Հայերեն   English   Русский  

Այնքան շատ ադրբեջանցիներ էին մեզ գրում, որ չէինք հասցնում պատասխանել. Կարեն Վրթանեսյան


  
դիտումներ: 4489

Հայ- ադրբեջանական սահմանի վերջին շաբաթների լարվածությունը կապված է Ադրբեջանի ներքաղաքական դասավորումներից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նրա դիտարկմամբ՝ փետրվարի 25-ին կասեցված դիվերսիայի իրական նպատակն այդպես էլ չպարզվեց, քանի որ Ադրբեջանը չհասցրեց որևէ գործողություն իրականացնել: Նա տվեց առնվազն 5 զոհ: Ենթադրվում է, որ զոհերի ընդհանուր քանակը կազմում է 7:

Ըստ փորձագետի՝ սա շատ հետաքրքիր շարունակություն ունեցավ տեղեկատվական դաշտում: Ադրբեջանի վարչակարգի առջև խնդիր կար ներկայացնելու այդ տապալված գործողությունը իրենց հասարակությանը. «Ամենայն հավանականության այդ դիվերսիայի նպատակը քարոզչությունն էր, որպեսզի շեղեր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից դեպի ռազմական ճակատում գրանցված հաջողությունները: Ադրբեջանում գործող բացառիկ ընդդիմադիրները նշում էին, որ սահմանային լարվածությամբ նրանք փորձում են ուշադրությունը շեղել Մեհրիբան Ալիևայի փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց, որոշակի դրական լիցքեր հաղորդել ներքաղաքական կյանքին ռազմական հաջողություններով: Նրանցից մեկն անգամ ասում էր, որ աղքատների շնորհիվ են պահում իրենց իշխանությունը: Սակայն վարչակարգին դա չհաջողվեց»:

Պարոն Վրթանեսյանը նշեց՝ տարիներով աճեցված Ադրբեջանի տեղեկատվական այդ փակ համակարգը, որտեղ շատ խիստ գրաքննություն է, որտեղ խմբագրին հայկական տեսանյութը տարածելու համար կանչում են դատախազություն, որտեղ մարդուն կարող են բանտարկել իշխանության հասցեին հնչեցրած քննադատության համար, չաշխատեց:

Ադրբեջանի ՊՆ-ն անգամ զոհերի անունները չէր հրապարակում, և ադրբեջանցիները շատ ժամանակ տեղեկություններ ստանում էին հայկական աղբյուրներից: Նրանց ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածում՝ փորձելով այդ կերպ մխիթարել ինտերնետ ընթերցողներին: Անգամ Ապրիլյան պատերազմի ընթացքում տեսանկարահանված կադրեր էին դաշտ նետում:

«Այդ ընթացքում 1000-ից ավելի ադբեջանցիներ սկսեցին ընթերցել Ռազմինֆո կայքը, քանի որ տեղեկատվական առումով Ադրբեջանը փակ համակարգ է: Ֆեյսբուքում այնքան շատ էին ադրբեջանցիներ մեզ գրում, որ չէինք հասցնում պատասխանել: Իհարկե, մեծ մասը հայհոյանքներ էին, սակայն կային նաև ադեկվատ օգտատերեր որոնք պարզապես փորձում էին ինֆորմացիա ճշտել մեզնից: Այնտեղ արդեն երկար ժամանակ ռեպրեսիաներ են իրականացվում, տեղեկատվություն չի տրամադրվում: Մարդիկ պարզապես հոգնել են դրանից: Ես չեմ զարմանա, որ այնտեղ անգամ Ֆեյսբուքը արգելափակեն»,- նշեց Կարեն Վրթանեսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: