Հայերեն   English   Русский  

Ընտրությունները քիթը խոթելու են նաև տնտեսական դաշտ


  
դիտումներ: 2041

Ինչպես հայտնի է, տնտեսության կարևոր նախապայմաններից մեկը կայունությունն է: Այս առումով ընտրություններն ու տնտեսությունը, կարելի է ասել, հակառակ բևեռներ են, քանի որ ընտրությունները ենթադրում են փոփոխություններ: Այսուհանդերձ, արդեն իսկ այդ փոփոխությունների սպասումները , ուզած թե չուզած, պայմանավորում են տնտեսական գործընթացներ:

Տնտեսության վրա ընտրությունների հնարավոր ազդեցությունը կարող ենք առաջին հերթին դիտարկել տնտեսական աճի տեսանկյունից: Եթե սովորական պայմաններում տնտեսական աճ ապահովելը իշխանությունների ու հատկապես գործադիր իշխանության գերնպատակն է, ապա քաղաքական այնպիսի բուռն զարգացումների ժամանակ, ինչպիսին ընտրություններն են, իշխանությունները, որոնք խիստ զբաղված են լինում ընտրություններով, տնտեսական աճ ապահովելուն ավելի քիչ ժամանակ են հատկացնում: Սակայն ռեսուրսները, որ տրամադրվում են նախընտրական արշավների իրականացման ընթացքում, սկսած տարբեր միջոցառումներից ու վերջացրած ընտրակաշառքներով, ենթադրում են ֆինանսական ծախսեր: Այսինքն՝ լրացուցիչ ֆինանսներ են մտնում շուկա, ինչը կարող է ազդել տնտեսական աճի վրա: Սա նշանակում է, որ շուկայում հայտնվելու է մեծ քանակությամբ դրամական զանգված, ինչը հանգեցնելու է որոշակի աշխուժացման:

«Կուսակցություններին կարելի է չափել նաև կամ համադրել իրենց ֆինանսական հզորության կշիռներով: Այսինքն՝ ինչքա՞ն հզորություն կամ կշիռ ունի կուսակցությունը: Նույն կուսակցական ընտրական ցուցակներում ովքե՞ր են ընդգրկված, ի՞նչ նյութական ռեսուրսների են տիրապետում: Այս առումով ակնհայտ է դառնում, որ ամբողջ քաղաքական գործընթացը, նաև այդ ֆինանսական ռեսուրսներ ունեցողների մասնակցությամբ, ապահովելու է լրացուցիչ միջոցների մուտք տնտեսություն: Բայց դա տեղի է ունենալու մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, իսկ հետո այդ էֆեկտը մարելու է: Ինչևէ, այդ ռեսուրսների մեծ հոսքը բնակչության մոտ, եթե դիտարկում ենք ընտրակաշառքի ցուցանիշի տեսանկյունից, ավելացնում են լրացուցիչ միջոցները»,- նշում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Երևույթը դիտարկենք առավել առարկայական: Համապետական վերջին մի քանի ընտրություններին մասնակցել է միջինը 1.5-1.6 միլիոն ընտրող: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները խոստանում են լինել, այսպես ասած, ամենաթանկը վերջին բոլոր ընտրական գործընթացներից, քանի որ կատաղի պայքար է սպասվում, փոխվել է ընտրակարգը, «խաղացողները» շատացել են, և բացի օրինական ճանապարհով կատարվող ծախսերից, նաև մեծ ընտրակաշառքների մասին են խոսում: Սակայն ընտրակաշառքների չափը ոչ ոք չի կարող հաշվել, ուստի եթե ենթադրենք, որ ընտրությանը մասնակցողների մոտ կեսին կբաժանվի 10-հազարական դրամ կաշառք, ապա խոսք կլինի 700-800 միլիոն դրամի մասին: Իհարկե, այս թիվը մեծ չէ, բայց էական է, քանի որ համատարած է և կանխիկ:

«Ազդեցությունը տնտեսության մեջ երկակի է: Սկզբում դա մտնում է տնտեսություն, բայց հետո մտածելու են մեխանիզմներ՝ դրանք վերադարձնելու համար: Սա՝ միանշանակ: Բայց եթե դիտարկում ենք դրանց ազդեցությունը տնտեսության վրա, պետք է դիտարկենք դրանց քանակական կողմը, որը բավականին դժվար է չափել: Կարծում եմ, որ տարբեր կուսակցությունների միջև առաջացել է վճարումների մրցակցություն, կազինոների լեզվով ասած՝ կոնն ով կհաղթի: Բայց գումարների մեծության մասին միայն խոսակցություններ են, ոչ թե ռեալ փաստեր, ուստի կարող ենք միայն ենթադրությունների լեզվով խոսել: Ինչևէ, ընտրակաշառքները բնակչության մոտ առաջացնում են լրացուցիչ միջոցներ, որոնք նրանք կարող են ուղղել իրենց առօրյա խնդիրների լուծմանը՝ սկսած նեղ սպառողական ապրանքների ձեռքբերումից և վերջացրած ուսման վարձերի վճարումներով, վարկերի ու պարտքերի մարումով: Սա ես համարում եմ տնտեսության համար ակտիվության ժամանակահատված, այսինքն՝ դա լրացուցիչ սպառողական ակտիվություն է, որը կարող է առաջացնել նաև գնաճ: Բայց եթե դիտարկենք սա ներդրումերի հարթությունում, չեմ կարծում, որ այդ ժամանակ ներդրումներ են արվելու»,- նշում է Վիլեն Խաչատրյանը:

Գնաճի կամ ապրանքների գների բարձրացման մասին խոսելը մի քիչ դժվար է, քանի որ գների բարձրացում սովորաբար տեղի է ունենում ընտրություններից հետո. այդ եղանակով առանձին տնտեսվարողներ փորձում են հետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Եվ քանի դեռ քաղաքական գործընթացների կուլմինացիան չի եղել, տնտեսության մեջ դիտարկվում է նաև որոշակի հապաղում: Եթե կան պոտենցիալ ներդրողներ, որոնք ուզում են ներդրումներ անել, դեռ սպասում են, որպեսզի կողմնորոշվեն, թե արժե՞ ընդհանրապես ներդրումներ անել, ի՞նչ ներդրում անել, ո՞ր ոլորտում և այլն, քանի որ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ կզարգանա տնտեսությունը և ընդհանրապես՝ երկիրը:

Ինչպես նշում էր տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ցանկացած ընտրություն իր մեջ որոշակի տնտեսական ռիսկեր է պարունակում, քանի որ ընտրությունը համակարգային փոփոխություն է, և բնական է, որ ցանկացած քաղաքական ուժ հավակնում է իր նախընտրական ծրագրով իշխանության, բնական է, որ այդ ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը հենց տնտեսությանը վերաբերող փոփոխություններն են, հատկապես՝ հարկային քաղաքականության, տնտեսության կարգավորման, ինստիտուցիոնալ կարգավորումների մասով:

Ընդ որում, կարելի է առանձնացնել երկու տիպի ռիսկեր՝ ներկուսակցական և միջկուսակցական: Միջկուսակցականը հետագայում դրսևորվում է հետընտրական զարգացումներով՝ ընտրությունների արդյունքների բողոքարկում, տարբեր ցույցեր, միտինգներ, անկայուն իրավիճակներ, ճնշումներ և այլն: Ներկուսակցական մակարդակում էլ ռիսկերը դրսևորվում են ազդեցության գոտիների, լծակների և ռեսուրսների վերաբաշխումով, որոշումների կայացման վրա ազդեցության ոլորտների փոփոխություններով և այլն: Նման ռիսկերի պայմաններում առաջանում են ժամանակահատվածներ, երբ ներդրողը որոշում չի կայացնում, ընդունում է սպասողական դիրք, որպեսզի հասկանա, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվելու:

Վիլեն Խաչատրյան

Այս երևույթը, ինչպես նշում է Վիլեն Խաչատրյանը, մեկ այլ դրսևորում էլ կարող է ունենալ. մինչև այդ ռիսկերի մարելը առկա է նաև կապիտալի արտահոսքի վտանգ: Որովհետև կապիտալը սիրում է շարժում, փողը պետք է գործի, որ նոր փող բերի, ոչ ոքի հաճելի չէ իր կապիտալը «քնեցնել» ինչ-ինչ պատճառներով: Ուստի շատերը կարող են նախընտրել իրենց կապիտալը դեպի այլ՝ ավելի ոչ ռիսկային վայրեր տեղափոխելու տարբերակը:

Այսպես թե այնպես, այս ամենը տնտեսության մեջ անհետևանք չի մնա: «Կարծում եմ, դա կազդի մարդկանց որոշակի հատվածի վրա, ովքեր կօգտվեն այդ ընտրակաշառքներից, ընտրական պրոցեսում ծախսվող այլ գումարներից ու միջոցներից: Բայց դա շատ կարճաժամկետ ազդեցություն կլինի: Ինչ վերաբերում է ավելի երկարաժամկետ ազդեցությանը, ապա հասարակության մոտ 20 տոկոսի վրա է դա ազդելու՝ վերին 20 տոկոսի, իսկ մնացածի կյանքում գրեթե ոչինչ չի փոխվի»,- նշում է Վիլեն Խաչատրյանը:

Բայց կա նաև մի վտանգ: Ընդհանրապես ընտրությունների ժամանակ շատերի մոտ պաշտոններ ստանալու, նոր դիրքեր զբաղեցնելու, որոշակի առավելություններից օգտվելու ակնկալիքներ են ձևավորվում: Եվ շատերն ընտրական գործընթացին հենց այս հաշվարկով են մասնակցում: Ու եթե ընտրություններից հետո փոփոխություններ չլինեն, մարդկանց ակնկալիքները չիրականանան, ընտրությունների ժամանակ «աշխատած» գումարներն էլ սպառվեն, ապա մեկ տարի հետո, Վիլեն Խաչատրյանի կանխատեսմամբ, նաև արտագաղթի նոր ալիքն է շատ հավանական:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: