Հայերեն   English   Русский  

Դունյա Միյատովիչը և Գեորգ Լինկը պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված բլոգերին


  
դիտումներ: 89

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի ղեկավար Գեորգ Լինկը դատապարտել են ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի ազատազրկումը՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին անհապաղ ազատ արձակել նրան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Ես կոչ եմ անում իշխանություններին ազատ արձակել Հուսեյնովին: Հուսով եմ, որ այդ որոշումը կվերանայվի վերաքննիչ դատարանում»,- ասել է նա:

Միյատովիչը հիշեցրել է Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը իրականացնել իրենց երկարաժամկետ միջազգային պարտավորությունները և ապաքրեականացնել զրպարտությունը:

Իր հերթին, Ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի ղեկավար Գեորգ Լինկը ընդգծել է, որ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների առնչությամբ յուրաքանչյուր բողոք պետք է անհապաղ հետաքննվի: Վերջինս հավելել է, որ այդ առումով Հուսեյնովի գործով դատարանի որոշումը մտահոգության պատճառ է հանդիսանում:

Հայտնի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովը մարտի 3-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Բաքվի Նասիմինի շրջանային ոստիկանության պետ Մուսա Մուսաևին զրպարտելու մեղադրանքով: Բլոգերը բողոքել էր, որ շրջանային ոստիկանությունում իրեն խոշտանգումների են ենթարկել: Չնայած բլոգերի մարմնին բռնության հետքեր են եղել, դատախազությունը հրաժարվել է խոշտանգումների փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: