Հայերեն   English   Русский  

Ո՞ւմ առաջարկն է հակասահմանադրական. Աղվան Հովսեփյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեղադրեցին միմյանց


  
դիտումներ: 367

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը հակասահմանադրական է:

Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից հիշյալ նախագիծը ներկայացնելու առաջ հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:

Նա առաջարկեց օրակարգից հանել հարցը. «Ներկայացված է նախագիծ «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, մեզ վերաբերվող մաս կա, սակայն մեզ չի ուղարկվել նախագիծը: Հայաստանում չորս նախաքննական մարմին կա, ոչ մեկին չի ուղարկվել, ինչը վերաբերում է նաեւ մեր աշխատանքի կարգավորմանը»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Աղվան Հովսեփյանին հարցրեց, թե քանի օր է անհրաժեշտ նախագծի քննարկման համար. «Մենք պատրաստ ենք քննարկման եւ երկու օրը բավարար է, պարզապես բովանդակային առումով նախագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշումներով, որոնք արդեն իսկ կարգավորված են, եւ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց Աղվան Հովսեփյանը:

Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ օրենքում փոփորությունները վերաբերում են հետեւյալին. «Առաջարկում ենք, որ Գլխավոր դատախազությունը, ինչն այսօր էլ արվում է, մինչեւ ապրիլի 1-ը հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Գլխավոր դատախազության կայք-էջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումներն առանձին ներկայացնել. «Սրա գաղափարախոսությունն այն է, որ հանրությանը հատկապես հետաքրքրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը, գործի վարույթի հետագա ընթացքը կամ կարճման որոշումները, եւ այլն: Այդ պատճառով էլ առաջարկում ենք, որ առանձին հաղորդում ներկայացվի:

Թերեւս, խնդրահարույց կետը հետեւյալն է՝ հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի մինչեւ փետրվարի 1-ը Գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ տեղեկություններ ու վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:

Ըստ էության, պիտի նաեւ ասեմ, որ այսպիսի տվյալներ այսօր էլ ներկայացվում են, եւ մենք հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որեւէ պարտականություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ կամ պարզապես, այսպես ասած, պրակտիկայով: Այդուհանդերձ, արդեն Ձեր հանձնարարականի համաձայն՝ առաջիկա երեք օրերի ընթացքում կճշգրտենք նախաքննության մարմինների կողմից ներկայացված առարկությունները»:

Աղվան Հովսեփյանն էլ հայտարարեց, որ արդեն իսկ գոյություն ունի կառավարության որոշում, որը կարգավորում է այս հարցը, հարցն արդեն իսկ կարգավորված է, Դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր լինի նախաքննական մարմնի համար:

«Շատ լավ, պարո´ն Հովսեփյան, եթե Դուք ուզում եք կառավարության այսօրվա նիստում մասնագիտացված քննարկումներ անենք…»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ երեք օր ժամանակ տրամադրելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: