Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, չնայած արգելքին, ելույթ կունենա Համբուրգում


  
դիտումներ: 432

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը Գերմանիայի Համբուրգ քաղաքում բնակվող թուրքերի առջև տեղի կունենա, սակայն ուրիշ կառույցում: Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

«Համբուրգում հանրահավաքը չեղյալ չի հայտարարվել, փոխվել է միայն անցկացման վայրը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե արդյունքում որտեղ է այն տեղի ունենալու: Նա նաև հավելել է, որ արտաքին գործերի նախարարն ու նրան ուղեկցող անձինք արդեն Գերմանիա են ժամանել:

Ավելի վաղ գերմանական «Die Welt» պարբերականը հայտնել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Չավուշօղլուի հանրահավաքը, որը պետք է տեղի ունենար մարտի 7-ի երեկոյան Համբուրգի Վիլգելմսբուրգ շրջանում, իշխանությունների կողմից չեղարկվել էր: Նման որոշում կայացվել էր հրդեհային անվտանգության միջոցներն ապահովելու անկարողության պատճառով: Այդ դահլիճում չեղարկվել են նաև պլանավորված այլ միջոցառումներ:

Ավելի վաղ Գերմանիայում արգելվել էին երկու թուրք քաղաքական գործիչների ելույթները, ովքեր պետք է սահմանադրական փոփոխության օգտին քարոզարշավով հանդես գային: Մարտի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման արգելքները համեմատել էր նացիստների քաղաքականության հետ: Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նման համեմատությունն անվանել էր անտեղի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: