Հայերեն   English   Русский  

Ապրիլյան պատերազմի կրկնություն դժվար թե լինի. Լևոն Շիրինյան


  
դիտումներ: 1046

«Վերջին օրերին սահմանային իրավիճակի լարվածությունը Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հերթական շրջափուլն է, որը աճելու միտում ունի, ռազմական գործողությունների համար հարմար ժամանակ է, գարունն անհանգիստ է լինելու»,- «Անկախ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով` ապրիլյան պատերազմի կրկնություն դժվար թե լինի, քանի որ Ադրբեջանն այդ ուժը չունի, բայց պատերազմին մոտ իրավիճակ անշուշտ կառաջանա:

«Ադրբեջանը պատերազմ սկսելու ուժ չունի, քանի որ ջախջախված է, տեխնիկա է կորցրել, բարոյալքվել է: Բայց ինտենսիվ հարձակումները կշարունակի` սահմանային լարվածությունը գրեթե պատերազմական իրավիճակի հասցնելով: Ադրբեջանի նման քաղաքականության նպատակն է` սպառել Հաաստանի ռեսուրսները: Սա կոչվում է սպառման ռազմավարություն, երբ հակառակորդը պարտարդրում է մշտապես լինել լարված իրավիճակում, և սպառել բոլոր ռեսուրսները` նյութական, բարոյական, հոգևոր: Իսկ սրանց սպառումը մեր պարագայում նշանակում է արտագաղթի ուժեղացում, ինչին հաջողությամբ հասնում է Ադրբեջանը»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա` այս շրջանում ինտենսիվ ռազմական գործողություններով Ադրբեջանը թույլ չի տալիս սահմանամերձ գոտիներում ցանքսը սկսել, հող մշակել, ինչը գյուղացու միակ ապրուստի միջոցն է: Իսկ գյուղացուն ապրուստի միջոցից զրկելով` հոգեբանորեն նրան մղում ես դեպի արտագաղթ, ինչի արդյունքում սահմանային գյուղերը կդատարկվեն:

«Երկարաժամկետ առումով` սա Հայաստանի համար ամենավտանգավոր գործընթացն է, պատերազմի պես մի բան է, սա սպանդ է, թուրքական մշակույթի մի ձև: Տևականորեն ենթարկվելով ցեղասպանության, կարծես թե, մեզ համար այս իրավիճակը սովորական է դարձել: Բայց չպետք է թուլանալ, պետք է միշտ պատրաստ լինել, և նախահարձակ լինել, մինչև մենք չսովորենք նախահարձակ լինել, մեզ վրա մշտապես կհարձակվեն: Մենք սպասում ենք, որ մեզ վրա հարձակվեն, նոր պատասխան հարված հասցնենք, ինչը սխալ է: Դա մեր ազգային թերությունն է, որն ընկած է այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում: Դա կոչվում է ազգային մտածողության սև խոռոչ»,- ասաց Լևոն Շիրինյանը` հավելելով, որ անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը, չպետք է խաղաղապաշտ լինել այն դեպքում, երբ թշնամիդ խաղաղության կամ կոմպրոմիսի գնալու մասին չի էլ մտածում:

Լիլիթ Վահանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: