Հայերեն   English   Русский  

​Էներգամատակարարում


  
դիտումներ: 3915

Այս համարում կխոսենք էներգամատակարարման որոշ իրավական հարցերի մասին: Մասնավորապես, կանդրադառնանք էներգամատակարարման պայմանագրին՝ բացահայտելով դրա՝ օրենքով սահմանված ամենաէական և կարևոր կողմերին:

Էներգամատակարարման պայմանագիրը կարելի է դասել վաճառողի և գնորդի միջև դասական պայմանագրաիրավական հարաբերությունների շարքը: Սակայն այն շատ կողմերով շեղվում է հասարակ առուվաճառքի կամ մատակարարման պայմանագրերի իրավակարգավորումներից: Օրինակ՝ եթե առուվաճառքի կամ մատակարարման դեպքում վաճառվող ապրանքի քանակի որևէ սահմանափակում նախատեսված չէ օրենքով, ապա էներգամատակարարման դեպքում նման սահմանափակումներ հանդիպում են:

Էներգամատակարարման պայմանագիրը

Էներգամատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր: Էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

Էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ և այլ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նաև սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում (հաշվիչի առկայության դեպքում):

Երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, պայմանագիրը կնքված է համարվում աբոնենտի՝ միացված ցանցին սահմանված կարգով առաջին փաստացի միացման պահից:

Էներգիայի քանակը

Էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա, իսկ եթե էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, ապա նա իրավունք ունի օգտագործել իր համար խելամտորեն անհրաժեշտ քանակի էներգիա:

Էներգիայի որակը

Էներգամատակարարող կազմակերպության մատուցած էներգիայի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներով և այլ պարտադիր կանոններով սահմանված կամ էներգամատակարարման պայմանագրով նախատեսված պահանջներին: Իսկ այդ պահանջների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի իրականացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածով սահմանված իրավունքները, օրինակ՝ պահանջելու՝

1) համաչափ պակասեցնելու ապրանքի (մատակարարվող էներգիայի) գինը.

2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի (այս դեպքում՝ մատակարարվող էներգիայի) թերությունները.

3) հատուցելու ապրանքի (մատակարարվող էներգիայի) թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:

Էներգամատակարարման վերաբերյալ այլ կարևոր հարցերին կանդրադառնանք հաջորդ համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: