Հայերեն   English   Русский  

​Ուսանողի անբավարար գնահատականի համար պատասխանատու է նաև դասախոսը. մասնագետները քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի գնահատումը


  
դիտումներ: 3096

Գնահատումը պետք է լինի ուսուցանող: Գնահատման առաջնային նպատակը պետք է լինի սովորեցնելը, ոչ թե դասը չսերտած ուսանողին բացահայտելը. այսպիսին է արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացված կրթության որակի ապահովման շաբաթվա հիմնական ուղերձը: Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ ուսանողի անբավարար գնահատականի համար պատասխանատու է նաև դասախոսը, քանի որ գնահատականը փաստում է, որ ուսուցման գործընթացում ինչ-որ բան ձախողվել է:

Փետրվարի 20-24-ը հայաստանյան միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, դասախոսները, կրթության կառավարիչները, տեղացի ու միջազգային փորձագետները քննարկում էին ոլորտի հրատապ խնդիրները՝ փորձելով լուծումներ գտնել:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ այս տարվա կրթության որակի ապահովման շաբաթն առանձնահատուկ էր, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլից հետո անցում ենք կատարում ծրագրային հավատարմագրման գործընթացներին. առաջիկայում գնահատվելու են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Գնահատման չափանիշներից են լինելու շրջանավարտների աշխատանքով ապահովվածությունը, դասախոսների՝ ուսանողներին արդիական կարողություններ հաղորդելու, գնահատման ուսուցանող լինելու հանգամանքները և այլն:

Ուսանողների կարծիքով՝ համալսարանում իրենք պետք է ստանան ավելի շատ գործնական հմտություններ, իսկ դասաժամը պետք է օգտագործվի ոչ թե դասախոսություն թելադրելու, այլ ինտերակտիվ քննարկումների ու տեսական գիտելիքների կիրառականությունն ապահովելու նպատակով: Ուսանողները նաև կարծում են, որ բուհերը պետք է նախաձեռնողական լինեն՝ գործատուներին հնարավորինս շատ ներգրավելով կրթական գործընթացներում: Դասախոսների թվում գործատուների զգալի ներկայությունը կապահովի, որ աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ հասնեն և ուսանողները ստանան կիրառելի ու պահանջված հմտություններ:

Որակի շաբաթվա մյուս ուղերձը բուհերում երիտասարդ դասախոսների թվի ավելացման անհրաժեշտությունն է: ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ երիտասարդ դասախոսներն ավելի շատ են հակված փոփոխությունների ու նորարարությունների, մինչդեռ հայաստանյան բուհերը երիտասարդ դասախոսների պակաս ունեն:

Որակի շաբաթվա շրջանակներում քննարկվեց նաև այն հարցը, թե ինչու և ինչպես է պետք բարեփոխել մասնագիտության կրթական ծրագրերը: Միջազգային փորձագետները բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ հղեցին կառավարությանը, այն է՝ հստակեցնել կրթական և գիտական աստիճանները (բակալավր, մագիստրոս, PHD)՝ համապատասխանեցնելով միջազգայնորեն ճանաչելի նկարագիրներին, յուրաքանչյուր բուհ ապահովել բավարար ինքնավարությամբ՝ ինքնուրույն մշակելու և իրականացնելու մասնագիտության կրթական ծրագրեր, պարբերական շրջափուլերով իրականացնել մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատում, ազգային մակարդակում ավարտական կուրսի ուսանողների հարցախույզ իրականացնել՝ պարզելու, թե որքանով է կրթական ծրագրերի նպատակն իրականացված և ինչ բարեփոխումների կարիք կա, կազմել աշխատանք գտած շրջանավարտների տվյալների շտեմարան, ինչը կնպաստի աշխատաշուկայի կարիքները հասկանալուն և այլն:

Կրթության որակի ապահովման շաբաթն ամփոփվեց քննարկումներով, թե ինչպես կարելի է բարելավել գնահատման համակարգը:

«Հայաստանյան կրթական համակարգում գնահատման և՛ համակարգը, և՛ չափանիշները կարոտ են վերանայման: Ամեն մեկս մեր փոքր քայլ անում ենք այդ բնագավառում: Իսկ որակի շաբաթն առիթ է, որ ոլորտի մասնագետներով հավաքվենք, քննարկենք ու փոխանակենք մեր փորձն ու խնդիրները»,- ասում է Շիրակի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Նազելի Ավետիսյանը:

Վանաձորի պետական համալսարանի կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մարգարիտա Շահվերդյանը ևս նշում է՝ չնայած փոփոխություններն ընթացքի մեջ են, գնահատման համակարգը դեռևս կատարելագործման կարիք ունի:

«Հարցը լուծելու համար կրթական գործընթացի բոլոր կողմերը պետք է ներգրավվեն: Կարևոր է, թե ինչպիսին է տեսնում վերջնարդյունքը գործատուն, ուսանողը որքանով է գոհ իր անձնական աճով և դասախոսն արդյունքում որքանով է կարողացել իրագործել իր մոտեցումները»,- ասում է նա:

Իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինա Սողիկյանը նշում է, որ քննարկումներից հետո, եթե անգամ ներկայացված լավագույն փորձն անմիջապես չներդրվի բուհերում, ապա գոնե բուհերը հետադարձ հայացքով իրենց գործունեությունը վերլուծելու հնարավորություն կունենան, ինչը ևս կրթության որակի ապահովման բաղադրիչներից է:

«Կարծում եմ, որ այս տարվա միջոցառումը վկայությունն է նրա, որ որակի մշակույթն իր տեղն է գտել բարձրագույն կրթության հանրության շրջանում»,- ասում է նա:

Կրթության որակի շաբաթն ամփոփվեց այն լուրով, որ Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի անդամ:

Տարածաշրջանում առաջինն ենք

Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի անդամ: Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը կրթության որակի ապահովման շաբաթվա ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին շնորհվել է եվրոպական կառույցի լիիրավ անդամակցություն: Հետխորհրդային երկրներից եվրոպական հեղինակավոր կառույցին անդամակցում են միայն Ռուսաստանը, Ղազախստանը, Լիտվան և Էստոնիան:

Անդամակցությունը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային նշանակում է, որ հայաստանյան բարձրագույն կրթությունը համադրելի է եվրոպական բարձրագույն կրթության տարածքի չափանիշներին ու պահանջներին, և հայաստանյան բուհերի՝ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված լինելը հենց եվրոպական չափանիշներին համապատասխանության երաշխիք է լինելու:

Քրիստոֆ Գրոլիմունդը, անդրադառնալով անդամակցության արդյունքներին, ասում է, որ այսուհետ Հայաստանն ի դեմս ՈԱԱԿ-ի կկարողանա մասնակցել նաև եվրոպական կրթական քաղաքականության մշակումներին:

«Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»,- ասում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով անդամակցության նշանակությունը մեր երկրի համար:

ՈԱԱԿ

Գենտի համալսարանի միջազգային կապերի մասնագետ Գիրտ դե Լեփլիրի կարծիքով՝ անդամակցությունը ENQA-ին կհանգեցնի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետագա զարգացմանը և միջազգային համագործակցության ընլայնմանը:

Անդամակցությունը ENQA-ին միջազգայնացման գործում վճռորոշ գործոն է համարում նաև Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Դեյվիդ Քուինը:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ անդամակցությունը նաև վկայում է, որ Հայաստանում էլ կարելի է հավակնոտ նպատակներ սահմանել ու իրագործել: Նշում է, որ անդամակցությունը դեռ միայն առաջին քայլն է: ՈԱԱԿ-ը մտադիր է ընդգրկվել նաև Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում, ինչը կառույցին հնարավորություն կտա բուհերի հավատարմագրման գործընթացներ իրականացնել նաև եվրոպական երկրներում:

Անդրադառնալով անդամակցության օգուտներին՝ Թոփչյանը նշում է, որ դրանից շահում է ոչ միայն Հայաստանը, այլև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան. «Նրանք էլ կարիք ունեն այս երկրներից որոշակի փորձ ստանալու: Միայն մենք չենք սովորում, այլև նրանք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: