Հայերեն   English   Русский  

1-ին հայերեն ուսումնական ձեռնարկը՝ լուսանկարչության վերաբերյալ 60 տարվա ընդմիջումից հետո


  
դիտումներ: 1668

Առաջին անգամ Հայաստանում լույս կտեսնի համապարփակ և վստահելի ձեռնարկ լուսանկարչության վերաբերյալ:

Կարին Գրիգորյանի և Վահե Բուդումյանի «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ուսումնական ձեռնարկը հրատարակելու են Հովհաննիսյան ինստիտուտը և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը, ինչից հետո այն կհայտնվի վաճառքում:

Հայաստանյան իրականության համար սա բացառիկ գիրք է. վերջին անգամ լուսանկարչության վերաբերյալ հայերեն ուսումնական ձեռնարկ գրվել էր 1959 թվականին:

Գիրքը նախատեսված է սկսնակ լուսանկարիչների համար, սակայն կարող է օգտակար լինել նաև փորձառու մասնագետներին: Թե´ Վահեն, թե´ Կարինը երկար տարիներ դասավանդում են Լուսանկարչություն կրթական տարբեր հաստատություններում և այդ ընթացքում նման գիրք ունենալու կարիք են զգացել. «Նախ՝ երբ ուզում ես ուսանողը կարդա, նյութ չկա: Հայերեն գիրք չկար, իսկ օտարալեզու գրքերը շատ ուսանողների մատչելի չեն», - Անկախի հետ զրույցում նշեց արվեստագետ Վահե Բուդումյանը:

Ձեռնարկը ստեղծելու երկրորդ շարժառիթը եղել է լեզուն: Ներկայումս լուսանկարչությանը վերաբերող տերմինները հիմնականում փոխառություններ են այլ լեզուներից. քչերը գիտեն դրանց հայերեն համարժեքները. «Մենք շատ ենք կարևորում լեզուն, հատկապես արևելահայերենը երկուսս էլ սիրում ենք: Ուզեցինք, որ հատկապես հայերեն լինի ձեռնարկը, տերմինները լինեն հայերեն թարգմանված»,- ասաց Վ. Բուդումյանը:

Կարին Գրիգորյանը շեշտում է՝ շատ կարևոր է ցույց տալ, որ համարժեքներ կան. «Մարդիկ չեն ենթադրում, որ կան այդ բառերի հայերեն համարժեքները: Հետագայում գիրքը կարող է հիմք դառնալ, որ այդ բառերը շրջանառության մեջ մտնեն: Մենք, իհարկե, չենք սպասում, որ այդ բոլոր բառերը կմտնեն հայ լուսանկարիչների բառապաշարի մեջ, սակայն այս աշխատանքի կարևորությունն այն է, որ նման առաջարկ արվում է լուսանկարիչներին: Իրականում մեր աշխատանքը մենք առաջարկի ձևով են ներկայացնում»:

Նա նկատեց՝ գիրքը նաև ինքնուսույց է. «Ներկայումս նման միտում կա. երբ մարդիկ ցանկանում են զբաղվել լուսանկարչությամբ որպես «փեշակ», գնում են որևէ հայտնի լուսանկարչի մոտ, որպեսզի սովորեն այս արվեստը կամ արհեստը տվյալ դեպքում: Այս գրքի օգնությամբ հնարավոր է այդ տեխնիկային տիրապետել»:

Վահե Բուդումյանն էլ ընդգծում է` սա պրակտիկ ինքնուսույց չէ լուսանկարչությունը կատարելագործելու համար. «Գրքի նպատակն այն չէ, որ ընթերցողը սկսի ավելի լավ, ավելի գեղեցիկ նկարներ ստանալ, որոնք ավելի մեծ թվով հավանումներ կստանան ֆեյսբուքում: Սա ավելի շատ լուսանկարչությունը հասկանալու համար գրված գիրք է՝ թե´ տեխնիկական ասպեկտները, թե´ տեսության հարցերը: Բացի նրանից, որ հասկանաս տեխնիկապես, այլև հասկանաս, թե պատմական առումով ինչ է նշանակում որևէ բան ինչ-որ կերպ անել»:

«Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա»-ն բաղկացած է 3 մասից. տեսություն, տեխնիկա և բառացանկ: Այն գունավոր է և ունի նկարազարդումներ:

Գիրքը գրված է հանրամատչելի ոճով: Օրինակ, տեսությանը վերաբերող մասում Կ. Գրիգորյանը խուսափել է հղումներից ՝ շրջանցելով ակադեմիական տեքստը. «Փորձել ենք ավելի շատ վերապատմել, վերաներկայացնել լուսանկարչության պատմության համար կարևորագույն տեքստերր, որոնցից օգտվում են Արևմտյան կրթական այն հաստատությունները, որոնք դասավանդում են լուսանկարչության պատմություն»,-նշում է նա:

Բացի գրքի հիմնական ընթացքից, տեխնիկա բաժնում կա զուգահեռ ծանութագրությունների լուսանցքային ընթացք, որը լրացնում է տեքստին: Եթե ընթերցողը ցանկանում է ավելի խորը գիտելիքներ ձեռքբերել, կարող է կարդալ նաև դրանք:

Ըստ Վահեի՝ ամենահաջողվածը երրորդ մասն է՝ բառացանկը: Դա բառերի քանակի հետ կապված չէ: Ավելի շատ համարժեքների հարց է` հոմանիշների քանակը: Հեղինակներին հայտնի հայերեն բոլոր եզրերն ընդգրկել են: Որոշ դեպքերում առաջարկվում են նոր եզրեր, որոնք հայերենում առկա չեն:

Գրքից կարելի է օգտվել նաև որպես հանրագիտարան: Եթե մարդիկ ցանկանում են լուսանկարչության հետ կապված ինչ-որ հասկացության մասին պատկերացում կազմել, շատ հեշտ է բովանդակությունից գտնել համապատասխան բաժինը:

Հեղինակները աշխատել են գրքի վրա շուրջ երեք տարի: Նրանք պատմում են՝ գրելն այնքան ժամանակատար չի եղել, որքան խմբագրումը, մշակումը և տեքստի բարելավումը: Գիրքը խմբագրվել է երկու անգամ: Մանրակրկիտ աշխատանք են կատարել Աննա Ժամակոչյանը և արվեստաբան Վարդան Ազատյանը:

«Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկը կտպագրվի 300 օրինակով, որից 100-ը նախատեսվում է նվիրաբերել տարբեր հաստատությունների, հատկապես մարզերում: Այն կհայտնվի գրադարաններում՝ հասանելի դառնալով այն մարդկանց, ովքեր չեն կարող ձեռքբերել դրա օրինակը:

Հեղինակները նշում են՝ ինչ-որ առումով գիրքը խմբակային աշխատանք է՝ սկսած խորհուրդներից, դիտարկումներից մինչև հիմնավոր աշխատանք` սրբագրություն, խմբագրություն և այլն: Գրքի ստեղծման հարցում մեծ ներդրում են ունեցել Շուշան Եսայանը, Նազիկ Արմենակյանը, Նարե Խաչատրյանը, Ռուբի Դավթյանը և այլք:

Հավելենք, որ գրքի շնորհանդեսը դեռևս չի կայացել: Սպասվում է, որ այն տեղի կունենա առաջիկայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: