Հայերեն   English   Русский  

​Հայկական «կաշվե» բիզնեսը զարգանում է ու զարգացնում հարակից ոլորտները


  
դիտումներ: 8309

Ընդամենը երկու տարի առաջ` 2015 թ., երբ հոլանդահայ Հայկազյան ընտանիքը, որ հագուստի գործարաններ ունի Պակիստանում, Թուրքիայում, Չինաստանում և այլուր, Եվրոպայում ամենից շատ բաճկոններ վաճառող ARMA ընկերության տերն է, որոշեց հայրենիքում կաշվի վերամշակման արտադրություն հիմնել Երևանի նախկին կաշվի գործարանի հիմքի վրա: Եվ 1993-ից պարապուրդի մատնված ու լիովին ավերակների վերածված կաշվի գործարանում 2015 թվականից սկսվեց հայկական կաշվի արտադրությունը` հիմնվեց «Արլեդեր» ընկերությունը:

Պարապուրդի 22 տարիների ընթացքում գործարանի 15 հեկտար տարածքում, որ սկզբում վարձակալությամբ էին վերցրել, անգամ խողովակները, էլեկտրամատակարարման հաղորդալարերն էին քանդված ու ավերված, հին հաստոցներն անգործությունից կիսախարխուլ վիճակում էին: Բայց ներդրողներն ու գործարանի նոր տնօրինությունը ձեռնամուխ եղան ամեն ինչ, կարելի է ասել, զրոյից գործարկելուն:

Սկզբում, երբ արտադրությունն այս գործարանում վերսկսվեց, ընդամենը 2 կաշի մշակող թմբուկ էր աշխատում, իսկ այժմ` 30, ընդամենը 5 աշխատող կար, իսկ ներկայումս աշխատողների թիվը հասել է մոտ 7 տասնյակի: Բայց նախատեսվում է ավելացնել թե՛ արտադրության ծավալները, թե՛ աշխատատեղերը: Ինչ վերաբերում է արտադրական ծավալներին, ապա եթե սկզբում օրական 4 տոննա տավարի և 500 հատ գառան կաշի էր մշակվում, ապա ներկայումս օրական 12 տոննա տավարի և 1500-1600 հատ գառան կաշի է մշակվում: Գործարանի ամբողջ տարածքն էլ 1,5 տարի վարձակալելուց հետո արդեն գնել են ու ձեռնամուխ եղել վերանորոգմանն ու վերականգնմանը: Հաստոցների, սարքավորումների մի մասը մնացել էր ԽՍՀՄ ժամանակներից, մյուս մասը՝ նորագույն տեխնոլոգիաների հաստոցներն ու սարքերը, ներդրվել է:

Գործարանը կարող է վերամշակել Հայաստանի ամբողջ հումքը, ավելին` Հայաստանի հումքը ապագայում կարող է նաև քչություն անել, ուստի բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ, որպեսզի այնտեղից էլ ապագայում հումք ներմուծվի: Ներկայումս գործարանի ամբողջ արտադրանքը արտահանվում է, Հայաստանում չնչին ծավալի կաշի է սպառվել: «Արլեդերի» արտադրած կաշիները հիմնականում արտահանվում են Չինաստան, Պակիստան, Վրաստան, որտեղից արդեն ուղարկվում են Թուրքիա, Իտալիա, Իսպանիա և այլն:

«Հայաստանի կաշին լավագույններից է, Եթովպիայից հետո երկրորդն է իր որակական հատկանիշներով: Բայց Հայաստանում մորթը ճիշտ չի կազմակերպվում, գյուղացիները հիմնականում դանակով են մորթում անասունները, չեն տանում սպանդանոց, քանի որ պետք է մեքենա վարձեն, այլ ծախսեր անեն, որ սպանդանոց հասցնեն, այդ պատճառով տնային պայմաններում են մորթը կազմակերպում, դրա հետևանքով լավ` A սորտի կաշին վերածվում է F կամ D սորտի»,- «Անկախի» հետ զրույցում նշում է «Արլեդեր» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Կարագուլյանն ու տեղեկացնում, որ հենց դրա համար էլ հոլանդացի ներդրողները փորձում են կազմակերպել գյուղացիների ուսուցում, ինչպես նաև փոխհատուցել մորթվող անասունները մինչև սպանդանոց հասցնելու ծախսերը:

«Մեկ այլ խնդիր էլ կա. երբ անասունին բոռ է կծում կամ այլ խնդիր է լինում, գյուղացին մորթում է այդ կենդանուն, բայց պետք է նրանց սովորեցնել, որ ավելի լավ է բուժել կենդանուն, ասյդպես ավելի մեծ եկամուտ կլինի: Մի ուրիշ խնդիր էլ հովիվներից է գալիս, քանի որ խփում են կենդանիներին: Հետագայում՝ մորթից հետո, կաշվի որակը, չնայած որակական բարձր հատկանիշներին, միանգամից ընկնում է: Նաև աղ անելու հետ կապված խնդիր կա. թեև Հայաստանում աղի գործարան կա, աղը կրկնակի-եռակի ավելի թանկ է, քան եթե դրսից ես ներմուծում: Ուստի գյուղացիները աղը խնայելու համար ոչ թե լավորակ աղով են մշակում կաշին, այլ քարաղ են օգտագործում, իսկ դա կաշվի վրա վնասվածքներ է առաջացնում ու դարձյալ գցում կաշվի կարգն ու որակը»,- ասում է ընկերության տնօրենը:

Ի դեպ, Երևանի կաշվի գործարանը XIX դարում է հիմնադրվել, խորհրդային տարիներին էլ եղել է տարածաշրջանի խոշորագույն գործարանը, ամբողջ հումքը բերվել և Երևանի կաշվի գործարանում է վերամշակվել: Բայց այդ հումքն էլ չի հերիքել, Հնդկաստանից էլ են հումք բերել, իսկ արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ տարբեր ծայրեր: Բայց 1993-2015 թթ. այս գործարանը պարապուրդի մատնվեց ու ավերվեց և վերագործարկվեց հոլանդահայերի շնորհիվ: Ներդրողների մոտիվացիան այն է, որ հայկական կաշին պատմություն ունեցող բրենդ է, մինչդեռ գործարանի պարապուրդի պայմաններում Հայաստանից ամբողջ չմշակված հումքը գնացել է Թուրքիա:

«Հայաստանը միակ երկիրն է երևի, որ թույլ է տվել չմշակված հումքը արտահանել. սա ստրատեգիական հումք է համարվում: Բացի այդ, չհաշված գործարանում զբաղվածների տնտեսական էֆեկտը, սոցիալ-տնտեսական կարևորությունը, այս գործարանը կարող է նաև, հումքը վերամշակելով, կրկնակի-եռակի մեծացնել եկամուտները»,- նշում է Վահագն Կարագուլյանը:

Այս արտադրությունը նաև կարող է հայկական բրենդը ճանաչելի դարձնել, աշխատատեղեր ստեղծել, հումքից վերջնական արտադրանք թողարկել ու թանկ արտադրանքը վաճառելով՝ եկամուտները, բյուջետային մուտքերը մեծացնել: Բացի այդ, կաշեգործությունն այլ ճյուղեր է զարգացնում` կաշվի-մորթու իրերի ու պարագաների արտադրություն, կոշկագործություն, քիմիական արդյունաբերություն, քանի որ վերամշակման ընթացքում մի քանի տասնյակ քիմիական նյութեր են կիրառվում:

Լավագույն տարիներին Երևանի կաշվի գործարանը 2000-ից ավելի աշխատող ուներ, 2 տարի առաջ` ոչ մի աշխատող, հիմա արդեն 70 աշխատող ունի, իսկ խորհրդային հզորությունների գոնե կեսին հասնելը գործարանի տնօրինության ցանկությունն ու նպատակն է: Բայց դա երկար տարիների նպատակ է և շատ կարևոր ոչ միայն գործարանի, այլև ամբողջ երկրի համար, քանի որ կաշվի արտադրությունը անթափոն արտադրություն է: Այստեղ օգտագործվում է ամեն ինչ` կաշին, բուրդը, անգամ մնացորդները, կաշվին կպած կենդանական ճարպը:

Գործարանի տնօրենը նշում է, որ իրենց գործը հաջողվեց թիմի շնորհիվ: Պետությունն էլ որևէ խոչընդոտ չի ստեղծել, ավելին՝ աջակցել է:

«Կարողացել ենք պետական մարմիններին բացատրել, թե ինչ ենք անում, ինչ նշանակություն ունի, ինչ հեռանկարներ կան, որ սա ոչ թե ինչ-որ անհատ բիզնեսմենի, այլ պետության խնդիր է: Երբ պետական մարմինները հասկացել են սրա կարևորությունը, միայն օգնել են և երբեք չեն խանգարել: Սրա համար նվիրում էր պետք, որ աշխատողները տեսնեին ապագան, հավատային հաջողությանն ու աշխատեին,- նշում է ընկերության տնօրենը:- Ամենակարևորը՝ պետք է տեսլական, թե ինչի ես ուզում հասնել, որովհետև լինում են նաև հիասթափության պահեր, երբ ինչ-որ բան չի ստացվում: Բայց երբ գիտես, թե ուր ես գնում ու հանուն ինչի՝ հաղթահարում ես: Ցանկացած գործ անելիս պետք է հավատալ սեփական ուժերին, կարողություններին ու հաջողությանը»:

Այս առնչությամբ նա հիշում է, որ երկու տարի առաջ, երբ փորձում էին խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հաստոցները վերագործարկել, ոչ ոք չէր հավատում, որ դա կհաջողվի, բոլորը փորձում էին վախեցնել, համոզել, որ պետք է հրաժարվել այդ գաղափարից: «Բայց մենք վճռական մոտեցանք հարցին, գտանք մասնագետներ, որոնք կարողացան նորոգել ու արդիականացնել սարքերը, և եթե նոր հաստոցի համար պետք է վճարեինք 50-60-70 հազար ԱՄՆ դոլար, ապա կարողացանք եղածն արդիականացնել ընդամենը 2-3 հազար դոլարով: Այնքա՜ն բաներ ենք ստիպված եղել հաղթահարել ու դեռ ինչքա՜ն բաներ էլ հարկ կլինի հաղթահարել»,- ժպտալով նշում է տնօրենը:

Նա մի հետաքրքիր միտք է հուշում. պետական քաղաքականությունն ու վարչարարությունը արտադրության նպատակներով ներմուծմանն ու առևտրային նպատակներով ներմուծմանը պետք է տարբեր լինի, ավելի բարի աչքով պետք է նայել տեղի արտադրողին: Երբ հարցրինք, թե իրենք ներկայումս կարո՞ղ են Հայաստանի ներքին պահանջարկի գոնե կեսը բավարարել, մեր զրուցակիցը ժպտալով ասաց, որ մեկ ամիս նորմալ ցիկլով աշխատելու դեպքում Հայաստանի ներքին պահանջարկից ավելի կաշի էլ կարող են արտադրել: Բայց հույս ունեն, որ հագուստի, կոշիկի, կաշվե իրերի արտադրությունը հենց իրենց բազայի վրա կընդլայնվի ու ներսում էլ պահանջարկը կմեծանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: