Հայերեն   English   Русский  

Կոչ եմ անում կրկին մեր քաղաքացիներին օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների գրասենյակներից և խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները. Արփինե Հովհաննիսյան


  
դիտումներ: 244

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով այդ օպերատորներին պատվիրակել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների կատարումը: Օպերատորն իրականացնելու է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ (փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում): Նշենք, որ ներկայում ծառայություններ մատուցող օպերատորները վեցն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ», «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեք ամիս առաջ մեկնարկած ծրագրի արդյունքում այս պահի դրությամբ ՀՀ ողջ տարածքում գործում է 39 գրասենյակ, որից 14-ը՝ Երևանում: Ըստ նախարարի՝ 39 գրասենյակները մատուցում են 67 ծառայություններ, մոտ ժամանակներս նախատեսվում է պատվիրակել ևս 42-ը: «Կոչ եմ անում կրկին մեր քաղաքացիներին օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների գրասենյակներից և խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները»,- նշել է Ա. Հովհաննիսյանը: Կարեն Կարապետյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է, որ այն պետք է շարունակական լինի և ընդգրկի ՀՀ ողջ տարածքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: