Հայերեն   English   Русский  

Հայաստանում առաջին անգամ նշվեց «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՕՐ»


  
դիտումներ: 390

Մարտի 3-ին Հայաստանում առաջին անգամ նշվող «Գործարարների օրվա» առթիվ ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժման ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի կենտրոնում գտնվող Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին։

Մարտի 3-ը Հայաստանի Կառավարության կողմից հռչակվել է «Գործարարի օր» ի պատիվ հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակի։ Գործարարի օրվա առթիվ ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժումը մեկնարկել է «Գործարար Ազգ» նախաձեռնությունը, որի ընթացքում Երևանի տարբեր վայրերում #Ապագա#BusinessMAN #Ապագա#BusinessLADY ցուցանակներով լուսանկարվել են բազմաթիվ երիտասարդներ։

Նախաձեռնության նպատակն է՝ մոտիվացնել երիտասարդներին լինել ակտիվ քաղաքացի և զբաղվել գործարարությամբ։ Հաշվի առնելով հայ ազգի բազմադարյա գործարար ավանդույթները և այդ ավանդույթների, բիզնես փորձի փոխանցման անհրաժեշտությունը, շարժումը իրականացնում է ամենամյա Business Experience Sharing Time (BEST) ծրագիրը, որը «Էլեկտրոնային բիզնես» խրագրով կիրականացվի այս տարի մարտի 13-ից 31-ը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է «Էլեկտրոնային առևտրի և առցանց ծառայությունների ՓՄՁ հիմնախնդիրները և զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» կլոր սեղան քննարկում և Eli.am, Crossroad, Your business, Mediamax ընկերությունների վարպետության դասեր, նաև հնարավորություն երիտասարդներին ձևավորելու իրենց բիզնես նախագիծը այս ոլորտում։

«Հայ երիտասարդները միշտ էլ տարբերվել են գործարար ունակություններով։ Նույնիսկ ապրելով սփյուռքում հայերը միշտ առանձնանում են տարատեսակ հաջողված գործարար նախագծերով, որոնք իրենց անգնահատելի ավանդն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանում Գործարարի օրվա սահմանումը սպասված էր և ցույց է տալիս գործարարության մեծ նշանակության ընկալումը արդի սոցիալ-տնտեսական հիմնախնդիների հաղթահարման գործում։ Հաշվի առնելով Հայաստանում աշխատատեղերի սակավությունը, արտագաղթը, և դրա հետ մեկտեղ, մեծ, չօգտագործված, ստեղծագործ և գործարար ներուժը, առաջնահերթ են դառնում նմանատիպ բիզնես մոտիվացիայի, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրերը։ ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժումը հետևողական աշխատանք է իրականացնում այս ուղղությամբ» - ասաց ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժման նախագահ Վահան Եղիազարյանը։

ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժումը ստեղծվել է 2013 թվականի մայիսին և իր ստեղծումից ի վեր իրականացրել է 97 տեղական և միջազգային միջոցառում բազմաթիվ ծրագրերի շրջանակներում։ Շարժման գործունեությունը հիմնված է հետևյալ առաքելության վրա՝ համախմբել հասարակությանը ազգային միասնության և հայրենասիրության գաղափարի շուրջ, ապահովել հասարակության ներգրավվածությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնություններում և ամրապնդել հայկական ներկայությունը միջազգային հարթակում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: