Հայերեն   English   Русский  

​ԲՅՈՒԶԱՆԴԻԱ


  
դիտումներ: 2011

Բյուզանդական կայսրությունը միջնադարում մեր արևմտյան հարևանն էր: Եվ հայ-բյուզանդական միջպետական, միջմշակութային հարաբերությունները բավական սերտ էին: Մեծ էր հայերի ազդեցությունը Բյուզանդիայի ռազմական, քաղաքական, պետական և մշակութային կյանքում:

Բյուզանդական կայսրությունը ձևավորվել է Հռոմեական կայսրության պառակտման հետևանքով: 324 թ. Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաք է հռչակում Փոքր Ասիայում գտնվող Բյուզանդիոն քաղաքը: Այն հետագայում կայսեր անունով անվանափոխվեց՝ կոչվելով Կոստանդնուպոլիս: 395 թ. Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի, և Կոստանդնուպոլիսը դարձավ Արևելյան հռոմեական կայսրության կամ Բյուզանդիայի մայրաքաղաքը:

VI դարում Բյուզանդիան հզորացավ Անաստասիոս և Հուստինիանոս Ա կայսրերի կառավարման տարիներին: Բյուզանդիան փորձեց իր իշխանությունն ամրապնդել կործանված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքներում՝ Իտալիայում: 551 թ. 35000-ոց բանակով Իտալիա ժամանեց հայազգի զորավար Ներսեսը (հավանաբար՝ Կամսարականների տոհմից): Նա մի քանի տարվա մեջ գլխովին ջախջախեց գոթերին ու ֆրանկներին և Իտալիան կցեց Բյուզանդական կայսրությանը: Ներսեսի անունը ոսկե տառերով է գրված Բյուզանդիայի պատմության մատյաններում: Նա առաջին մեծանուն հայն էր, որ աչքի ընկավ Բյուզանդիայի ռազմաքաղաքական պատմության մեջ:

Դեռ վաղ միջնադարում Բյուզանդիան աստիճանաբար ձերբազատվեց հին՝ հռոմեական ժառանգությունից: Հերակլիոս Ա կայսրը (610-641) բարեփոխեց երկիրը: Նա Բյուզանդիայի պաշտոնական լեզուն՝ լատիներենը, փոխարինեց հունարենով: Սակայն պետության պաշտոնական անվանումը մնաց Հռոմեական կայսրություն: Հայ մատենագրության մեջ էլ Բյուզանդիան հիշատակվում է որպես Հոռոմաց երկիր, իսկ բյուզանդացիները՝ հոռոմ:

Հուստինիանոսի մահից հետո կայսրությունը թուլացավ, բայց վերստին հզորացավ հայազգի Մորիկ կայսեր կառավարման շրջանում՝ 582-602 թթ.: Մորիկը, լինելով բյուզանդական զորահրամանատար, հաղթանակ տանելով բոլոր ճակատամարտերում, ի վերջո, զորքը նրան կայսր հռչակեց: Սակայն այս հայազգի զորեղ տիրակալի քաղաքականությունն ամենևին էլ հայանպաստ ու հայասեր չէր: Նա գրավել էր Հայաստանի արևմտյան հատվածն ու վարում էր Հայաստանը հայաթափելու քաղաքականություն: Հայտնի է Մորիկ կայսեր նամակը՝ ուղղված Պարսկաստանի արքային, որում նա խորհուրդ էր տալիս իր բաժնի՝ Արևելյան Հայաստանի զինուժն ուղղել դեպի Միջին Ասիա՝ քուշանաց երկիր, իսկ ինքն Արևմտյան Հայաստանի հայ իշխանների զինուժն ուղղում էր Բալկաններ՝ Թրակիա՝ ասելով, որ եթե հայերը սպանեն, կսպանեն իրենց թշնամիներին, եթե զոհվեն՝ կզոհվեն իրենց թշնամիները… Միջնադարյան հայ պատմիչները նշում են, որ Մորիկը Արագածոտնի Օշական գյուղից էր: Նա նաև ժամանակի ամենաուսյալ այրերից էր: Գրել է «Ստրատեգիկոն» երկը, որ ռազմագիտական կարևոր նշանակություն ունի վաղ միջնադարյան պատմության ուսումնասիրման համար:

Մորիկի դեմ ապստամբեց և նրան սպանելով՝ Բյուզանդիայի գահին տիրացավ Փոկաս կայսրը:

610 թ. Կարթագենից մեծ նավատորմով Պոլսին մոտեցավ հայազգի Հերակլ զորավարը. գահընկեց արեց Փոկասին և բյուզանդական գահ բարձրանալով՝ հիմք դրեց Հերակլիոսների հայկական հարստությանը: Նա պատերազմ հայտարարեց Պարսկաստանին և ջախջախեց պարսկական բանակը:

Հերակլիոսների հայկական հարստության վերջին ներկայացուցիչը Հուստինիանոս Բ կայսրն էր, որին 705 թ. գահընկեց արեց նրա դեմ ապստամբած և կայսերական գահ բարձրացած հայազգի զորավար Փիլիպպիկոս Վարդանը:

Շուտով բյուզանդական գահ բարձրացավ Իսավրական հարստությունը: Շատ ուսումնասիրողներ այս հարստության գահակալներին էլ հայ են համարում, ոմանք էլ նրանց հրեական ծագում են վերագրում:

VIII դարում՝ 741-743 թթ., Բյուզանդիայում գահ բարձրացավ հայազգի կայսր Արտավազդը, որ Մամիկոնյանների տոհմից էր: 813-820 թթ. գահ բարձրացավ Լևոն Ե Հայազնը՝ դարձյալ Մամիկոնյանների տոհմից:

Բյուզանդական կայսրությունը կազմավորման հենց սկզբից Արևելքում գերիշխանության համար պայքար սկսեց Սասանյան Պարսկաստանի դեմ: Այս պայքարում երկու կողմերի համար առաջնայինը Հայաստանին տիրելն էր, քանզի Հայաստանին տիրողն իր գերիշխանությունն էր հաստատում ողջ տարածաշրջանում: Իր քաղաքական նկրտումներով Բյուզանդիան Հայաստանում ամուր հենարան ուներ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու և Մամիկոնյան, Կամսարական իշխանական տների:

Սասանյան պետության կործանումից հետո տարածաշրջանում հայտնվեց զորեղ Արաբական խալիֆայությունը: Հայերը սկզբում դաշնակցեցին արաբների հետ, սակայն հայոց եկեղեցին կարողացավ Հայաստանում վիժեցնել Թեոդորոս Ռշտունու կնքած հայ-արաբական պայմանագիրը, և Հայաստանը կարճ ժամանակով հայտնվեց բյուզանդական ազդեցության գոտում: Շուտով, սակայն, արաբները զենքի ուժով նվաճեցին Հայաստանը: Արաբական խալիֆայությունը ծանր հարված հասցրեց Բյուզանդիային, կայսրությունը կարողացավ ուշքի գալ միայն IX դարից սկսած, երբ Բյուզանդիայի գահ բարձրացան Հայկական հարստության կայսրերը: Առաջին կայսրը Բարսեղ (Վասիլ) Առաջինն էր, որ գահ բարձրացավ 867 թ. և կառավարեց մինչև 886 թ.: Վասիլ Ա-ն բարեկամական հարաբերություններ հաստատեց հայոց Աշոտ Ա Բագրատունի արքայի հետ: Նա իրեն հռչակեց Արշակունի և թագ խնդրեց Աշոտ Ա-ից, քանզի հայոց Արշակունիների թագավորության ժամանակ հայ Արշակունի գահակալներին թագադրում էին Բագրատունի թագադիր ասպետները: Վասիլ Առաջինին բյուզանդական գահին հաջորդեց Լևոն Զ Իմաստասերը (886-912), որ նորոգեց հայ-բյուզանդական բարեկամական դաշինքը Սմբատ Ա Բագրատունի հայոց արքայի հետ: Ապա բյուզանդական գահին հաջորդեցին Ալեքսանդր Ա-ն (912-913), Կոստանդին Է Ծիրանածինը (913-920,944-959), որ նաև օրենսդիր էր, պատմաբան, իմաստասեր, Զոե Ա Կարվոնոպսինա կայսրուհին, (914-919), Ռոմանոս Ա Լակապենոսը (920-944), Ռոմանոս Բ (959-963), Նիկեփորոս Բ Փոկասը (963-969) Թեոփանո կայսրուհին (963), անպարտելի Հովհաննես Ա Չմշկիկը (969-976), Վասիլ Բ Բուլղարասպանը (976-1025), որ նվաճեց Բուլղարիայի թագավորությունը, որտեղ գահակալում էր Սամուել Կոմսաձագ հայազգի արքան, Կոստանդին Ը-ն (1025-1028), Ռոմանոս Գ Արգիրոսը (1028-1034), Միքայել Դ Պափլագոնացին (1034-1041), Միքայել Ե Կալաֆաթոսը (1041-1042), Զոե Բ կայսրուհին (1042), Կոստանդին Թ Մոնոմարխոսը (1042-1055), Թեոդորա Գ կայսրուհին (1042,1055-1056):

Բյուզանդիայի այս վերելքը պատմագիտության մեջ հայտնի է որպես «Հայկական վերածնունդ»:

Սակայն, եթե Բյուզանդիայի հայազգի առաջին կայսրերը բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ ունեին հայության հետ և Հայաստանի նկատմամբ, հետագայում որդեգրեցին Հայոց թագավորությունը նվաճելու քաղաքականություն:

1000 թ. Բյուզանդիան գրավեց Տայքը, 1021 թ.՝ Վասպուրականի թագավորությունը, հայ եկեղեցու առաջնորդի դավաճանության հետևանքով 1045 թ. ընկավ Անիի թագավորությունը, 10 տարի անց Բյուզանդիան տիրեց նաև Կարսի թագավորությանը:

Հայերը Բյուզանդիայում մեծ դերակատարություն ունեին հատկապես ռազմի ասպարեզում: Բյուզանդական կայսրության ամենամարտունակ բանակաթեմը Արմենիակների բանակաթեմն էր, որի զինված ուժերը համալրված էին բացառապես հայերով:

Բյուզանդիայում աչքի էին ընկնում հայազգի Կուրկուասների, Փոկասների, Մամիկոնյանների, Կամսարականների, Սկլերոսների տոհմերը: Իրենց քաջությամբ ու սրով Բյուզանդիայի փառքը կերտեցին բազում հայ զորավարներ: VI դարում՝ Հովհաննես Գուռզեսը, Ադոլիոսը, Հրահատ Կամսարականը, Արտաշիր Արշակունին, Արտավազդ Մամիկոնյանը, Արտավան Արշակունին, Հովհանը, Ներսես Պատրիկը, Ներսես Կամսարականը, Ներսեհը, Ներսես Բասենցին, Սահակ Կամսարականը, Մուշեղ Մամիկոնյանը, Տաճատ Անձևացին, VII դարում՝ Սամուել Հայազնը, Վահան Մամիկոնյանը, Մժեժ Գնունին, Վալենտիանոս Արշակունին, VIII դարում՝ Արտավազդ Մամիկոնյանը, Փիլիպպիկոս Վարդանը, Մուշեղ Մամիկոնյանը, որ գահընկեց արեց Իրենե կայսրուհուն, Տաճատ Անձևացին, Վարդան Հայազնը, IX դարում՝ Հովհաննես Ա Կուրկուաս զորավարը, Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը, Թովմա Սլավոնը, Մանուել Մամիկոնյանը, Նիկեփորաս Փոկասը, Պետրոնաս Մամիկոնյանը, Տաճատ Անձևացին, Քրիստափորը, Ալեքս Մամիկոնյանը, X դարում՝ Ռոմանոս Կուրկուասը, Հովհաննես-Կուրկուաս Գ, Մուշեղ-Ալեքս Մամիկոնյանը, Նիկեփորոս Բ Փոկասը, Մելիասը, Թոռնիկ Մամիկոնյանը, Թեոփիլոս Կուրկուասը, Լևոն Փոկասը, Մլեհը,Վասիլ Հայազնը, Վարդաս Սկլերոսը, Վարդաս Փոկասը, XI դարում՝ Գրիգոր Բակուրյանը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Նիկեփորոս Ծռվիզը, Դավիթ Արծրունին, Վասիլակը, Վասիլ Հայը, այլ մեծանուն զորավարներ:

Հայերը Բյուզանդիայում աչքի ընկան նաև մշակույթի և գիտության ասպարեզներում: Թեոդորա Մամիկոնյան կայսրուհու եղբայրը՝ Վարդաս Մամիկոնյանը, Պոլսի մոտ՝ Մագնավայում, բացեց աշխարհում առաջին համալսարանը, որի ղեկավարն էր նշանավոր Լևոն Իմաստասերը: Ազգությամբ հայ էր նաև անվանի իմաստասեր, պատմաբան Փոտ պատրիարքը:

Արևելքից Առաջավոր Ասիա թափանցեցին սելջուկյան հորդաները: 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում սելջուկները գլխովին ջախջախեցին բյուզանդական զորքերը: Բյուզանդիան անվերադարձ կորցրեց իր արևելյան տիրույթները: Բյուզանդիան աստիճանաբար թուլացավ և տարածքային մեծ կորուստներ ունեցավ: 1204 թ. խաչակիրները գրավեցին Բյուզանդական կայսրությունը և թալանեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Դա ծանր հարված էր Բյուզանդիային, որից հետո սկսվեց կայսրության երկարատև հոգեվարքը:

1299 թ. ձևավորված Օսմանյան կայսրությունն աստիճանաբար ընդարձակվում էր Բյուզանդական կայսրության հաշվին: Ի վերջո, 1453 թ. մայիսի 29-ին սուլթան Մահմադ Բ-ի բանակը կարողացավ գրավել կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Քրիստոնեության վերջին ու հզորագույն պատվարը՝ Բյուզանդական կայսրությունը, այլևս գոյություն չուներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: