Հայերեն   English   Русский  

Հանդիսատեսին առաջին անգամ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը


  
դիտումներ: 3924

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 5-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը:

Բեմադրությունը թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանինն է: Բեմադրության և զգեստների նկարիչ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստ. նկարիչ): Բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Վիլեն Գալստյանը նշեց, որ թե պարողները, թե երաժիշտները շատ են աշխատել պատշաճ մակարդակի բեմադրություն ներկայացնելու համար:

Վիլեն Գալստյանը նշեց, որ Ռուսաստանում շատերը զարմանում էին, երբ լսում էին, թե ինչ է բեմադրելու. «Վերջերս Սանկտ Պետերբուրգում էի, այնտեղի բալետմայստերները զարմացած հարցրին, թե Վիլե՛ն, «Դիմակահանդես»-ն ես բեմադրո՞ւմ: Ինչ երաժշտություն է հնչելու. չէ՞ որ նման բալետ չկա: Ասացի, թե մենք՝ հայերս ունենք: Մենք ունենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը և Էդգար Հովհաննիսյանը լրացրել է այն, ինչ բացակայում էր: Նրանք ասաին, որ մեծ հաճույքով կհրավիրեն մեզ Պետերբուրգ այս բալետը տեսնելու համար»,-ասաց Վիլեն Գալստյանը:

Վիլեն Գալստյան

1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը՝ այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:

«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: