Հայերեն   English   Русский  

​Եթե պատը չես կարող քանդել՝ իմաստ չունի գլուխդ խփել ու ջարդել. վարպետության դաս հաջողակ բիզնեսմենից


  
դիտումներ: 4769

Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներից մեկը մի անգամ ասաց՝ կարծես Աստված Հայաստանը ստեղծած լինի հատուկ տուրիզմով զբաղվելու համար: Մասնագետներն ասում են, որ Հայաստանում տուրիզմը լավ հեռանկարներ ունի: Եվ եթե այդ ոլորտը դեռ մեր երկրի տնտեսության առաջատարներից չէ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է, այլապես Հայաստանում հաջողությամբ չէին գործի շատ ու շատ հաջողակ տուրիստական ընկերություններ:

Այդպիսի ձեռնարկություններից է «Լոռե» զբոսաշրջային կազմակերպությունների հոլդինգը, որը հիմնվել է 2011 թ., բայց պաշտոնապես սկսել է գործել 2012 թվականից:

«Ինքս շատ եմ սիրում ճանապարհորդել, շատ եմ սիրում աշխարհի գեղեցիկ պատմամշակութային վայրերում լինել, միշտ նորություններ, նոր վայրեր բացահայտել: Ես մի կարգախոս ունեմ՝ աշխարհ ես գալիս՝ աշխարհ տեսնելու… Եվ տուրիզմում մի հետաքրքիր միտք կա՝ գուցե մեծ գումար չաշխատես, բայց տեսնես այն վայրերը, որոնք շատ գումարներով չկարողանայիր տեսնել: Եվ ես համոզվել եմ: Բացի այդ, կյանքում միշտ ունեցել եմ, չէի ասի երազանք, նպատակ՝ հյուրանոցային-ռեստորանային մեծ ցանց ունենալ, ու քանի որ դա հեշտ չի տրվում, որոշել եմ այդ նպատակի իրականացումը սկսել տուրիզմով»,- «Անկախին» պատմեց «Լոռե» զբոսաշրջային կազմակերպությունների հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Գևորգյանը:

Այսպես ահա նա որոշել է իր ճակատագիրը կապել տուրիզմի ոլորտի հետ, ու հետագա 6 տարիների ընթացքում ծնվել են բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր: Սկզբում ստեղծվել է «Լոռե թրեվըլը», որը 2012 թվականին մտավ շուկա՝ նախ վաճառելով արտագնա տուրեր, այնուհետև սկսեց սոցփաթեթներով զբաղվել և 2015 թ. դարձավ ամենաշատ սոցիալական փաթեթ սպասարկող կազմակերպությունը Հայաստանում: Քանի որ Գևորգյանն ու իր թիմը խնդիր էին դրել ոչ միայն արտագնա և ներքին, այլև ներգնա տուրիզմով զբաղվել, «Լոռե հոլդինգի» բազայի վրա 2014 թվականին ստեղծվեց «Վիզիթ Արմենիա» ապրանքանիշը, որը երկու բաղադրիչ ունի՝ կոմերցիոն և Հայաստանը ներկայացնող հարթակ: Այսպես, visitarmenia.travel հարթակի առաջին մասում Հայաստանի մասին մանրամասն տեղեկություններ են զետեղված՝ սկսած պատմությունից և վերջացրած տեսարժան ու ժամանցի վայրերով, իսկ երկրորդ հատվածն արդեն զուտ կոմերցիոն բնույթ ունի, որտեղ վաճառվում են ընկերության տուրերը, նաև ավտովարձույթ, տների ու բնակարանների վարձակալության, գիդերի ծառայության հնարավորություններ կան:

«Փորձել ենք ստեղծել մի պորտալ, որտեղ զբոսաշրջիկը կարողանա իր նախասիրություններին համապատասխան կատարել զբոսաշրջային պրոդուկտի գնում: «Վիզիթ Արմենիան» ուզում ենք առաջիկայում վերածել նաև հավելվածի, որպեսզի զբոսաշրջիկներն այն ներբեռնեն իրենց հեռախոսների կամ պլանշետների մեջ և այն իրենց ծառայի որպես վիրտուալ գիդ: Միջազգային շուկայում կան այդպիսի գիդեր, լուծումներ ու հավելվածներ, փորձում ենք պետության հետ համատեղ մշակել մեր պրոդուկտը: Ինքներս էլ, լինելով զբոսաշրջիկ տարբեր երկրներում, հաճախ տեղաշարժվում ենք այդ «mobile guide»-երի օգնությամբ: Դա անհատ տուրիստի համար շատ կարևոր է»,- ասում է Վլադիմիր Գևորգյանը:

Իր բիզնես գաղափարը Վլադիմիր Գևորգյանը սկսել է 12 քմ մակերեսով աշխատասենյակում, 2 հոգով՝ ինքը և մի աշխատակցուհի: Որպես նախնական ներդրում Գևորգյանն օգտագործել է իր տան համակարգիչը: Այդ ժամանակ նա աշխատում էր պետական հիմնարկում և ստանում էր ամսական 90 հազար դրամ աշխատավարձ, որից 40 հազար դրամը վճարում էր տարածքի վարձակալության համար, 40 հազար դրամը տալիս էր աշխատակցուհուն որպես աշխատավարձ և ինքը փորձում էր յոլա գնալ ընդամենը մնացորդ 10 հազար դրամով:

«Շատերը կարող են չհավատալ, բայց սկսեցի: Կամք, համառություն, աշխատասիրություն. դա տալիս է անպայման իր արդյունքը: Պետք է նաև նպատակասլացություն, որպեսզի աննահանջ գնաս դեպի նպատակիդ իրականացումը: Եվ դրանից հետո ընկնում ես հունի մեջ. ծանոթություններ, հանդիպումներ, շրջապատ, որ նաև բերում է իր արդյունքը»,- ժպտալով վերհիշեց Վլադիմիր Գևորգյանը:

Հիմա արդեն ընկերությունը, կախված սեզոնից, ունենում է մինչև 20 աշխատակից, 50 և ավելի գործակալ, մասնաճյուղեր ունի 6 մարզկենտրոնում, իսկ այս տարի նախատեսում են մասնաճյուղ-ներկայացուցչություն ունենալ Հայաստանի բոլոր մարզկենտրոններում: Սկզբում նրանց հաջողվում էր ամսվա ընթացքում 4-5 զբոսաշրջիկ բերել Հայաստան, բայց հիմա այդ թիվն այնքան է աճել, որ կարողանում են իրենց թույլ տալ այդքան մասնաճյուղեր ունենալ, այդքան աշխատակիցներ, տարածք և այլն: Վերջերս հղացել են ևս մի հետաքրքիր գաղափար, որ անգլերեն կոչվում է allhotels, թարգմանաբար՝ բոլոր հյուրանոցները:

«Մտածում էինք, որ Հայաստանում պետք է հյուրանոցների ամրագրման հարթակ լինի, քանի որ ինքներս էլ, լինելով զբոսաշրջային ընկերություն, փնտրելով հյուրանոցներ, հանդիպում ենք դժվարությունների, թե որ տարածաշրջանում ինչ հյուրանոց կա, տվյալ հյուրանոցում ի՞նչ պայմաններ և հարմարություններ կան: Ու այդ գաղափարը ծնվեց: Սկզբում, կարելի է ասել, դրան մոտենում էինք էնտուզիազմով, քանի որ չէինք պատկերացնում ամբողջ աշխատանքի ծավալը: Բայց հիմա, երբ արդեն մոտենում ենք այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ավարտին և նախագծի մեկնարկին, կարող ենք ասել, որ պատմական աշխատանք արեցինք. թող ամպագոռգոռ չհնչի»,- նշում է Գևորգյանը՝ շարունակելով ներկայացնել նախագիծը: Իրենք այսօր արդեն գիտեն, թե Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցներում ինչ կա, ասենք՝ կենդանի կարելի՞ է տանել, թե՞ ոչ, հետաքրքրող սենյակում թեյնիկ կա՞, թե՞ ոչ, էլ չասենք լողավազանի, մարզասրահի, թենիսի և այլ հարմարությունների մասին: Փաստորեն, այս համակարգում յուրաքանչյուր հյուրանոցի վերաբերյալ 150 կետով տեղեկատվություն է ներառված: Մեր զրուցակիցը պնդում է, որ կյանքը գնում է դեպի էլեկտրոնային իրականություն, և մի քանի տարի անց կենդանի տուրօպերատորը «կմահանա», քանի որ այսօր մարդիկ իրենց տուրերը, բոլոր ուղևորությունները պլանավորում են էլեկտրոնային եղանակով:

«Մենք այս ծրագրով փորձել ենք վերափոխվել, պատրաստվել առկա միտումներին: Պլանավորվածից 10-20 անգամ ավելի գումար ենք ծախսել, ահռելի ու անպատկերացնելի ծանր աշխատանք ենք կատարել, շատ դեպքերում լսել ենք քննադատություն, հանդիպել բազմաթիվ խոչընդոտների, հաճախ փորձել են խանգարել, թևաթափ անել, թե մեր ինչին է պետք, արդյոք արդյունավե՞տ էր և այլն: Բայց մենք այսօր ունենք մի արտադրանք, որի համար նաև ինչ-որ չափով կարող ենք հպարտանալ ու շուտով կարող ենք այն ներդնել նաև միջազգային հարթակներում»,- նշեց «Լոռե» զբոսաշրջային ընկերությունների հիմնադիր-տնօրենը:

Ճիշտ է՝ նա իրենց պատմությունը շատ թեթև է ներկայացնում, բայց շեշտում է՝ իրականում շատ դժվարություններ են եղել, այդ դժվարությունները միշտ կան: Ու չնայած ձեռքբերումներին, երբ այդ դժվարությունները հանդիպում են, գործարար ակտիվությունը կարող է հրապուրիչ չթվալ:

«Ինձ համար միշտ գլխավոր շարժառիթները եղել են իմ նպատակները, որոնք ես դրել եմ, իսկ հյուրանոցային և ռեստորանային ցանց ունենալն ինձ համար նպատակների նպատակն է: Եվ այդ ճանապարհին միշտ եղել են մի քանի կարևոր սկզբունքներ. առաջին՝ լինել արդար, ազնիվ, գործընկերների հետ փոխհարաբերությունները ստեղծել անկեղծության հարթության վրա և երբեք չկոտրվել, երբե՛ք, երբե՛ք: Որովհետև շատ հաճախ հաջողությունիցդ հետ ես կանգնում, երբ մնացել է ընդամենը մեկ քայլ, շատ դեպքերում կոտրվում ես կամ նահանջում ես, երբ ընդամենը կես քայլ է մնացել, բայց դու դա չէիր պատկերացնում: Ես ուզում եմ շեշտել՝ նպատակասլացություն, աշխատասիրություն, կամք, համառություն, ձգտում. այս հինգ բաղադրիչներն են, որ անպայման պետք է առկա լինեն: Երբ կարդում էի հայտնի հաջողակ մարդանց կյանքի ու բիզնես գաղտնիքների մասին, բոլորի մոտ կարմիր թելով անցնում էր չհանձնվելու, չնահանջելու գաղափարը: Երբեք չպետք է նահանջել ու կոտրվել, ուղղակի պետք է ճիշտ կառավարել, ճիշտ հաշվարկներով կազմել բիզնես-պլանն ու ռիսկի դիմել: Բայց ռիսկն էլ պետք է հավասարակշռված լինի: Որովհետև հաճախ որոշ մարդիկ ասում են՝ ռիսկի էլ դիմեցինք, բայց հաջողության չհասանք: Այո՛, երբեմն մարդիկ ռիսկի են դիմում, բայց նրանց ռիսկի անհաջողության հավանականությունը մեծ է լինում, քանի որ հավասարակշռված ու իրատեսական չի լինում: Եթե պետք է գլուխդ խփես պատին, բայց ակնհայտ է, որ պատը չես կարողանալու քանդել, ուրեմն իմաստ չունի գլուխդ ջարդել: Բայց դեպքեր կան, երբ պետք է ռիսկի գնաս, քանի որ շամպայն չես խմի, եթե դա չանես: Այդ արտահայտությունը հաստատ ճիշտ է»,- վստահեցնում է Վլադիմիր Գևորգյանը:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: