Հայերեն   English   Русский  

Տիգրան Մուկուչյանը Հանրային խորհրդին ներկայացրել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի հիմնադրույթները


  
դիտումներ: 1808

Հանրային խորհրդում ս.թ. մարտի 3-ին տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որին մասնակցել էԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի հիմնադրույթները:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ԿԸՀ նախագահին խնդրել է պարզաբանել գործընթացի մանրամասները՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է լուծում ընտրական նոր համակարգը:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ընտրական տարածքների ձևավորման կազմը, Ազգային ժողովի ձևավորումը, համապետական ու տարածքային ցուցակների ձևավորումը, ռեյտինգային ընտրակարգը, մանդատների բաշխման մեխանիզմները՝ նշելով, որ ընտրակարգի և քվեակարգի հետ կապված բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել:

ԿԸՀ նախագահը մասնավորապես կարևորել է տեխնոլոգիական հնարավորությունների կիրառումն առաջիկա ընտրություններում: Օրինակ, համակարգը ճշտելու է՝ արդյոք քաղաքացին ընդգրկվա՞ծ է ընտրողների ցուցակում և արդյոք չի՞ քվեարկել: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է և տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին: Այս համակարգը, ըստ Մուկուչյանի, բացառելու է կրկնաքվեարկությունները:

Հանրային խորհուրդ և ԿԸՀ նախագահ

Հանրային խորհրդի անդամները ԿԸՀ նախագահին են ուղղել բազմաթիվ հարցեր, որոնք մտահոգում են հանրությանը՝ հատկապես խնդրահարույց համարելով ընտրական գործընթացի բարդ ու որոշ առումով խճճված լինելը և հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են տարվում հանրության իրազեկման ուղղությամբ:

Մանրամասնելով գրանցման փուլի առանձնահատկությունները՝ Մուկուչյանն ասել է, որ չնայած նախորդ ընտրությունների համեմատ այն բավականին տարբեր է, սակայն նախատեսված է իրականացնել իրազեկման մի շարք միջոցառումներ, որպեսզի ընտրողի համար գործընթացը լինի պարզ ու հասկանալի և սխալ ընտրություն կատարելու կամ քվեաթերթիկն անվավեր դարձնելու խնդիր չառաջանա:

ՀԽ անդամները հետաքրքրվել են նաև միջազգային ու տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության կարգով, ընտրություններին արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցության խնդրով, մտահոգություններ հայտնել՝ կապված ընտրական ցուցակների ճշգրտության,արտասահմանում գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու խնդիրների վերաբերյալ և այլն:

Պատասխանելով Հանրային խորհրդին հուզող հարցերին ու մանրամասնելով ընտրությունների նոր կարգի հետ կապված փոփոխությունները՝ Տիգրան Մուկուչյանը տեսակետ է հայտնել, որ այս ընտրությունները կարելի է համարել հաջողված, եթե ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանի միջոցով վիճարկելու առիթ չլինի, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ:

ՀԽ նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Հանրապետության նախագահի հետ Հանրային խորհրդի առաջիկա հանդիպման օրակարգային հարցերի ձևավորման նախապատրաստական աշխատանքներին:

Օրակարագի վերջին հարցը կապված է եղել կրթության հիմնախնդիրների՝ մասնավորապես «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: ՀԽ նախագահը հանձնարարել է հարցի քննարկումը կազմակերպելու նպատակով հաջորդ շաբաթ Հանրային խորհրդում նախ անցկացնել աշխատանքային քննարկումներ, որից հետո կկազմակերպվի ընդլայնված քննարկում ՀՀ կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: