Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ չեն կարողանում կիսել Գերմանիան և Թուրքիան. երկու երկրների հարաբերությունները նորից լարված են


  
դիտումներ: 1529

Թուրքիան և Գերմանիան շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ, հստակ ու թաքնված ուղերձներ պարունակող հայտարարությունները: Երկու երկրների հարաբերությունները հերթական անգամ սրվել են: Պատճառները մի քանիսն են:

Մեկը փետրվարի վերջին գերմանական Die Welt պարբերականի լրագրող Յուսելի ձերբակալությունն էր Թուրքիայում: Լրագրողին մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: Սակայն ձերբակալման բուն պատճառը Թուրքիայի էներգետիկայի նախարար, Էրդողանի փեսա Բերատ Ալբայրաքի մասին վարկաբեկող նյութի հրապարակումն է: Թուրքական կողմը, չկարողանալով հերքել հրապարակված փաստերը, ձերբակալել է նրան: Ընդ որում, լուրերի համաձայն, Էրդողանի փեսային վարկաբեկող տեղեկությունը լրագրողը ստացել է գերմանական հատուկ ծառայություններից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողի ձերբակալության առթիվ խիստ հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով հարգել ԶԼՄ-ների ազատությունը և ազատ արձակել լրագրողին:

Երկու երկրների տարաձայնության երկրորդ պատճառը ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Այն առաջարկում է խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի` ընդլայնելով նախագահի լիազորությունները: Հանրաքվեի դրական ելքի դեպքում Էրդողանն էլ ավելի կամրապնդի իր միանձնյա իշխանությունը:

Գերմանիայում թուրքական համայնքի թիվը շուրջ 3.5 մլն է, նրանցից մոտ 1.6 միլիոնը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի: Եվ թուրքական քաղաքական գործիչները նախընտրական հանդիպումներ էին նախատեսում գերմանաբնակ թուրք ընտրողների հետ: Սակայն գերմանական իշխանությունները մեկը մյուսի հետևից տարբեր պատճառաբանություններով չեղյալ են հայտարարում թուրք նախարարների ու պաշտոնյաների հանդիպումները Գերմանիայի տարածքում: Այսպես, գերմանական Հագնաու քաղաքի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը: Վերջինս, իր հերթին, ի նշան դժգոհության, հրաժարվել է իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից ու Թուրքիա վերադարձել: Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասն էլ, արձագանքելով իր թուրք գործընկերոջ արարքին, նամակ է գրել նրան` զգուշացնելով Թուրքիայում իրավական պետության կործանման վտանգի մասին: Իսկ գերմանական պարբերականի լրագրողի ձերբակալությանն անդրադառնալով` գերմանացի նախարարը գրել է. «Եթե Թուրքիան չպահպանի եվրոպական արժեքները, ապա ԵՄ-ի հետ մերձեցումը կլինի գրեթե անհնարին»:

Չեղարկվել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը Համբուրգի թուրք բնակիչների առջև: Քայլը քաղաքի իշխանությունները պատճառաբանել են այն հանգամանքով, որ որպես հանդիպման վայր ընտրված դահլիճը չի համապատասխանում հակահրդեհային անվտանգության պահանջներին: Չավուշօղլուն, այնուամենայիվ, այցելել է Համբուրգ ու մարդկանց հետ հանդիպել թուրքական հյուպատոսության տարածքում:

«Հավաքների ազատությունը ժողովրդավարություն է: Եվրոպան այսպես է բնորոշում իր արժեքները: Մենք չենք ուզում փչացնել մեր հարաբերությունները որևէ երկրի հետ: Սակայն ոչ բարյացակամ վերաբերմունքին մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն` մեկնաբանելով գերմանական իշխանությունների քայլերը:

Թուրք նախարարի խոսքով` Եվրոպայում ցավալի իրավիճակ է ստեղծվել. «Իշխանությունները դարձել են ռասիստական կուսակցությունների ստրուկները: Իրադարձությունների նման զարգացումն անհանգստություն է պատճառում: Եթե ռասիստական կուսակցությունների հզորացումը չկանխենք, ապա Եվրոպան և ողջ աշխարհը կհայտնվեն նույն իրավիճակում, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ գերմանական իշխանությունները ճնշումներ են կիրառում ազգությամբ թուրք քաղաքացիների նկատմամբ: Թուրքական կողմը Գերմանիային նաև մեղադրում է երկակի չափանիշներ կիրառելու մեջ` նշելով, որ Քրդական բանվորական կուսակցության` Գերմանիայում գտնվող անդամների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկում, մինչդեռ խոչընդոտում են թուրքական իշխանությունների օրինական գործողությունները:

Քարոզարշավի շրջանակներում մարտի վերջին Գերմանիա էր նախատեսում այցելել նաև անձամբ Էրդողանը: Գերմանական իշխանությունների քայլերը, սակայն, ուղերձ են Էրդողանին, որ նրան այդ երկրում ներկայումս չեն ցանկանում տեսնել:

թուրք-գերմանական հարաբերություններ

Երկու երկրների լարված հարաբերությունների պատճառները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Ցավոտ հարցերից է նաև Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունները փաստացի սառեցված են այն բանից ի վեր, ինչ Էրդողանը հետապնդումներ սկսեց իր ռեժիմի քննադատների նկատմամբ:

Վերջին շրջանում Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ քայլեր ձեռնարկելու պահանջին գումարվել է նաև հետապնդումների պահանջը Գյուլենի գաղափարակիցների նկատմամբ, որոնց Էրդողանը մեղադրում է անցած տարի Թուրքիայում իրականացված հեղաշրջման ձախողված փորձի համար, և դժգոհությունը գերմանական կողմի «ոչ բավարար» քայլերից: Գերմանիան, իր հերթին, պարբերաբար քննադատում է Անկարային` նշելով, որ «Իսլամական պետության» հավաքագրված անդամներն անխոչընդոտ այդ երկրի տարածքով ներթափանցում են Սիրիա կամ Իրաք:

Հարաբերությունների սառեցման հարցում դեր է ունեցել նաև 2016-ին գերմանական Բունդեսթագի ընդունած բանաձևը, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Բանաձևի ընդունումից հետո երկար ժամանակ թուրքական իշխանությունները խոչընդոտում էին գերմանացի պաշտոնյաների այցերը իր տարածքում գտնվող Ինջիրլիկ ռազմաբազա, որտեղ տեղակայված էին ՆԱՏՕ-ի կազմում գործող գերմանական ուժերը: Ճիշտ է, ի վերջո, արգելքը հանվեց, սակայն հետք թողեց երկու երկրների հարաբերությունների վրա:

Թուրք-գերմանական ներկայիս հարաբերություններում դեր է խաղացել նաև գերմանացի երգիծաբան Յան Բյումերմանի` նախորդ տարի հեռուստաեթերում հնչեցրած վիրավորական բանաստեղծությունն Էրդողանի հասցեին: Ճիշտ է, Էրդողանի պահանջով և Մերկելի համաձայնությամբ նախաքննություն սկսվեց միտումնավոր վիրավորանքի համար, սակայն գործն ի վերջո կարճվեց ապացույցների բացակայության պատճառով:

Լուրջ գործոններից մեկը նաև միգրանտների խնդիրն է ու ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքած համաձայնագիրը, ըստ որի՝ Թուրքիան համաձայնեց հետ ընդունել իր տարածքից ԵՄ ներթափանցած փախստականներին միլիոնավոր ներդրումների դիմաց: Եվ Թուրքիան այս հարցը կարողանում է վարպետորեն օգտագործել` ճնշումներ գործադրելով եվրոպական կողմի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: