Հայերեն   English   Русский  

​«Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին». նոր գիրք և նոր խոսք հայ կնոջ մասին


  
դիտումներ: 7060

Այն, որ հայ կինը կարևոր դերակատարում է ունեցել ազգային, հասարակական կյանքի բոլոր առանցքային անցուդարձերում, անհերքելի է: Հայ կանայք ոչ միայն տան, օջախի սյունն են, այլև ազգի ու պետության, և դա պատմականորեն ձևավորված իրողություն է:

Կանայք նաև ազգային-ազատագրական շարժումների ակտիվ դերակատարներ են եղել դեռևս հին ժամանակներից, և շատերը գուցե զարմանքով ընթերցեն այն փաստերը, որոնք արտացոլված են 2016 թվականին լույս տեսած 2 անչափ կարևոր ու հետաքրքիր գրքերում՝ «Հայ հերոսուհի կանայք» և «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին»: Առաջին գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է, երկրորդը լույս է տեսել Էդիկ Մինասյանի և ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դասախոս Տաթևիկ Մինասյանի համահեղինակությամբ:

Գրքերը ստեղծվել են Էդիկ Մինասյանի մեծ տատի՝ հայտնի Ռպեի (Հռիփսիմե Հակոբյան) հերոսական կենսագրության ոգեշնչմամբ: «Երբ Սիմոն պապս պատմում էր իր Հռիփսիմե մոր մասին, հոգիս լցվում էր հպարտությամբ, բայց միաժամանակ մտածում էի, թե պապս գովաբանում է իր մորը՝ պատմելով նրա սխրագործությունների մասին, ինչպես կարող է անել յուրաքանչյուր մեկը՝ իր հարազատին ներկայացնելիս: Սակայն երբ կարդացի Ռուբենի (Տեր-Մինասյան) «Հայ յեղափոխականի մը յիշատակները» աշխատության հատորները և ընթերցեցի Շենիկի Մեծ եղեռնը վերապրածների հուշերը, համոզվեցի, որ պապս մի բան էլ դեռ համեստությամբ քիչ է պատմել հերոսուհի մոր մասին»,- ասում է Մինասյանը:

Ահա թե ինչ է գրում Սասունցի Մուշեղն իր հուշերում. «Ռպեն իշխանական ընտանիքից էր, Գրքեի Վարդանի հեղինակավոր ծանոթ տնից, Շաքեի քույրը: Այս տունը տարիների ընթացքում հեղափոխական իսկական օջախ էր, ուր Մ. Տամատյանը, Հրայր Դժոխքը, Գևորգ Չաուշը և Ռուբենը ապաստանում էին տարիներ ի վեր»:

1915 թվականին, չնայած ամուսնացած էր, զավակների տեր, միջին տարիքի կին էր, իր ուժն ու կորովը պահելով՝ Ռպեն կանանց խմբեր էր կազմակերպում և մասնակցում Ռուբենի գլխավորությամբ Սասունի մոտակա քրդական գյուղերի վրա կազմակերպված արշավանքներին՝ մեծ մասամբ ուտելիք ճարելու համար, մանավանդ որ փախստականների թիվը գնալով աճում էր: Ռպեն վիրավորների համար դեղեր էր պատրաստում մեղրով, անանուխով ու աղով, հոգատար մոր պես խնամում վիրավորներին ու հիվանդներին, քաջալերում ու հույս ներշնչում բոլորին: Անդոքի կռիվների ժամանակ դիրքից դիրք էր անցնում և իր հանդուգն ու խիզախ կռիվներով հետ մղում թշնամու գրոհները, հաճախ ինքն էլ կանանց խմբով գրոհում էր և ստիպում թշնամուն փախչել: Ցավոք, Սասունի վերջին ծանր կռիվների ընթացքում նա նահատակվում է:

«Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» գրքում լուսաբանվում են այդ ժամանակաշրջանում հայ ազգային-ազատագրական պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայուհիների կյանքն ու քաջագործությունները: Առանձին գլուխներով ներկայացված են 1850-1880-ական թվականներին հայ ազատագրական շարժման նվիրյալ հայուհիները, ապա հայ հերոսուհիները 1890-ական թվականների ինքնապաշտպանական մարտերում, հայուհիների հերոսական գործունեությունը 20-րդ դարասկզբի հայոց ազատամարտի տարիներին, հայդուկային (ֆիդայական) պայքարի և 1915-23 թթ. ինքնապաշտպանական հերոսամարտերի մասնակից հայուհիների սխրանքները:

Հայ կանայք

«Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել»,- գրված է գրքի առաջաբանում:

Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ դա համարել են անթույլատրելի: Հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Այնուամենայնիվ օրհասական պահերին հայ կինը երբեք կրավորական համբերություն ցույց չի տվել, ընդհակառակը՝ գիտակցելով մարտնչել է: Նշված իրողության ակնառու ապացույցներից է Ռուբինյանց Հեթում սպարապետի կնոջ՝ Զարմանուհու օրինակը: 1363 թ., երբ Սիս մայրաքաղաքը պաշարվեց, նա իր ամուսնու կողքին Ադանայի դաշտում կռվելու ժամանակ իր ձեռքով սպանեց մամլուք զորավար Էոմերին: Ռուբինյանների անկումից հետո, երբ ամուսինը դավադրաբար սպանվեց, Զարմանուհի տիկինը իր զավակի՝ Գևորգի հետ ապաստանեց Կոկիսոնի և Ուլնիայի լեռներում: Հինգ տարի աստանդական կյանք վարելուց հետո ի վերջո հա-ջողվեց 300 քաջ լեռնականների հավաքել իր դրոշի ներքո: Ապա գլխավորելով նրանց՝ հերոս հայուհին հարձակվեց թուրքերի վրա, խլելով Կապանը` ամրացավ այնտեղ՝ ցույց տալով, որ ազատատենչ հայ կնոջ ոգին երբեք չի կարող ընկճվել»:

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարում աչքի է ընկել կին զինատար հայդուկ Ծաղիկը (Սաթենիկ Արղությանը): Նա զինակցել է Դերիկի վանքի հայդուկների հետ, մասնակցել է նաև Դերիկի 1894 թ. ինքնապաշտպանական կռիվներին և զենքի փոխադրմանը: Զենքի փոխադրման գործում մեծ դեր է խաղացել նաև Ուզունլուծի (Յոզղաթ) հերոսուհի Գոհարիկ Մարգարյանը: 1890-1908 թթ. Գոհարիկն ամենատարբեր միջոցներով և մեթոդներով զենք ու զինամթերք է տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ անգամ ջահերի մեջ թաքցնելով դրանք: Այդ ջահ-թաքստոցներից մեկը պահպանվել է և այժմ Երևանի Զորավար Անդրանիկի անունը կրող ֆիդայական շարժման թանգարանում է:

Կին հայդուկներից հայտնի են եղել նաև Հայո-Հայաստանը, Սաթո Օհանջանյանը, Սատան Սիմեյանը, Գայլ Շահենը, Խազալը, Մավին, Աղավնի Վարպետյանը, Սրբոն, Սևոն, Իսմոն և ուրիշներ, որոնց գործունեության մասին, ցավոք, դարձյալ քիչ բան է մեզ հասել:

Փոքր Հայքի ֆիդայիներից և Արամի մտերիմ գործընկերներից էր Սեբաստիայի Թոտորակ գյուղից Էլմաս Դարբինյանը (Մալեմզյան), որին կոչել են «Հորքուր». «Հնչակյան բոլոր խմբապետները գիտեին, թե ով է Հորքուրը, և ինչ է անոր դերը»,-փաստագրել է ժամանակակիցը:

«Դեռևս 19-րդ դարի 70-80-ական թվականներին Թիֆլիսում մի շարք հայ օրիորդներ հանդես են եկել իրենց զորեղ անհատականությամբ և քաջություն ունեցել ոչ միայն արհամարհելու այն ժամանակվա հայ հասարակական նեղմիտ հայացքները, այլև մի կողմից կարողացել են պայքարել կնոջ իրավունքների համար, մյուս կողմից հայ տղամարդու կողքին և նրա հետ համահավասար մասնակցել մշակութային աշխատանքներին, նաև հայ հասարակական-հեղափոխական գործերին, ազգային ազատագրական պայքարին»,- գրքի առաջաբանում գրում են հեղինակները:

Այդ հայրենասեր օրիորդների մեջ հեղափոխական, հայոց ազատագրական շարժման աշխատանքների կազմակերպման ասպարեզում առաջնության պատիվը պատկանում էր Թամարա Ադամյանին (1862-1889): Նրա որդեգրած գաղափարները ունեցան իրենց հետևորդները, որոնց թիվը աստիճանաբար ավելի ու ավելի շատացավ: Թ. Ադամյանը և նրա հեղափոխական ընկերները ևս համոզված էին, որ Արևմտյան Հայաստանի ազատագրումը միայն զենքի ուժով է հնարավոր ձեռք բերել: Եվ քանի որ բոլորն էլ պետք է հայրենիք վերադառնային՝ էապես նվիրվելու ազատագրական պայքարին, ուստի անհրաժեշտ էր, որ զինավարժությամբ զբաղվեին: Թամարան առաջնակարգ զինավարժ էր և մեծ եռանդով էր մասնակցում խմբային զինավարժության փորձերին, որոնք ընթանում էին Թիֆլիս քաղաքից դուրս` Ստացմինդա կոչված լեռան մոտակայքում:

Հայ կանայք

19-րդ դարի 2-րդ կեսի ազատագրական շարժման նշանավոր հայուհիներից էին Նատալյա Ամիրխանյան-Մուրադյանը, Սրբուհի Գալֆայանը, Սրբուհի Երիցյանը և ուրիշներ:

«Ինքնապաշտպանական դյուցազնամարտերում հայուհիները ոչ միայն հայտնվել են առաջապահ կռվողների դիրքերում, այլև զենք, զինամթերք, սննդամթերք ու ջուր են մատակարարել կռվողներին: Նրանք օգնել են և աջակից եղել հայ անվեհեր ու քաջակորով տղամարդկանց, պաշտպանել նրանց թիկունքը: Նրանք ակտիվորեն մասնակցել են հայդուկային կռիվներին, զինատար խմբերի աշխատանքներին, ստանձնել են հետախույզի վտանգավոր և պատասխանատու գործը, անցնելով թշնամու թիկունքը` անհրաժեշտ ու կարևոր տեղեկություններ են բերել կռվողներին: Շատ դեպքերում հայ կինը թշնամու ձեռքը չընկնելու համար գերադասել է ինքնասպանություն գործել: Նման դեպքերը հայոց հերոսամարտերի պատմության մեջ բազմաթիվ են»,- ասում է Մինասյանը:

Սույն աշխատությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարում հայ կնոջ հերոսական գործունեության ուսումնասիրության առաջին փորձերից է: Բազմաթիվ արխիվային նյութերի և հրապարակում առկա գրականության հիման վրա հանգամանորեն ներկայացված է 19-րդ դարի երկրորդ կեսին ազատագրական պայքարի շրջանում հայուհիների հասարակական-քաղաքական, կրթական-մշակութային կյանքի ոլորտներում կատարած ակտիվ աշխատանքը: Ցույց է տրված ազատագրական շարժումը կրող սերնդի գաղափարական դաստիարակության գործում հայ կանանց խաղացած դերը: Բացահայտված է համիդյան ջարդերի և դրան հաջորդող շրջանում հայ կնոջ` հայկական ինքնապաշտպանական մարտերում մինչև վերջ կռվելու և հայրենիքի ազատության համար զոհաբերվելու պատրաստակամությունը:

«Անկախն» առանձին-առանձին կներկայացնի այդ հերոսուհի կանանցից յուրաքանչյուրի կենսագրությունն ու սխրագործությունները իր հետագա հրապարակումներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: