Հայերեն   English   Русский  

​Կոչ եմ անում ընտրություն կատարել հանուն ազատ, արդար Հայաստանի. Արմենուհի Կյուրեղյան


  
դիտումներ: 2173

«Անկախի» զրուցակիցն է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, Վանաձորի ավագանու անդամ, ՀՅԴ համապետական և տարածքային ընտրացուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:

- Տիկին Կյուրեղյան, ինչո՞ւ ու ինչպե՞ս որոշեցիք մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

- Մեր կուսակցությունում անհատը չի որոշում, այլ կուսակցության գերագույն մարմինը, բնականաբար՝ մեզ հետ համաձայնեցնելով:

- Ինչպսե՞ս եք պատկերացնում Ձեր պատգամավորական գործունեությունը: Խորհրդարան անցնելու դեպքում ի՞նչ ծրագրեր եք իրագործելու:

- Մեր կուսակցությունն արդեն ներկայացրել է նախընտրական ծրագիրը: Խորհրդարան եմ գնում կուսակցության ծրագրերը կյանքի կոչելու համար: Հետևաբար, մաս եմ կազմելու ՀՅԴ ծրագրի իրականացմանը:

- Դուք կրթության ոլորտի ներկայացուցիչ եք: Սակայն ՀՅԴ նախընտրական ծրագրում կրթությանը գրեթե անդրադարձ չի կատարվում: Ինչո՞ւ: Որպես կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչ՝ բավարարվա՞ծ եք այդ ոլորտների՝ նախընտրական ծրագրում ներկայացված տեսլականով:

- Եթե ծրագրի «Բիզնես և տնտեսություն» բաժինը նայեք, այնտեղ կրթական պետպատվերի ձևավորման մասին է խոսվում: Ծրագրում ասված է. «Կրթական պետական պատվերը ձևավորելիս առաջնորդվել տնտեսության և արդի հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական և կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն»: Սա նշանակում է՝ կրթությունը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը:

Մենք գրել ենք մեր տեսլականը, ընդհանուր մոտեցումները: Իսկ կրթական համակարգի բարելավումը մեր երկրի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Երիտասարդներին աջակցելը և կրթական համակարգի բարեփոխումները չեն կարող մեր կուսակցության տեսադաշտից դուրս մնալ որևէ պարագայում:

- Իսկ կրթության և գիտության ոլորտի կուսակցության տեսլականին որպես պատգամավոր ինչպե՞ս եք փորձելու հասնել, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Ի՞նչ առաջնահերթ փոփոխություններ եք տեսնում այս ոլորտում:

- Եթե հետևում եք կրթության և գիտության նախարարի գործունեությանը, ապա կհամոզվեք, որ այն արդեն կրթական համակարգի որոշակի փոփոխությունների մասին խոսում է: Որոշումների կայացման մակարդակում մեծամասնություն ունենալու դեպքում մենք ավելին կարող ենք անել և կրթական համակարգը դարձնել այնպիսին, որ յուրաքանչյուր խելոք երեխա կամ երիտասարդ ունենա ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն` անկախ սոցիալական կարգավիճակից, կարողանա իրացնել իր կրթվելու իրավունքը և հնարավորություն ունենա իր գիտելիքներն օգտագործելու ի նպաստ սեփական կյանքի որակի բարձրացման՝ մասնավորապես և հայ ժողովրդի կյանքի բարելավման` ընդհանրապես:

- Շատ է խոսվում ընտրակաշառքների մասին: Ձեր ընտրատարածքում՝ Լոռիում, քաղաքացիներին կաշառելու, քվե գնելու դեպքերի մասին տեղեկություն ունե՞ք:

- Դեմ եմ ընտրակաշառքի մասին խոսելուն: Երբ խոսում ես, ինքդ դառնում ես այդ երևույթի մասին ինֆորմացիա տարածողներից մեկը: Իսկ այն, որ ընտրակաշառքն այլևս անհանդուրժելի պետք է լինի՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Խոսել այս կամ այն կուսակցության խոստացած գումարների մասին, նշանակում է դառնալ այդ խոսակցության տարածողներից մեկը, իսկ ես բոլորովին դրա կողմնակիցը չեմ: Մենք, ընդհակառակը, խոսում ենք ազատ, անկախ, թափանցիկ ընտրությունների, նոր ընտրական օրենսգքրի հնարավորությունների մասին: Ավելի ճիշտ կլինի ընտրողի հետ խոսել օրենքով նրան տրված նոր հնարավորությունների մասին, քան թե ինչ-որ մեկի խոստացած կաշառքը մերժելու մասին: Մենք պայքարում ենք «հանուն»-ի, ոչ թե «ընդդեմ»-ի համար:

- Ի՞նչ կոչ կամ ուղերձ կհղեք շարքային քաղաքացիներին՝ ընտրողներին:

- Բնականաբար, կոչ եմ անում հնարավորինս ծանոթանալ բոլորի ծրագրերին, այն թիմերին, որոնք հաջողության դեպքում կոչված են տվյալ ծրագրերն ի կատար ածելու, նայել կուսակցությունների պատմությունը, համեմատել կուսակցությունների հնարավորություններն իրենց ծրագրերը կյանքի կոչելու տեսանկյունից և անպայման խղճի մտոք ընտրություն կատարել: Կոչ եմ անում ընտրություն կատարել հանուն ազատ, արդար Հայաստանի:

- Ձեր կարծիքով՝ ներկայումս Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար ի՞նչ նախադրյալներ ունենք:

- Ընտրական օրենսգիրքը բավականին մեծ նախադրյալներ է տալիս: Նախկինում կիրառվող կարուսելի մեխանիզմի և լցոնումների հնարավորություններն են բացառվում: Պարզապես խնդիր ունենք մեր երկրի բնակչին՝ ընտրողին, ներկայացնելու այդ հնարավորությունները: Ավելի շատ տեղեկացնելու, իրազեկելու խնդիր ունենք: Չեմ կարող ասել, որ այս ընտրական օրենսգիրքը բացառելու է ընտրախախտումները, բայց այն շատ է նպաստելու ավելի արդար և թափանցիկ ընտրություններ ունենալուն: Ինձ թվում է՝ նախադրյալները շատ են, պարզապես պետք է ճիշտ ուղղորդել ժողովրդին և ներկայացնել հնարավորությունները:

- Ընդհանուր առմամբ քաղաքացիների մոտ վստահության պակաս կա: Վստահության դեֆիցիտի պայմաններում ինչպե՞ս կարելի է խրախուսել քաղաքացիներին ընտրության գնալ և ստանալ նրա վստահության քվեն:

- Այս օրենսգիրքն այդ վստահությունը բարձրացնելուն է միտված: Կարծում եմ, որ ընտրություններից հետո կբարձրանա վստահությունը: Միանգամից ամեն ինչ չի ստացվում: Բայց եթե օրենսգրքի հնարավորությունները ճիշտ օգտագործվեն՝ շարքային քաղաքացին կզգա դրա առավելությունները և հաջորդ անգամ ընտրությունների նկատմամբ ավելի մեծ վստահություն կունենա:

Մարդիկ այսօր հնարավորությունները գնահատում են նախորդ ընտրություններից մնացած հիշողությամբ: Նախորդ ընտրությունների գնահատականն է նրանց մեջ նստած: Պետք է ամեն օր հնարավորինս շատ մարդկանց իրազեկել նոր ընտրական օրենսգրքի հնարավորությունների մասին և ներկայացնել այն մեխանիզմները, որոնք վստահություն կներշնչեն և քաղաքացուն կբերեն ազնիվ ընտրության:

- Ընտրողների հետ հադիպումներ արդեն ունեցե՞լ եք: Ի՞նչ շեշտադրումներ են կատարում քաղաքացիները, ի՞նչն են կարևորում:

- Նրանք առայժմ հիմնականում լսում են և փորձում իրենց հուզող հարցերի պատասխանը ճշտել, օրինակ՝ ինչ է ձեռնարկվելու աշխատատեղերի ստեղծման առումով, կանանց համար հնարավորությունների ընդլայնման ինչ մեխանիզմներ են ներդրվելու և այլն: Ես համոզված եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում շատ մարդիկ կգնան գաղափարի, ծրագրի ընտրության և ոչ թե անհատի: Պարզապես պետք է շատ աշխատել:

- Ինչպիսի՞ն են ձեր գնահատմամբ Դաշնակցության խորհրդարան անցնելու շանսերը:

- Բարձր: Եթե մենք շանսերը բարձր չգնահատեինք, չէինք գնա ընտրապայքարի:

- Հասցրե՞լ եք ծանոթանալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Որքանո՞վ են դրանք մրցակցային:

- Առայժմ յուրաքանչյուրն իր ծրագիրը, տեսլականն է ներկայացնում: Երբ կսկսվեն բանավեճերը, այդ ժամանակ մրցակցային ծրագրերը կերևան:

Այժմ, եթե նայում ենք ձևակերպման տեսանկյունից, միգուցե մրցակցային են: Բայց իրականում պետք է հաշվի առնենք, թե որքանով են դրանք իրատեսական, թիմը, որը պատրաստվում է այն իրագործել, ինչ կարողություններ ունի, որքանով կարող է հետևողական լինել և պայքարել կուսակցության ծրագրի իրագործման համար: Կարևոր է նաև, թե ինչ նախապատմություն ունի այդ կուսակցությունը, երբ է ձևավորվել, ինչպես է ձևավորվել: Մրցակցայինը շատ բաղադրիչներ ունի, միանշանակ չի կարելի գնահատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: