Հայերեն   English   Русский  

​Մարտիրոսված հերոսների ամենամեծ տոհմածառը


  
դիտումներ: 2610

Յուրաքանչյուր հրատարակված գիրք ընթերցվելուց հետո տեղ է գրավում գրադարակում մինչև հաջորդ անհրաժեշտ հանդիպումը: Բայց կան գրքեր, որոնք դառնում են, այսպես կոչված, սեղանի գիրք, ինքնաճանաչման, աշխարհընկալման ուղեցույց: Այդպիսին է «Փառքի հուշամատյան 1988-2009 թթ.» գիրքը, որ կազմել է Գալյա Առստամյանը:

«Զրույց անմահների հետ» խորագրի տակ հանդիպում ես հայրենիքի պաշտպաններին՝ իրենց լուսանկարներով և կենսագրությամբ, ապա հասնում 887-րդ էջում Գալյա Առստամյանի խոսքերին. «Կա լոկ տանջալի սպասում, կա կարոտ, մորմոք, վիշտ և համոզմունք, որ ձեր անմեղ հոգիները խաղաղության աղավնիների պես ճախրում են բարձունքներում և այնտեղից հսկում մեր հանգիստը»:

Հայ նորագույն պատմության հերոսներին մեկ հարկի տակ է հավաքել որդեկորույս մայր Գալյա Առստամյանը, հերոսների մայրերի հետ միասին, բնակավայրից բնակավայր շրջելով, կազմել սերունդների համար հիշողությունների այս գանձարանը:

Այս գիրքը դարձավ իմ ուղեկիցը 2016 թ. հունվարի 9-ից, երբ թանգարանում այն անսպասելի նվիրեց ԼՂՀ Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ, թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը՝ մակագրելով. «Պահեք և հիշեք մեր տղաներին»:

Հիշեցի Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ, հանրապետության վաստակավոր մանկավարժ Կառլեն Մարգարյանի այն միտքը, թե ջուլհակուհի Գալյա Առստամյանն իր հոգատարությամբ, ջանասիրությամբ, արցախյան շարժման սկզբից քայլում էր առաջին շարքերում, գրում ակնարկներ, մարդկանց ոգեկոչում արդար պահանջի: Պատմեց , թե ինչպես մի անգամ թանգարան այցելած զինվորներից մեկը հազում է, այդ պահին Գալյան բոլոր ներկա զինվորներին դոշաբ է խմացնում, և երբ հարցնում են՝ 3350 լուսանկարներում ո՞րն է Ձեր 21-ամյա որդին (Գրիգորին զոհվել է 1992 թ. նոյեմբերի 19-ին), նա ցույց չի տալիս կրտսեր որդու լուսանկարը, այլ ասում է՝ «Բոլորն էլ իմ որդիներն են»:

«Միաժամանակ կենսախինդ էր, հումորով լի, մի աչքում արցունք էր, մյուսում՝ ծիծաղ: Նա տառապող մոր կերպար էր, մարդկանց թերություններն ասում էր երեսներին ու պատվում «մատաղ ինիմ» բառերով: Ազատամարտիկների մոր խորհրդանշական կերպարն էր»,- եզրափակեց զրույցը հարգարժան Կառլեն Մարգարյանը:

Եվ այժմ էլ թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը ցույց չի տալիս եղբոր լուսանկարը, այլ ասում է՝ «Բոլորն էլ իմ եղբայրներն են»:

Երբ ուզում էի գրել գրքի հեղինակի մասին, ակամա հիշեցի հայ մեծ քանդակագործ Լևոն Թոքմաջյանին, հարցազրույցներից մեկում նա ասում է, որ երբ ՀՀ ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մոնումենտալ արձանն էր կերտում, արցախցիք արձանից դուրս մնացած քարե կտորները տուն էին տանում որպես սրբության մասունք: Ասում է՝ Մոնթեին երբեք չի տեսել նրա կենդանության օրոք, բայց զրույցներից շատ բան է իմացել նրա մասին, օրինակ՝ շատ էր սիրում քաղցրավենիք, և այդ քաղցրությամբ էլ մուրճը վերցրել է և սկսել կերտել հերոսին:

Հիմա ես եմ այդ վիճակում. չտեսնելով գրքի հեղինակին, բայց կարդալով նրա հուշագրությունները, զգալով մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունքը՝ ես էլ, գրիչը վերցնելով, սկսեցի ներկայացնել գրքի հեղինակին:

Արցախի որ վայրում էլ որ եղել եմ, մի փոքր քար եմ վերցրել որպես մասունք և ինձ հետ տուն բերելով՝ ստեղծել աշխարհագրական մի անկյուն, չէ՞ որ այս պատմական հայոց հողի համար մարտնչել և մարտիրոսվել են հերոս պաշտպանները (Արցախից՝ 3350, Մայր Հայաստանից շուրջ՝ 2700 հոգի), որոնք իրենց արյամբ ներկեցին հաղթության դրոշը: Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել՝ «Մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է» :

«Փառքի հուշամատյան» գիրքն այնպես եմ ընթերցում, որ ոչ մի փաստ չվրիպի հայացքիցս: Փաստավավերագրական մատյանի ամեն մի էջից ասես ժպտում , թախծոտ աչքերով մեզ է նայում մեկը հազարավոր այն անմահներից, որոնք մարտիրոսվեցին Արցախի անկախության համար:

Գրում եմ ու ակամա հիշում Համո Սահյանի խոսքերը. «Ինձ բացակա չդնեք»: Այո, հայրենիքի սիրելի պաշտպաններ, դուք ձեր սխրանքով ներկա եք թանգարանում կազմակերպվող «բաց դասերին»՝ Գալյա Առստամյանի «դասղեկությամբ»: Դուք հավերժ ներկա եք Ձեր անունները կրող հրապարակում, փողոցում, դպրոցում, դասարանում, լսարանում…

Այս ծավալուն մեծադիր գիրքը մի մնայուն թղթե հուշարձան է, որի տպագրության շնորհակալ գործը հովանավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Մայրս երազում էր տպագիր մամուլ ունենալ, և այսօր այն իրականություն դարձավ: Թող «Անմահ զինվորը» մշտապես լինի մեր հաջողությունների ականատեսը, ու թող այն մնայուն տարեգրություն թողնի գալիք սերունդներին»,- ասում է թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը :

«Անմահ զինվոր» թերթի (տպագրվում է 2016 թ. հուլիսի 24-ից) «Մոր արցունքոտ աչքերը 24 տարի շարունակ որդու ճանապարհն են փնտրել» հոդվածից իմանում ենք, թե ինչպես են Գալյա Առստամյանի կազմած գրքի շնորհիվ Արցախի համար զոհված հրեա Սուլիկիս Գենադի Էլման Հարոնի հարազատները Ռուսաստանի «Սպասիր ինձ» ծրագրի միջոցով գտել նրա վերջին հանգրվանը (զոհվել է 1992 թ. օգոստոսի 25-ին, շիրիմը գտնվում է Ստեփանակերտի հուշահամալիրում):

Ահա թե ինչն է այս գրքի առաքելությունը: Ասկերանի զորամասում պատահաբար հանդիպեցի հրետանավոր Էռնեստ Ալյոշայի Բեգլարյանին: Երեք որդիների հայրը, որ 10 տարեկան է եղել, երբ Արցախի առաջին պատերազմում կորցրել է հորը, շատ հպարտ ինձ ասաց. «Ապագայում երեք դիրքապահ զինվոր ունեմ հայրենիքին ծառայելու համար»: Էռնեստի պես հաղթանդամ, հզոր արցախցու հետ ծանոթանալով՝ նրա խոսքից էլ ավելի հզորացա ու հեռացա՝ կրկին անգամ հանդիպելու ակնկալիքով...

Անհնարին է Արցախում լինել ու չայցելել զոհվածների հուշաթանգարան, որն իր ամբողջ լուսանկար-փաստաթղթերով վեր է ածվել մի յուրօրինակ պատմական արխիվի գալիք սերունդների համար, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Անհետ կորածների թանգարան:

Արարատ վերադառնալով՝ անմիջապես ձեռնամուխ եղա նյութեր տրամադրելու դպրոցներին և քոլեջներին այդ թանգարանների մասին: Չէ՞ որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միավորելու մի ճանապարհ կա՝ մշակույթը:

Գառնիկ Մարգարյան

Արարատ քաղաքային համայնքի

ղեկավարի օգնական, երկու զինվորի հայր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: