Հայերեն   English   Русский  

Ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարը


  
դիտումներ: 435

Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը:

Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Մրցաշարի վերջին տուրում «Աէրոֆլոտ Օփեն»-ի «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

2017 թվականի «Աէրոֆլոտ Օփեն»-ի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Ֆեդոսեևը իրավունք ստացավ մասնակցելու Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6.5 միավոր վաստակած Եվգենի Նայերը, իսկ Վլադիսլավ Կովալյովը եզրափակեց լավագույն եռյակը:

Սերգեյ Մովսեսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանն իրենց ակտիվում գրանցեցին 4-ական միավոր և զբաղեցրեցին համապատասխանաբար 64-րդ և 65-րդ հորիզոնականները, իսկ Հայկ Մարտիրոսյանը 3.5 միավորով հանգրվանեց 84-րդ տեղում:

«Աէրոֆլոտ Օփեն»-ի «B» խմբի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաբրիել Բատալյինին, ով 9 հնարավորից վաստկեց 7 միավոր: Հայաստանի երեք պատվիրակներ` Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարից հետ մնացին միայն մեկ միավորով և գրավեցին համապատասխանաբար 11-րդ, 14-րդ և 17-րդ հորիզոնականները: 16-ամյա Արամ Հակոբյանը նաև 14 կետով բարձրացրեց իր անհտական վարկանիշը: «B» խմբում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, ովքեր լրացրեցին միջազգային վարպետի նորմաներ:

«C» խմբում հաղթող դարձավ Գերման Բազեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Այս խմբում մեր պատվիրակներից հաջող հանդես եկավ 16-ամյա պատանի շախմատիստուհի Արփինե Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 4 միավոր և 56 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: