչ, ունկնդիրների կողմից «Լոռվա սոխակ» կոչմանն արժանացած Նազիկ Աղաջանյանին: Համույթի հետ իր համագործակցությունը սիրով շարունակելու էր եկել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Նանե Խեչիկյանը` համույթի ակորդեոնահար Մարտին Խեչիկյանի դուստրը: Նրան ևս սպասում են մեծ բեմեր և մրցույթներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ երիտասարդացող համույթին Վանաձորից իր մասնակցությունն է բերում Անգելինա Իսրայելյանը, որ այդ օրը ծափերի ու ծաղիկների հետ շնորհավորանքներ ստացավ նաև ծննդյան օրվա առիթով: Բավականին երկար ժամանակ արվեստասեր ալավերդցիների և ոչ միայն նրանց ուշադրության կենտրոնում էր «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» 4-րդ նախագիծը, նաև` Տիրուհի Մելիքսեթյանի (Լոռու մարզ, գյուղ Շնող) հաջող ելույթի շնորհիվ:

«Երգում է Տիրուհի Մելիքսեթյանը» ազդագիրն էր ցանկանում տեսնել նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը (նրա կատարողական արվեստի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքով է պայմանավորված հոդվածիս վերնագրի ընտրությունը): Հանդիսատեսը նախապես իմանալով, որ Տիրուհին հոժարակամ ընդունել է տոնական համերգի մասնակցության հրավերը, սպասում էր: Ու եկավ «Շանթի» բեմի տիրուհու հերթը: Նա «Իմ ուղին» երգեց եղբոր` շնորհալի կատարող Պերճ Մելիքսեթյանի դուդուկի ուղեկցությամբ: Հետո ծափերի արժանացավ նաև համույթի նվագակցությամբ իր մյուս կատարումների համար: Օրվա հայտնությունը դարձան տոնահանդեսի կրտսեր մասնակիցները` դպրոցական, երգիչ Արեն Դավթյանը, ջութակահար, քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սան, «Ոսկե կարապ» մրցույթի դափնեկիր Սյուզաննա Գասպարյանը և 10-ամյա երգիչ Սոս Խառատյանը, որ առաջին անգամ էր բեմում: Իր գեղեցիկ կատարումներով օրը տոն դարձրեց նաև համույթի մեներգիչ Ռաշիդ Կոստանդյանը:

Երկրորդ անգամ բեմ ելավ Նազիկ Աղաջանյանը ու սեր երգեց, Տիրուհի Մելիքսեթյանն էլ իր երգով բարձրաձայնեց Գուսան Աշոտի հարցադրումը` «Ասա, ինչո՞ւ դու լուռ ես», Արեն Դավթյանը բեմ բերեց սիրո ամառը, Սոս Խառատյանը` Սայաթ-Նովայի ինքնատիպ կատարումով նվեր արեց նրա հոբելյանին: Երաժշտական կատարումները մեծ մասամբ ուղեկցվում էին պարի համույթի ինքնատիպ կատարումներով:

Երկարատև ծափերով ուղեկցվող համերգի հանդիսավարներ Նունե Ասլիկյանը և Արտակ Հովասափյանը ներկայացրին երաժիշտներին: Բոլոր կատարողները ծաղկեփնջեր ստացան, իսկ Տիրուհի Մելիքսեթյանը նաև հուշանվեր` ի նշան առաջին համագործակցության: Ներկաներին օրվա խորհուրդով շնորհավորական խոսքեր հասցեագրեց մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը` շնորհակալություն ուղղելով համույթի գեղարվեստական ղեկավար-քանոնահար Լուսինե Հովասափյանին և համույթի հիմնադիր և երկարամյա ղեկավար, «Ալավերդու պատվավոր քաղաքացի» Լազր Խեչիկյանին: Ունկնդիրների անունից շնորհակալական խոսք ասաց Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը:

Սովորականից դանդաղ էր դատարկվում դահլիճը, ես ժպիտների հետ ներկաների աչքերին նաև արցունքներ տեսա` ուրախության արցունքներ ու մտածեցի, որ հոդվածիս վերնագիրը կարող էր լինել «Երգում ու տոնում է Ալավերդին»:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: