Հայերեն   English   Русский  

​Ինչպես են բաշխվելու ԱԺ մանդատները և ով ինչպես է օգտվելու մեր քվեից


  
դիտումներ: 3558

Քանի որ նոր ընտրական օրենսգիրքը բազմաթիվ «խուճուճ» նրբություններ ունի, «Անկախը» շարունակում է ներկայացնել դրանք՝ փորձելով շարքային ընտրողին հնարավորինս պարզ ներկայացնել, թե ինչպես են բաշխվելու քվեները և որ քաղաքական ուժը կամ որ ռեյտինգային թեկնածուն է իր քվեի շնորհիվ ստանալու ԱԺ պատգամավորի բաղձալի մանդատը՝ դրանից բխող բոլոր արտոնություններով ու պարտականություններով հանդերձ:

Քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում այդ պահին գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը: Այնուհետև բոլոր արարողակարգերն անցնելուց հետո, որոնք սովորական ընտրողին այնքան էլ հետաքրքիր չեն, տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր կամ անվավեր լինելու մասին, ընդ որում, այս փուլում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված ռեյտինգային թեկնածուի մասով քվեաթերթիկի վավերականության գնահատում չի իրականացվում: Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարվում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը:

հանրաքվե

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները դասավորվում են առանձին-առանձին: Ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի օգտին քվեաթերթիկները դասավորելուց և հաշվելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Հիշեցնենք, որ ընտրողը կարող է ընտրել միայն մեկ կուսակցություն՝ այդ կուսակցության անունով համապատասխան քվեաթերթիկը առանձնացնելով և ծրարում դնելով, իսկ մնացած կուսակցությունների քվեաթերթիկները առանձին տուփի մեջ գցելով: Ընտրողը կարող է ռեյտինգային թեկնածուի չընտրել: Բայց եթե որոշել է ընտրել, ապա տվյալ կուսակցության քվեաթերթիկի երկրորդ երեսին իր նախընտրած թեկնածուի անվան դիմաց համապատասխան (V) նշում է անում:

Եթե ընտրողը ամենևին էլ մտադիր չէ որևէ կուսակցություն ընտրել, բայց ցանկանում է ընտրել ռեյտինգային թեկնածուի, ապա պետք է իմանա, որ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, և ընտրելով այդ թեկնածուին՝ ինքնըստինքյան ընտրում ես նաև այդ թեկնածուին ներկայացրած կուսակցությանը կամ դաշինքին: Ընդ որում, հիշենք, ընտրած թեկնածուն կարող է և պատգամավոր չդառնալ, բայց նրա ներկայացրած քաղաքական ուժն ինքնաբերաբար կստանա այդ թեկնածուի օգտին տրված ձայնը:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության վավեր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո միայն տեղամասային ընտրական հանձնաժողովը, ըստ առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների, հաշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Դրա համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկի երկրորդ էջում կատարված նշումի համաձայն, հայտարարում է, թե ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակի որ ռեյտինգային թեկնածուի օգտին է քվեարկված: Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

Պետք է իմանալ, որ Ազգային ժողովի ընտրություններում յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն, այսինքն՝ կարող է քվեարկել միայն մեկ քաղաքական ուժի օգտին՝ ընտրելով միայն նրա անվամբ քվեաթերթիկը և այդ քվեաթերթիկի հետևում ընտրելով միայն մեկ ռեյտինգային թեկնածուի անվան դիմաց: Եվ եթե անգամ ընտրել եք մի որևէ կուսակցության քվեաթերթիկ, բայց նրա երկրորդ էջում սխալ նշում եք արել, ասենք՝ V նշանի փոխարեն դրել եք X նշան, միևնույն է, ձեր քվեաթերթիկը գումարվելու է տվյալ կուսակցության քվեաթերթիկներին: Նշված կարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հաշվվում է այդ կուսակցության տարածքային ընտրական ցուցակի յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկների թիվը: Քվեարկության ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկներ գտնվելու դեպքում հաշվարկում ընդգրկվում է միայն սահմանված նմուշի քվեաթերթիկը: Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից և որի վրա փակցված է այդ ընտրական տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը: Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է:

Ինչպես է որոշվելու, թե ով կստանա բաղձալի պաշտոնը

Հաշվում են, թե որ ուժը որքան քվե է ստացել ու այդ ուժի որ թեկնածուն որքան «ռեյտինգ» է հավաքել: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես են բաշխվում ԱԺ մանդատները:

Հիշենք, որ ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը 101 է լինելու: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից, և մեկական տարածքային ընտրական ցուցակ ընտրական տարածքների համար: Կուսակցությունը կամ դաշինքն իր համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում է տարածքային ընտրական ցուցակներ: Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում: Այսինքն՝ եթե Պողոսյան Պողոսն ընդգրկված է Սյունիքի և Վայոց ձորի տարածքային ցուցակում, նա չի կարող ընգրկվել նաև Տավուշի տարածքային ցուցակում:

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 5 տոկոսը կուսակցության դեպքում և 7 տոկոսը կուսակցությունների դաշինքի դեպքում: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 «7» տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է 3-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, օրինակ՝ ընտրություններին մասնակցող 9 ուժերից երկուսը ստացել են 40 և 50 տոկոս կողմ քվեներ, իսկ մնացածը՝ 5 կամ 7 տոկոսանոց շեմը չեն հաղթահարել, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, այսինքն՝ առաջին երկուսը, և նրանցից հետո ավելի շատ քվեներ ստացած ուժը:

Պատգամավորական մանդատները բաշխվում են ուժերի միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ուժի հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ: Յուրաքանչյուր կուսակցությանը կամ դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին կամ դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի հասանելիք մանդատների թվերն են: Մնացած մանդատները (101-ից) բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ուժին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Եթե կուսակցության կամ դաշինքի ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության կամ դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին, իսկ եթե կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Օրինակ, եթե ՀՀԿ-ն ստացել է 40 մանդատ, ապա այդ մանդատներից 20-ը բաժին կհասնեն համապետական ցուցակում ընդգրկված թեկնածուներին, մնացած 20-ը՝ ռեյտինգային թեկնածուներին: Բայց քանի որ տեսականորեն հնարավոր է, որ օրինակ՝ մի որևէ ընտրատարածքում, որտեղ տվյալ ուժը կարող է ունենալ մի քանի ռեյտինգային թեկնածու, ու բոլորն էլ բավականին մեծ թվով վստահության քվեներ ստացած լինեն, ապա յուրաքանչյուր ընտրական տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է ըստ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հատուկ բանաձևով: Ըստ ստացած գործակիցների մեծության էլ հերթականությամբ՝ մեկական մանդատ պարբերականությամբ, բաշխվում են ռեյտինգային մանդատները:

Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին: Ընտրատարածքում կուսակցությանը հասանելիք մանդատները ստանում են տվյալ ընտրատարածքին հասանելիք մանդատների թվին հավասար թվով այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե կուսակցության տվյալ ընտրական տարածքի ցուցակում չկան բավարար թվով թեկնածուներ, ապա թափուր մանդատները փոխանցվում են համապետական ընտրական ցուցակի առաջին մասին: Երկրորդ հերթին մանդատները, սահմանված կարգով, տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Տարածքային ընտրական ցուցակից մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է այդ կուսակցության տվյալ տարածքային ընտրական ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին: Ձայների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե տվյալ տարածքային ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը փոխանցվում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասին: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր: Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և փաստորեն, ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: