Հայերեն   English   Русский  

​Ընտրակաշառքի ձայնն արդեն լսվում է, մնաց երեսը տեսնելը


  
դիտումներ: 2932

Խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլն աշխուժանալուն զուգընթաց` մեծանում են ընտրողների ակնկալիքները` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Կամաց-կամաց սկսում են նաև նյարդայնության նշաններ ի հայտ գալ, որքան էլ ընտրական գործընթացի մասնակիցները ջանում են ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, իրենք չեն անհանգստանում:

Վերջերս տարբեր առիթներով Սյունիքի, Արարատի, Արմավիրի մարզերում համայնքապետների, հիմնարկների ղեկավարների հետ զրույցներում մի միտք էր կարմիր գծի պես անցնում` այս ընտրությունները խառնելու, բարեկամ-հարազատներին իրար դեմ հանելու, ընկերներին կռվացնելու իդեալական առիթ են, որից օգտվելու են կուսակցությունները, իսկ քաղաքացին կորցնելու է, առնվազն՝ մարդկային հարաբերությունների ճակատում:

Օրինակ` միևնույն տարածաշրջանում միևնույն կուսակցության մի քանի թեկնածուներ կան, ամեն մեկն ինչ-ինչ կապեր ունի, օրինակ, այս կամ այն համայնքի ղեկավարի հետ. մեկն ընկերն է, մյուսը` խնամին, մի ուրիշը` բարեկամը, մեկն էլ, օրինակ, մարզպետի եղբայրն է, ու հիմա այդ համանքապետը չգիտի, թե քանի կտոր լինի ու որ մեկի օգտին ավելի շատ աշխատի: Այս երկընտրանքը թերևս մինչև ընտրությունների օրն էլ չլուծվի:

Մի խոսքով, ընտրություններն այնքան են խճճվել միջկուսակցական ու ներկուսակցական մակարդակներում, որ բացի մի քանի հոգուց, ոչ ոք չի պատկերացնում քաղաքական ներկապնակը, զարգացումները, հարաբերությունների ու դեպքերի հետագա ընթացքը ընտրություններից հետո: Հատկապես մարզերում, համայնքներում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, մթնոլորտը դարձել է էլ ավելի լարված. յուրաքանչյուրը փորձում է իր համար հնարավորինս ավելի շատ դիվիդենտներով զինվել` հետագա դժնդակ ժամանակներում դիմանալու համար: Իսկ հասարակ, սովորական մարդիկ, որոնք լուռ հետևում են զարգացումներին և արդեն հասկացել են, որ այս ընտրություններում իրենցից յուրաքանչյուրի քվեն «քաշով մեկ ոսկի է», լուրջ սպասումների մեջ են, լուրջ ակնկալիքներ ունեն: Ոչ, խոսքն ամենևին էլ «ազգափրկիչ» ծրագրերի, փոփոխությունների մասին չէ, այլ սովորական առօրեական ակնկալիքի` օգուտ ստանալ հենց հիմա ու հենց այստեղ: Այսինքն` մարդիկ այլևս համաձայն չեն իրենց քվեները վաճառել 5000 կամ 10000 դրամ ընտրակաշառքի դիմաց: Հիմա գինը բարձրացել է:

Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում 40-50 հազար դրամ ընտրակաշառքի մասին: Իհարկե, քանի կաշառքը չի եղել ու ոչ ոքի ձեռքը չեն բռնել ընտրակաշառք տալու և վերցնելու պահին, չի կարելի պնդել՝ ընտրակաշառք կլինի՞, թե ոչ, որքա՞ն կլինի, ո՞ր ուժը կամ ո՞ր թեկնածուն որքան փող կբաժանի: Պապական խոսքն ասում է. «Կաթսան որ ընկավ, ձայնը դուրս կգա»: Ու որքան էլ չենք կարող հստակ ասել, թե որ ուժը քանի հոգու ու ինչ չափի ընտրակաշառք է խոստացել, ոչ ոքի էլ չենք կարող մեղադրել այս լուրջ հանցանքի մեջ:

Օրերս Սիսիանում էինք, շատերի հետ զրուցեցինք՝ փորձելով գտնել մարդկանց, որոնց կոնկրետ քաղաքական ուժ կոնկրետ կաշառք է խոստացել կամ ցուցակագրում է մարդկանց` ընտրակաշառք բաժանելու համար: Ոչ մի որոշակի բան. բոլորը նշում են, թե հիմնական պայքարող ուժերը 40-50 հազար դրամ կաշառք են բաժանելու, բայց ոչ ոք կոնկրետ ոչինչ չի կարող ասել:

Որ պայքարը թեժ է լինելու, որ իրար դեմ են դուրս գալու ինչպես տարբեր քաղաքական ուժերի, այնպես էլ միևնույն ուժի ներկայացուցիչները, որ ամեն մեկն իր «ղեկավարին» ամեն գնով ապացուցելու է, թե ինքն է լավագույնը, որպեսզի մանդատ ստանա, պարզ է: Որ քաղաքական լուրջ լծակներ ունեցող մարդկանց տեղափոխությունները մի ուժի առաջնագծից մեկ այլ ուժի առաջնագիծ ստիպելու են նաև ավելի մեծ թափով մոտենալ ընտրապայքարին և փորձել ամեն կերպ հաղթել «մրցակցին», նույնպես պարզ է: Պարզ է նաև, որ այս իրողությունը հանգեցնելու է «խաղադրույքների մեծացման»: Ուստի սպասվող կաշառքների չափերն ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չեն:

Իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել խոսակցությունների մակարդակով: Օրինակ` օրերս լուրեր տարածվեցին, թե Շիրակի մարզում մարդկանց կաշառք բաժանելուց զատ, նաև ապացույցներ են ուզում, որ հաստատ ընտրելու են, իսկ մեթոդներից մեկն էլ չօգտագործված քվեաթերթիկների դուրսբերումն է ընտրատեղամասից: Այսինքն՝ ում ընտրում են, այդ քվեաթերթիկը մտնում է ընտրարկղը, իսկ չօգտագորվածները դուրս են բերվում:

Բայց մի կողմ թողնելով ընտրակաշառքի հասարակական-քաղաքական վնասակար ազդեցությունները, դրան նայենք այլ` տնտեսական էֆեկտի տեսանկյունից: Բնականաբար, մի կարճ ժամանակով մարդկանց մոտ որոշակի կանխիկ գումար կհայտնվի: Սա նշանակում է, որ այդ գումարները կմտնեն տնտեսություն. մարդիկ կսկսեն խանութներից առևտուր անել, նախկին պարտքերը փակել, վարկեր փակել, ինչ-որ նոր ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերել և այլն: Այսինքն` կձևավորվի վճարունակ սպառողական պահանջարկ: Սա տնտեսական ակտիվություն կխթանի, կավելացնի առևտրաշրջանառության ծավալները: Այնպես որ, եթե նման աշխուժություն նկատվի, ապա դա կողմնակի ցուցիչ կլինի, որ ընտրակաշառքներն «առատ» են եղել:

Ընտրությունները մի հետաքրքիր ֆենոմեն էլ ունեն. սա թերևս միակ գործընթացն է, որի ժամանակ ասպարեզ նետված ֆինանսա-տնտեսական միջոցները բաշխվում են համեմատաբար համատարած ու համաչափ:

Մյուս կողմից՝ մարդկանց «ճոխություններին» կհետևի գնաճը, այլ մեխանիզմներ, որոնցով ընտրություններում փող ծախսողները կփորձեն վերադարձնել իրենց ծախսած գումարները: Միամտություն կլինի կարծել, թե նրանք ոչինչ չեն ձեռնարկի իրենց «թափած» փողը «հավաքելու» ուղղությամբ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հաշվարկներով, օրինակ, յուրաքանչյուր պատգամավորության թեկնածու բաղձալի մանդատը ստանալու համար ծախսում է միջինը 1-2 միլիոն դոլար: Եթե անգամ ընդունենք, որ խորհրդարանի առնվազն կեսն է այդ գումարը ծախսելու, մյուս կեսը համապետական ցուցակներով է ընտրվելու, ապա դարձյալ փոքր թիվ չէ, տնտեսության իրական հատված կմտնի նվազագույնը մոտ 50-100 միլիոն դոլար քեշ փող, որն, իհարկե, աննկատ չի մնա:

Այնպես որ ընտրակաշառքի, ընտրապայքարի ու առհասարակ բոլորին ջղայնացնող, նյարդեր գրգռող ընտրությունների մեջ փորձենք գտնել «լուսավոր ու դրական» կողմեր, քանի որ բացասականից, միևնույն է, չենք խուսափի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: