Հայերեն   English   Русский  

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ – ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆԵՐ


  
դիտումներ: 5948

Կամսարականների տոհմը կենսունակ գտնվեց: Երրորդ դարից հաստատվելով Հայաստանում՝ նրանք էական դեր ունեցան հայ միջնադարյան պատմության մեջ: Իսկ տոհմի շատ ներկայացուցիչներ հայոց քաղաքական և հոգևոր կյանքում գործուն մասնակցություն ունեցան անգամ պատմության նոր շրջանում…

226 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջում կատարվեց: Արտաշիր Սասանյան իշխանը, տապալելով պարթև Արշակունիների թագավորությունը, սրակոտոր արեց ոչ միայն Արշակունիներին, այլև նրանց ազգական տոհմերին, այդ թվում՝ Կարենյան Պահլավ տոհմին:

Պարթև Արշակունիների փրկված պայազատներն ապաստան գտան Հայաստանում՝ Խոսրով Ա Մեծ արքայի արքունիքում: Հայոց արքան ոչ միայն ապաստան տվեց իր հեռավոր ազգականներին, այլև նրանցից շատերին բարձր դիրքի արժանացրեց: Պատվի արժանացած իշխաններից էր նաև Կարենյան տոհմի Պերոզ իշխանի որդի Կամսարը, որ հաստատվելով Հայաստանում՝ հիմք դրեց Կամսարականների իշխանական տոհմին:

Կամսարականների դիրքերն առավել ամրապնդվեցին Տրդատ Գ Արշակունու թագավորության տարիներին՝ 278-331 թթ.: Կամսարականները, խնամիանալով մյուս ոչ բնիկ իշխանական տների՝ Մամիկոնյանների, Ամատունիների և Պարթևների հետ, նեցուկ կանգնելով Հայաստանում արդեն սրով ու հրով հաստատված առաքելական եկեղեցուն, ամուր դիրքերի հասան: Տրդատ Երրորդը Կամսարականներին շնորհեց Շիրակն ու Երասխաձորը և նրանց կարգեց նախարարական դասում: Կամսարականների իշխանական նստավայրը դարձավ Արտագերս ամրոցը՝ վաղ միջնադարյան Հայաստանի առավել անառիկ ու անմատույց ամրոցներից մեկը:

Մեծ էր Կամսարական տոհմի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, սակայն ռազմական առումով նրանք թույլ էին, քանզի համաձայն Զորանամակի՝ հայոց բանակին սոսկ 600 ռազմիկ էին տալիս: Կամսարականների դիրքն ու զորությունը պայմանավորված էր Հայ առաքելական եկեղեցու և Մամիկոնյան տոհմի հետ անխախտ դաշինքով:

Տրդատի որդին և հաջորդը՝ Խոսրով Բ Կոտակ արքան (331-338) Արշավիր Կամսարականին հայոց հազարապետ նշանակեց: Հազարապետը, որ փաստորեն վերահսկում էր երկրի ներքին կյանքը, հայոց արքայից հետո երկրորդ դեմքն էր Մեծ Հայքի թագավորությունում:

Արշավիր Կամսարականը պատվով կատարեց իր գործն ու Խոսրով Կոտակի մահից հետո Անդովկ Սյունի իշխանի հետ ջախջախեց պարսկական զորքերն ու հայոց գահին բազմեցրեց Խոսրով Կոտակի որդուն՝ Տիրան արքային (338-350):

Նույն Արշավիր Կամսարականն ու Անդովկ Սյունին 350 թ. Ոսխի ճակատամարտում կրկին ջախջախեցին պարսից զորքերն ու դյուրացրին Տիրանի որդի Արշակ Բ արքայի գահակալությունը (350-368):

Երբ մահացավ Արշավիր Կամսարականը, Կամսարականների տանուտիրությունն անցավ նրա կրտսեր եղբորը՝ Ներսեհին, որը, լինելով Ներսես Պարթև կաթողիկոսի մերձավորն ու դաշնակիցը, ընդդիմացավ Արշակ Բ արքայի ձեռնարկումներին, ապստամբեց նրա դեմ ու իրեն թիկունք ունենալով կաթողիկոսին ու հայ առաքելական եկեղեցուն՝ մտադիր էր Հայաստանում մեծացնել հռոմեական ազդեցությունը:

Արշակ Բ արքայի կառավարման տարիներին նրա դեմ բացահայտ ըմբոստացան Մեհրուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը, իսկ եկեղեցին ու Կամսարական իշխանները սկսեցին երկիրը պառակտել ու քայքայել ներսից: Կաթողիկոս Սահակ Պարթևն անգամ ժողով հրավիրեց, որտեղ արքային ընդդիմադիր նախարարները որոշեցին նեցուկ չկանգնել նրան պատերազմներում:

Հայոց արքան բանակի համար սոցիալական հենարան ունենալու նպատակով Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան մայրաքաղաքը: Օգտվելով առիթից, որ Արշակը բանակցությունների և օգնական զորք խնդրելու նպատակով գտնվում էր Եգերաց աշխարհում, ըմբոստ նախարարները հենց Ներսեհ Կամսարականի և Ներսես Պարթև կաթողիկոսի առաջնորդությամբ պաշարեցին Արշակավանը, գրավեցին այն, քարուքանդ արեցին ու սպանեցին տասնյակհազարավոր խաղաղ բնակիչների:

Ինչ խոսք, այս դավաճանությունն անհետևանք չէր կարող մնալ, և Արշակ Բ հայոց արքան վերադառնալով՝ մահապատժի ենթարկեց ոչ միայն Ներսեհ Կամսարականին, այլև սրակոտոր արեց Կամսարականների տոհմը:

Պատժից խուսափեց դավաճանի եղբոր՝ Արշավիր Կամսարականի զավակը՝ Սպանդարատ Կամսարականը, որ ամուսնացած էր արքայի եղբոր դստեր հետ: Նա իր որդիների՝ Շավարշի և Գազավոնի հետ խույս տվեց արքայի ցասումից և ապաստանեց Հռոմեական կայսրության արևելյան տիրույթներում:

Կամսարականներն իրենց նախկին վիճակն ու կալվածքները ստացան միայն Պապ թագավորի իշխանության օրոք (370-374): Երիտասարդ արքայի գահակալման գործում ունեցած նպաստի և Ձիրավի ճակատամարտում ցուցաբերած անձնական խիզախության համար Սպանդարատ Կամսարականին վերադարձան տոհմի նախկին պատիվներն ու դիրքը:

Սպանդարատի ավագ որդին՝ Գազավոն Կամսարականը, թափառական ու արկածներով լի կյանք ունեցավ: Նա 378 թ. Հայաստանի բաժանումից հետո անցավ Արևմտյան Հայաստան՝ Հռոմեական տիրակալության տակ՝ ծառայելով հայոց Արշակ Գ արքային: Այդ պատճառով Մեծ Հայքի Խոսրով Գ արքան Կամսարականներին դարձյալ ունեզրկեց և Շիրակը նրանցից խլելով՝ արքունական դարձրեց: Վերջինիս մահից հետո Հռոմը Հայաստանի արևմտյան մասում վերացրեց արքայական իշխանությունն ու Գազավոն Կամսարականին կարգեց Արևմտյան Հայաստանի կառավարիչ: Ի դեպ, այդ ժամանակ Արևմտյան Հայաստանի զորքերի սպարապետը Սամվել Մամիկոնյանն էր, որը հանուն կրոնի սրախողխող էր արել իր հորն ու հեռացել ծառայելու հռոմեական տիրակալության տակ: Գազավոն Կամսարականի և Սամվել Մամիկոնյանի հարաբերությունները լարված էին:

Ի վերջո, Գազավոն Կամսարականը փոխում է իր քաղաքական հայացքները և դիմում Խոսրով Գ արքային՝ ապաստան խնդրելով, քանզի իր և Սամվել Մամիկոնյանի միջև խորանում էր լարվածությունը, հռոմեական իշխանություններն էլ այլևս չէին վստահում Կամսարական իշխանին: Թշնամի Հռոմին թուլացնելու նպատակով Խոսրով Գ համաձայնեց Գազավոն Կամսարականին հետ ընդունել և վերականգնել նրա իրավունքները Շիրակի վրա:

Սակայն Գազավոն Կամսարականի արկածային կյանքը դրանով չավարտվեց: 391 թ. պարսից արքան գահազուրկ հայտարարեց Խոսրով Գ արքային, քանզի նա վարում էր Հայաստանն անկախացնելու քաղաքականություն, և նրան Անհուշ բերդ ուղարկեց: Հայոց արքայի հետ կալանավորվում են նաև Գազավոն Կամսարականն ու իր որդին՝ Հրահատը:

Գազավոն Կամսարականի եղբայր Շավարշը փորձում է գերության տարվող եղբորն ու եղբորորդուն ազատել, սակայն զոհվում է պարսկական զորքի հետ բախման ժամանակ: Պարսից արքունիքը դարձյալ Կամսարականներին ունեզրկում է և գրավում նրանց կալվածքները:

Միայն տարիներ անց Սահակ Պարթև կաթողիկոսի միջնորդությամբ Հրահատ Կամսարականն ազատվեց գերությունից և պարսից արքունիքը վերականգնեց տոհմի առանձնաշնորհները:

V դարում ավելի սերտացավ եկեղեցի-Մամիկոնյաններ-Կամսարականներ դաշինքը: Փաստորեն, Կամսարականները Մամիկոնյաններից հետո դարձան Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության ամենաուժեղ պաշտպաններն ու պատվարը:

Վարդանանց շարժման ժամանակ Կամսարականների ողջ տոհմը եկեղեցու շահերի պաշտպանի դիրքում հանդես եկավ: Արշավիր, Թաթուլ, Վարձ և Աշոտ Կամսարականները Վարդան Մամիկոնյանի մերձավոր դաշնակիցների և զինակիցների թվում էին:

Հենց Արշավիր Կամսարականը, որ Վարդան Մամիկոնյանի փեսան էր, Տիզբոնում դատի ժամանակ մատնեց Վասակ Սյունուն, որը փորձում էր վերականգնել հայոց թագավորությունը:

Հետագայում Գայլ Վահան Մամիկոնյանի զինակիցներն էին Ներսեհ և Հրահատ Կամսարական իշխանները:

VI-VII դարերում էլ Կամսարականները բարձր տեղ էին զբաղեցնում հայոց քաղաքական կյանքում: Նրանք երբեք չշեղվեցին իրենց ուղուց և հանդիսանալով հայ եկեղեցու պաշտպանը՝ միաժամանակ Հայաստանում բյուզանդական կողմնորոշման առաջամարտիկներն էին Մամիկոնյանների հետ մեկտեղ:

VII դարում արաբները նվաճեցին Հայաստանը: Կամսարականներն ու Մամիկոնյանները մի շարք հակաարաբական ապստամբություններ հրահրեցին երկրում: Սակայն այդ ապստամբությունները ոչ թե հանուն երկրի անկախացման էին, այլ բյուզանդական կողմնորոշման: Բնականաբար, արաբական խալիֆայությունը մեծ ճնշում գործադրեց թե՛ Կամսարականների, թե՛ Մամիկոնյանների նկատմամբ: Դրան գումարվեցին նաև աստիճանաբար հզորացող Բագրատունիների ճնշումները: Բագրատունիները, մերթ գնելով, մերթ բռնագրավելով, աստիճանաբար տիրացան Կամսարականների տիրույթներին: Աշոտ Մսակեր Բագրատունի իշխանը վերջնականապես վտարեց նրանց Հայաստանից՝ ամբողջովին տիրանալով նրանց հողերին: Կամսարականները հեռացան Բյուզանդիա: Նրանք այնտեղ աչքի ընկան ռազմի ասպարեզում՝ բյուզանդական բանակին տալով անվանի զորավարներ: Կամսարականներ էին բյուզանդական բանակի VI-IX դարերում աչքի ընկած անվանի հրամանատարներ Հրահատը, Հովհանը, Ներսես Պատրիկը, Ներսեհ, Ներսես Բասենցի, Սահակ զորավարները:

Նրանց մեջ ամենաանվանին Ներսես Պատրիկն էր: Նա 551 թվականին 35000-անոց բանակով ներխուժեց Իտալիա: Մի քանի տարվա մեջ գլխովին ջախջախեց գոթերին ու ֆրանկներին և Իտալիան կցեց Բյուզանդական կայսրությանը: Ներսեսի անունը ոսկյա տառերով է գրված Բյուզանդիայի պատմության մատյաններում: Նա առաջին մեծանուն հայն էր, որ աչքի ընկավ Բյուզանդիայի ռազմաքաղաքական պատմության մեջ:

Հետագայում Կամսարականները գահ բարձրացան Բուլղարիայում՝ պայքար մղելով այդ երկրի անկախության համար: Կամսարական էր Բուլղարիայի քաջ թագավոր և ազգային հերոս Սամուել Կոմսաձագը:

Վաղ միջնադարում Կամսարականները աչքի են ընկել Հայաստանում նաև շինարարական մեծածավալ գործունեությամբ: VII դարում նրանցից Ներսեհ իշխանը Թալինում կառուցել է հայկական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Կաթողիկե եկեղեցին: Կամսարականներն են կառուցել նաև Մրենի տաճարը, Խծկոնքի Սուրբ Կարապետը:

Կամսարականների կառույց է նաև Ամբերդ բերդաքաղաքը:

Սակայն Կամսարականների գլուխգործոցը, ինչ խոսք, Անի բերդաքաղաքի հիմնադրումն էր, որ 961 թ. դարձավ Հայաստանի մայրաքաղաք և շենացավ Բագրատունիների ու Զաքարյանների օրոք:

Կամսարականների զինանշանը ցլակերպ է եղել, ցլի գլուխ է պատկերված նրանց դրոշին:

Հայաստանից տարագրվելով՝ Կամսարականների տոհմը չմարեց: Նրանք կենսունակ էին և վերադառնալով հայոց պատմության մեջ դարձյալ մեծ դերակատարությամբ հանդես եկան X դարից՝ կրելով Պահլավունի տոհմանունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: